HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Բանգկոկում օդի աղտոտվածության պատճառով ավելի քան 350 դպրոց փակվել է

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում օդի աղտոտվածության պատճառով երեկվանից 350-ից ավելի դպրոց փակվել է: Խոսքը քաղաքի դպրոցների ավելի քան 80%-ի մասին է, որոնք 31 վարչական շրջաններում են գտնվում։ Կորոնավիրուսի համավարակից հետո դպրոցները նման մասշտաբներով չէին փակվել։ Այս մասին հաղորդում է Bangkok Post-ը։

Երեկ Բանգկոկի օդում փոշու մանր մասնիկների (PM2.5) խտությունը հասել է 108 մկգ/մ³։ Այս մասնիկները շուրջ 30 անգամ փոքր են մարդու մազի տրամագծից և չափազանց վտանգավոր են առողջության համար: Սրանք կարող են ներթափանցել մարդու շնչառական համակարգ և անցնել արյան մեջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է, որ 24-ժամյա միջին ցուցանիշը չպետք է գերազանցի 15 միկրոգրամը:

Բանգկոկի քաղաքային իշխանության որոշմամբ՝ այսօրվանից հասարակական տրանսպորտը մեկ շաբաթ կլինի անվճար։ Այս քայլով փորձ է արվում կրճատել տրանսպորտային հոսքը քաղաքի փողոցներում՝ նվազեցնելով վնասակար արտանետումների ծավալը: Իշխանությունները հորդորում են մարդկանց աշխատել տնից:

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին խոսակցությունները։ Ըստ ԱՀԿ-ի՝ Հայաստանի օդում PM2.5-ի մակարդակը 9 անգամ բարձր է սահմանային թույլատրելի արժեքից։

Այս պահին միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների ու Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված տվյալները ցույց են տալիս օդի աղտոտվածության միջին մակարդակ, որը վտանգավոր է զգայուն խմբերի համար։ Դեկտեմբերի սկզբին Երևանի օդում փոշու մանր մասնիկների (PM2.5) խտությունը հասել էր 90 մկգ/մ³-ի։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter