HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ է հանդես եկել։

«Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել  մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև, իհարկե, անդրադառնալ, վերլուծել, կիսվել միջազգային օրակարգի և տարածաշրջանային օրակարգերի վերջին իրադարձություններով, ընկալումներով։ 

Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ մեր երկու երկրների պատրաստակամությունն էականորեն խորացնել մեր հարաբերությունները մի շարք ոլորտներում, որոնք առանձնացրել ենք: Մեր քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է միշտ եղել: Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր շփումները հիմնականում կայացել են բազմակողմ հարթակներում, և, իհարկե, այս տեսանկյունից ևս այս երկկողմ այցը շատ կարևոր է։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ համագործակցության ծրագիրը:

Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով։ 

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։ Այս առումով շատ կարևոր, ուշագրավ և հետաքրքիր է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս: Հուսով ենք, որ առաջիկայում այս և մյուս ծրագրերը հնարավորություն կունենան իրականություն դառնալու, ինչպես նաև երկրների, գործարարների, բիզնեսի և հասարակ մարդկանց համար նոր հնարավորություններ կստեղծեն։

Ուզում եմ առանձնացնել ԹՈՒՄՈ կենտրոնը, որի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ինչպես մի շարք երկրներ, մայրաքաղաքներ, քաղաքներ, այնպես էլ ղրղզական համապատասխան գերատեսչությունը:

Գործընկերոջս ներկայացրել եմ մեր տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և, ինչու ոչ, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում: 

Վստահ եմ, որ այս այցը կօգնի փոխել մեր հարաբերությունների եթե ոչ որակը, ապա գոնե ինտենսիվությունը, և կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզ այցի համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter