
ՄԻԵԴ-ը դատավոր Սուրեն Անտոնյանի գործով կասկածի տակ է դրել ԲԴԽ կազմում Կարեն Անդրեասյանի անաչառությունը
Այսօր՝ 2025թ. հունվարի 23-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վճռաբեկ դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի գործով Հաաստանի դեմ վճիռ է կայացրել: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Սուրեն Անտոնյանին վճարել 5020 եվրո, որից 3600-ը ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը գտել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2023թ. հունվարի 26-ին դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնանի լիազորությունները՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել: Ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել:
Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես էր եկել այդ ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Քանի որ ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով հանդես է գալիս որպես դատարան, և նրա որոշումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն, Սուրեն Անտոնյանը միանգամից դիմել է ՄԻԵԴ:
Լիազորությունները դադարեցված դատավորն իր գանգատում բարձրաձայնել է արդար դատաքննության իրավունքի խախտումը՝ ոչ միան այդ ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ընտանիքների բիզնես, այլև նշված երկու պաշտոնյաների ընկերական կապերի պատճառով: Երբ Կարեն Անդրեասյանը եղել է Արդարադատության նախարար, Գրիգոր Մինասյանը եղել է նրա տեղակալը: Բացի այդ, Սուրեն Անտոնյանը հարց էր բարձրացրել ԲԴԽ ոչ դատավոր անդամների առաջադրման և ընտրության վերաբերյալ, որ վերջիններս ընտրվել են իշխող խմբակցության պատգամավորների կողմից՝ առանց հակակշիռների: ՄԻԵԴ-ն այդ մասով որևէ խնդիր չի տեսել, սակայն կասկածի տակ է առել Կարեն Անդրեասյանի անաչառությունը՝ Անտոնյանի կարգապահական գործով, որպես ԲԴԽ նախագահ:
ՄԻԵԴ-ը նշել է, որ գործընկերային և անձնական կապերին վերաբերող բոլոր փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է եկել մասնագիտական հարաբերություններից: Հետևաբար, նման հարաբերությունների բնույթը կարող էր կասկածներ առաջացնել Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ: Հաշվի առնելով նման իրավիճակի կարևորությունը, այն պետք է բացահայտվեր վարույթի սկզբում և գնահատական տրվեր՝ հաշվի առնելով տարբեր գործոնները։
«Սա կարևոր ընթացակարգային երաշխիք է, որն անհրաժեշտ է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ անկողմնակալության նկատմամբ համարժեք երաշխիքներ տրամադրելու համար»,- նշել է ՄԻԵԴ-ը՝ հավելելով, որ նույնիսկ, եթե Կ. Անդրեասյանի և Գ. Մինասյանի միջև բացակայել է ուղղակի ֆինանսական կապը, ապա նրանց ընկերական կապը և Անդրեասյանի կնոջ ու Մինասյանի ընդհանուր բիզնես շահերը պետք է ազդանշան լինեին, որ Անդրեասյանի անաչառությունը կարող էր կասկածի տակ դրվել: Այդ նկատառումով ԲԴԽ-ն պետք է լրջորեն քններ Սուրեն Անտոնյանի միջնորդությունը՝ Կարեն Անդրեասյանի ինքնաբացարկ հայտնելու մասին, ինչը տեղի չի ունեցել:
ՄԻԵԴ-ը նշել է, որ Ս. Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով Կարեն Անդրեասյանի ազդեցությունը մեծ է եղել: ԲԴԽ-ն չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված։ Բացի այդ, Անտոնյանին բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։
Նշենք, որ Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը, «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի սեփականատերերից է: Ընկերությունը, որը ստեղծվել է 2012թ. մայիսին, ունի իրական երկու շահառու՝ Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը և Եվա Առաքելյանը՝ համապատասխանաբար 60 և 40 տոկոսի չափով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած Եվա Առաքելյանի գույքի, եկամուտների, շահերի հայտարարագրի համաձայն՝ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում ունեցած մասնաբաժնի մի մասը նվեր է ստացել Գրիգոր Մինասյանից՝ ընկերության գրանցումից օրեր անց:
Մեկնաբանել