
Լիազորությունները դադարեցված Ալեքսեյ Սուքոյանը դատավորի կենսաթոշակ չի ստանա
Ալեքսեյ Սուքոյանը 1999թ․ հունվարից մինչև 2023 թվականի հունվարի 30-ը պաշտոնավարել է տարբեր դատական ատյաններում՝ որպես դատավոր։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Սուքոյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։ 2023թ․ ապրիլին արդեն նախկին դատավորը դիմում է ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոն՝ իրեն հասանելիք կենսաթոշակը ստանալու խնդրանքով։
Դիմելու հաջորդ ամսին նրա հաշվեհամարին փոխանցվել է 260 հազ․ դրամի չափով գումար՝ որպես կենսաթոշակ, մինչդեռ Ալեքսեյ Սուքոյանի հաշվարկով այն պիտի կազմեր մոտ 512 հազ․ դրամ։ Նա խնդրել է պարզաբանել իրեն տրամադրած 260 հազ․ դրամի հաշվարկման իրավական հիմքը և բանաձևը։ Ստացված պատասխանի դիտարկմամբ՝ Սուքոյանը գտել է, որ իր կենսաթոշակը սխալ է հաշվարկվել, և դիմել է վարչական դատարան՝ թոշակը հաշվարկելու և պակաս վճարված գումարները ստանալու պահանջով։
Միասնական սոցիալական ծառայության դիրքորոշումն այն է, որ նախկին դատավորի աշխատանքային ստաժը եղել է 24 տարի 25 օր, դրա հիման վրա էլ կենսաթոշակի չափը հաշվարկվել է 260 հազ․ դրամ։ Բացի այդ, հաշվի առնելով պաշտոնից ազատվելու հիմքը՝ էական կարգապահական խախտումը, կենսաթոշակի չափը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հիմքով հաշվարկելու և կենսաթոշակը վերահաշվարկելու իրավական հիմքերը ևս բացակայում են:
Վարչական դատարանը 2024թ․ ապրիլին բավարարել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը կենսաթոշակը հաշվարկել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համապատասխան կարգավորումներով, ինչպես նաև վճարել ոչ իրավաչափ հաշվարկման արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը։
Միասնական սոցիալական ծառայությունը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին բավարարել է բողոքը՝ բեկանելով ստորադաս դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Վարչական դատարանի դիտարկումը, որ դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են, բոլոր դեպքերում ունի դատավորի համար սահմանված կենսաթոշակի իրավունք, չի բխում նորմով ամրագրված իրավական կարգավորումից, քանի որ նման մեկնաբանման դեպքում անորոշ է մնում, թե ինչու է օրենսդիրը հատուկ ընդգծել դատավորի լիազորությունների դադարեցման՝ դատավորի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերը։ Այլ խոսքով, եթե դատավորի համար սահմանված է կենսաթոշակի իրավունք այդ անձի լիազորությունների դադարեցման բոլոր դեպքերում, ապա ինչու է տարբերակված հատուկ ամրագրվել, որ կենսաթոշակի իրավունք ունի նաև դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած այն անձը, որի լիազորությունները դադարեցվել են դատավորի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ օրենսդիրը հստակորեն ուղենշել է այն հիմքերը, որոնցից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված՝ դատավորի լիազորությունների դադարեցման կամ դադարման դեպքում տվյալ անձը ձեռք է բերում դատավորի համար սահմանված կենսաթոշակի իրավունք։ Այսինքն, եթե դատավորի լիազորությունները դադարեցվել է կարգապահական խախտման հիմքով, այլ ոչ թե խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, նրա նկատմամբ չի կարող կիրառվել կարգավորումները։
«Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր,երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հօդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսեյ Սուքոյանի որդին՝ Արթուր Սուքոյանը։
Նշենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։
Լուսանկարում՝ Ալեքսեյ Սուքոյանը
Մեկնաբանել