
Ռուսաստանում 18-ամյա ազգությամբ հայ ակտիվիստին դատապարտել են 7 տարվա ազատազրկման
Ռուսաստանում դատարանը «Ձախ սոցիալիստական գործողություն» շարժման 18-ամյա ակտիվիստ, ազգությամբ հայ Գագիկ Գրիգորյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ զինվորականի սպանության նախապատրաստման գործով, հայտնում է Mediazona-ն։
Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական գործունեության հինգ հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչական գործողության նախապատրաստում և դավաճանություն։ Դատարանը երիտասարդին արդարացրել է միայն մեկ մեղադրանքով՝ զենքի մաքսանենգություն։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ, լրատվամիջոցներին թույլ են տվել ներկա գտնվել միայն վճիռի հրապարակմանը։
Հունվարի 17-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև մի խումբ ռուսաստանցիներ ակցիա էին կազմակերպել ի աջակցություն Գագիկ Գրիգորյանի։
Գրիգորյանի գործի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2023 թվականի աշնանը, այն ժամանակ նա 17 տարեկան էր։ Մոտ վեց ամիս երիտասարդի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր։ Ավելի ուշ Գրիգորյանը հայտնաբերվել է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում խցակցի շնորհիվ։
Մեղադրանքների մանրամասները հայտնի են դարձել միայն 2024 թվականին, երբ ակտիվիստը գրել էր, որ իրեն մեղադրում են ռուսական բանակի փոխգնդապետին լիկվիդացնելու գործընթացը նախապատրաստելու համար։
Ռուս իրավապաշտպանների հաղորդմամբ, ո՛չ ուժայինները, ո՛չ էլ պետական լրատվամիջոցները Գրիգորյանի գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն հրապարակել, ինչը կարող է վկայել շինծու գործի մասին։
Ըստ ծնողների՝ Գագիկը 2022 թվականին 16 տարեկան հասակում դարձել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական երիտասարդության միության խորհրդի անդամ։ Նա նաև մասնակցել է «Ձախ սոցիալիստական գործողություն» շարժմանը և օգնել է անկախ թեկնածուներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Գագիկի համախոհները, ընկերներն ու հարազատները մեղադրանքը ամբողջությամբ շինծու են համարում։
Մեկնաբանել