
Եվ ինչ. Լեւոն Սարգսյանին անձեռնմխելիությունից կզրկե՞ն
Ազգային ժողովի կուլիսներում քննարկվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Սարգսյանի (մականունը՝ Ալրաղացի Լյովիկ) հետագա ճակատագրի հարցը: ՀՀԿ-ից ոչ ոք բացահայտ չի ասում, որ Լեւոն Սարգսյանին այլեւս չեն ուզում տեսնել իրենց շարքերում, սակայն մամուլը չի դադարում գրել հակառակի մասին:
Լեւոն Սարգսյանը վերջերս որոշ թերթերի ուշադրության կենտրոնում է տարբեր քրեական գործերի համատեքստում: Նախ՝ նրա անունը շոշափվեց մեքենաների ներմուծման ժամանակ թույլ տրված ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների, ապա կապվեց Հայաստանի մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման հետ: Իսկ մայիսի 5-ին մաքսանենգության մեղադրանքով կալանավորվեց պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահը՝ «Գդըռ» մականունով հայտնի Արմեն Սարգսյանը:
Այս ամենը հաշվի առնելով է, որ հիշյալ լրատվամիջոցները եզրակացնում են՝ գլխավոր դատախազը հավանաբար շուտով կդիմի ԱԺ՝ պատգամավոր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:
ԱԺ նիստերին Լեւոն Սարգսյանը ընդհանրապես չի հաճախում: Նրա հետ կապ հաստատելը գրեթե անհնար է, քանի որ ՀՀԿ խմբակցության գործավարուհիները նույնիսկ վերջինիս օգնականի հեռախոսահամարը չգիտեն: Ու դեռ հարց է` պատգամավորն օգնական ունի՞:
Ինչու՞ Լեւոն Սարգսյանը չի գալիս խորհրդարան եւ ինչպե՞ս եք վերաբերում մամուլի նշյալ հրապարակումներին: Հարցի առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքին» ասաց, թե Լեւոն Սարգսյանը Ազգային ժողով չի գալիս, որովհետեւ պատճառներ ունի:
«Կարելի է ԱԺ-ի աշխատակազմից հարցնել պատճառները, որովհետեւ համապատասխան հիմնավորումներ կան: Ինչ վերաբերում է մամուլում արծարծվածին, դրանք կանխակալ լուրեր են, եւ ես չեմ կարծում, որ Լեւոն Սարգսյանը որեւէ խնդրի հետ` այդ իմաստով, կարող է կապ ունենալ»,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Սարգսյանին առաջիկայում անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ էլ Գալուստ Սահակյանն ասում է, թե մոտ օրերս նման բան չի լինել, «որովհետեւ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն արդեն ավարտվել է»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելում է նաեւ, որ Լեւոն Սարգսյանի հետ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ երբեմն ունենում է:
Նույն խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ ասում է, թե չի կարող ասել` Լեւոն Սարգսյանն այս պահին Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվել է:
Ըստ Շարմազանովի` պաշտոնապես տեղեկություն չունեն, որ Լեւոն Սարգսյանն անձեռնմխելիությունից կզրկվի, եւ կարծում է, որ իրավական բոլոր խնդիրները պետք է լուծեն իրավապահները:
«Իսկ թե ինչու Լեւոն Սարգսյանը Ազգային ժողով չի գալիս, երեւի ճիշտ կլինի հարցնեք պարոն Սարգսյանից, Ազգային ժողովի ղեկավարությանը, քանի որ կան պատգամավորներ, որ հարգելի պատճառներով չեն գալիս»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
2010թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱԺ բոլոր` 183 քվեարկություններից Լեւոն Սարգսյանը բացակայել է, եւ դրանցից միայն 157-ն է համարվել հարգելի: Նա չի մասնակցել նաեւ այս տարվա փետրվարի 64, իսկ մարտի 43 քվեարկություններին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել