HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է. Փաշինյանը՝ Դավոսի քննարկմանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ինչպես տարածել Եվրոպայի ազդեցությունը»-ը խորագրով պանելային քննարկմանն է մասնակցել։

Փաշինյանին հարցրել են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների մասին։ Վարչապետը հայտնել է՝ մեծ է հավանականությունը, որ ԱԺ-ն կհաստատի ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենքը։ Սա, Փաշինյանի խոսքով, ֆորմալ առումով կսկսի Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացը։

«Ինչո՞ւ ենք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Քանի որ մենք ժողովրդավարություն ենք: Երբ դու ժողովրդավար ես, ուզում ես լինել ավելի մոտ կամ ժողովրդավարության հիմնական հոսքում, քանի որ հակառակ դեպքում դա անտրամաբանական կլիներ:

Փաշինյանի խոսքով` վերջին տարիներին «ահռելի փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունեցել Եվրամիության հետ մեր հարաբերություններում»։ Խոսելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից` Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու ԵՄ-ն կկարողանան ավարտել և ստորագրել վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։

Վարչապետը կարևորել է նաև Եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում Հայաստանի ներգրավված լինելն ու ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել ԵՄ-ին նաև տնտեսապես։ «Բայց մյուս կողմից մենք ուզում ենք մեր տարածաշրջանի երկրների հետ էլ տնտեսական առումով ավելի մոտ լինել: Որովհետև, ցավոք, մեր անկախության սկզբից մենք տնտեսական մեկուսացման մեջ էինք, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ էին և փակ են»,- նշել է նա։

Վարչապետը խոսել է նաև «խաղաղության խաչմերուկի» մասին։ 

Ներկայացնելով «խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը` Փաշինյանը նշել է, որ ծրագիրը «տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, նոր տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու մասին է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ», նրա խոսքով` ծրագիրը կխորացնի Հայաստանի համագործակցությունը Իրանի և Վրաստանի հետ:

Փաշինյանի խոսքով` ծրագիրը նաև շահավետ է ԵՄ-ի համար։ «Սա նաեւ ԵՄ-ի մասին է, որովհետեւ եթե այս ծրագիրն իրականություն դառնա, մենք կունենանք նոր շղթայական երթուղիներ Հայաստանով Եվրամիության համար»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է նաև ծրագրի անվտանգության բաղադրիչի մասին` նշելով, որ այն ընդհանուր կայունության և անվտանգության համար շատ կարևոր գործոն է:

«Բայց, իհարկե, այս նախագիծը կաշխատի այն դեպքում, երբ մենք կարողանանք կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, ինչը, ցավոք, հիմա այդպես չէ»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին` նա ասել է. «Սովորաբար ինձ մարդիկ հարցնում են՝ ես դրական, թե՞ հոռետեսական եմ նայում այս հարցին։ Ես ուզում եմ ասել, որ ես ո՛չ լավատես, ո՛չ էլ հոռետես եմ, ես պրագմատիկ եմ։ Ուղղակի հասկացեք, որ մենք պետք է աշխատենք այնքան, մինչև լուծենք առաջադրանքը։ Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից, պետք է կենտրոնանք նպատակի վրա և աշխատենք առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց մեզ նաև պետք է միջազգային հանրության աջակցությունը և հուսով եմ, որ կստանանք այդ աջակցությունը»։

Պանելային քննարկման ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե ինչպես է նա պատրաստվում նավարկել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարածաշրջանային տարբեր խաղացողներ առաջնորդվում են «եթե ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» քաղաքականությամբ։

«Գիտեք՝ հենց դրա համար էլ մենք որոշել ենք ընդունել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Սա նշանակում է, որ մենք փորձելու ենք ստեղծել բալանս ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ պետությունների մեր տարբեր հարաբերությունների մեջ։ Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունները։ Արդեն նշեցի, որ փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը հասնել։ Իհարկե, սա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց իսկապես մենք «կասկածելիորեն» թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների մասով։ Մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, թե ինչ ենք անում մյուս գործընկերների հետ»,- ասել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter