
Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի մեկ ուղևորության արժեքը 150 դրամ սահմանելու հարցը
Երևանի ավագանին հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ կանցկացնի։ Ավագանին կքննարկի տրանսպորտային փաթեթներին վերաբերող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկը, ըստ որի՝ ուղևորներին հնարավորություն կտրվի մեկ ուղևորության համար ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերել 150 դրամով։ Տոմսը հնարավոր կլինի օգտագործել մեկ անգամ 3 օրվա ընթացքում։
Բացի այդ, Ավինյանի առաջարկով այն անձինք, ովքեր հունվարի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ ձեռք կբերեն «30 օր», «90 օր» կամ «365 օր» տրանսպորտային փաթեթները, հնարավորություն կստանան ուղևորությունները կատարել մեկ ամիս ավել ժամկետով։ Այսինքն, եթե ձեռք բերեք, օրինակ «30 օր» փաթեթը, կարող եք ուղևորություններ կատարել փաթեթի ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում։ Սակայն, խոսքը միայն մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերված փաթեթների մասին է։
Առաջարկվող փոփոխությամբ 150 դրամ սակագինը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Ինչպես ավելի վաղ նշել էր Տիգրան Ավինյանը, 150 դրամ սակագինը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով, և «միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»։
Ընդամենը մեկ օր առաջ Երևանի քաղաքապետը հայտարարել էր՝ հետ քայլ չի լինի։ Արդեն այսօր Ավինյանն իր տեսաուղերձում շնորհակալություն հայտնեց երևանցիներին առաջարկությունների, մեկնաբանությունների, քննադատությունների համար՝ նշելով, որ ինքն անձամբ լսում է երևանցիներին, կարդում է նամակներն ու մեկնաբանությունները։ Ըստ քաղաքապետի՝ իրենց նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար։
Տիգրան Ավինյանի առաջարկած ավագանու որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հասարակական տրանսպորտի շարժակազմի ձեռքբերումն անհրաժեշտ է առկա հնամաշ տրանսպորտային միջոցների փոխարինման, արդյունավետ, անվտանգ և հարմարավետ ուղևորափոխադրում իրականացնելու համար։
«Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի փուլային ձևով իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարևորվում է ոչ միայն հասարակական տրանսպորտի փոխարինմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այլ դրան զուգընթաց՝ հասարակական տրանսպորտի սպասարկմանն ուղղված բարեփոխումների ամբողջական ծրագրի իրականացումը, այն է՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը»,- ասված է որոշման նախագծում։
Մեկնաբանել