HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն սառեցնում է միջազգային օգնության ծրագրերի ֆինանսավորումը

Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է միջազգային օգնության ծրագրերի գրեթե ամբողջական սառեցման մասին։ 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոր հուշագրով բոլոր ավագ պաշտոնյաներին հրահանգել է համոզվել, որ «օրենքով թույլատրված առավելագույն չափով օտարերկրյա օգնության նոր պարտավորություններ չեն ստանձնվի»։ 

Ըստ հուշագրի` ժամանակավոր սառեցումը գործելու է առնվազն երեք ամիս։ Առաջին 85 օրվա ընթացքում Ռուբիոն պետք է որոշում կայացնի՝ շարունակել, փոփոխել կամ ընդհանրապես դադարեցնել միջազգային օգնության ծրագրերը։  

ԱՄՆ-ն աշխարհում ամենամեծ օգնություն տրամադրող երկիրն է։ 2023 թվականի ֆինանսական տարում այն տրամադրել է 72 միլիարդ դոլարի օգնություն։  

Մարդասիրական կազմակերպությունները անմիջապես արձագանքել են այս որոշմանը և մտահոգություն են հայտնել, որ որոշումը կարող է նպաստել գլոբալ անկայունությանն ու վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր։

 «Սա խելագարություն է»,– ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախկին պաշտոնյա Ջերեմի Կոնինդիկը Reuters-ին տված հարցազրույցում։ «Սա մարդկանց կսպանի։ Ես նկատի ունեմ, եթե դա իրականացվի այնպես, ինչպես գրված է այդ հուշագրում, շատ մարդիկ կմահանան»։  

Օքսֆամ Ամերիկայի ղեկավար Աբի Մաքսմանը մեկնաբանել է այս որոշումը. «Օտարերկրյա զարգացման օգնությունը դադարեցնելով` Թրամփի վարչակազմը սպառնում է ճգնաժամային իրավիճակում գտնվող համայնքներին և դրանց ապագային»։ 

Օգնության ծրագրերի ժամանակավոր դադարեցումը չի վերաբերում Իսրայելին և Եգիպտոսին՝ ԱՄՆ-ից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկրներին։ 

Ուկրաինայի համար նման բացառություն հուշագրում նշված չէ։

Գլխավոր լուսանկարը՝ Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter