
Ոստիկանական անպատիժ բռնություններ
Լոռու մարզի բնակիչ Վրեժ Մկրտումյանն ընկերոջ հետ 2021թ. հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էր Ուկրաինայի Հանրապետությունից ժամանած ծանոթին ու կեսգիշերին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհով տուն էին գնում։
Նույն ժամանակ, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք Տաշիր քաղաքում ավազակություն էին կատարել: Դեպքը բացահայտելու և հանցանք կատարած անձանց հայտնաբերելու նպատակով Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցել էին ուժեղացված ծառայության։
Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ծառայություն էին իրականացնում Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը, օպերատիվ գծով տեղակալ Վահրամ Խաչատրյանը և անձնակազմի գծով տեղակալ Սարգիս Վահրադյանը: Ժամը 04:40-ի սահմաններում, Ստեփանավանի բաժնի պետն ու երկու տեղակալները ճանապարհին կանգնեցնում են պատահական ընթացող ավտոմեքենան, որում Վրեժ Մկրտումյանն էր՝ իր ծանոթի եւ վարորդի հետ, և պահանջում, որ բոլորը դուրս գան ավտոմեքենայից:
«Դիմացից ոստիկանների մեքենան մոտիկանում է, բայց ոստիկանական ոչ մի տարբերանշան չի լինում դրա վրա: Կանգնացնում են, միանգամից պահանջում են ավտոմեքենայից դուրս գալ, միանգամից արդեն ագրեսիվ ձևով, առանց ներկայանալու։ Քաղաքացիական հագուստով են լինում իրենք, արդեն միանգամից պետի ձեռքին զենքն է լինում, տեղակալներն էլ շատ վատ, կոպիտ ձևով սկսում են հարցեր տալ՝ որտեղից եք, ինչ եք, երեք հոգով են իրենք իջել մեքենայից»,- պատմում է Վրեժը:
Ըստ նախաքննական մարմնի նյութերի՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը, իրեն հատկացված հաշվեցուցակային զենքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակը ձեռքին, մոտեցել է ավտոմեքենայի վարորդին, իսկ նրա տեղակալներ Վահրամ Խաչատրյանը և բաժնի պետի տեղակալներից Սարգիս Վահրադյանը մոտեցել են Վրեժ Մկրտումյանին:
Վահրամ Խաչատրյանը, մատնացույց անելով ավտոմեքենայի մեջ գտնվող օդորակիչը, Վրեժ Մկրտումյանին հարցրել է, թե ինչ է դա: Վրեժ Մկրտումյանը փորձել է ճշտել, թե ինչ նկատի ունի, այնուհետև, ընկալելով հարցի իմաստը՝ անմիջապես պատասխանել է՝ «կոնդիցիոներ»: Վրեժի հարցը զայրացրել է Վահրամ Խաչատրյանին եւ նա ասել է, որ հարցին հարցով չպատասխանի: Ապա բարձրաստիճան ոստիկանը բռունցքով հարվածել է Վրեժի գլխին:
«Ո՛չ դիմադրել ենք, ո՛չ էլ ավել ինչ-որ բան ենք ասել, իրանք խոսացել են, հարց են տվել, պատասխանել են իրանք իրանց հարցին, ու արդեն հարվածը եղել ա։ Դեպքից անցել է ահագին ժամանակ՝ մոտավորապես երկու տարի, մինչև հիմա իմ համար անակնկալ ա, չեմ հասկացել, թե ինչի համար ա այդքան բանը եղել: Դաժե դատերի ժամանակ ես չեմ լսել իրանցից այդ պատճառը։ Մոտավոր բացատրում են, որ խուլիգանություն է եղել, երեք հոգով խուլիգանություն են արել այդ գիշեր, կասկածել են մեզ։ Բայց ինձ թվում ա՝ կասկածելը շատ քիչ ա, որովհետև մարդու հետ այդպես չեն վարվում, ոնց որ իրանք վարվեցին»,- ասում է Վ. Մկրտումյանը:
Քաղաքացիական ավտոմեքենայի դիմապակու մոտ տեղադրված է եղել ընթացքը տեսաձայնագրող տեսախցիկ, որն աննկատ է մնացել բարձրաստիճան ոստիկանների աչքից: Նրանց բռնարարքը տեսաձայնագրվել է: Այդ ընթացքում բաժնի պետը, ատրճանակը ձեռքին, քայլել է ավտոմեքենայի առջևով՝ որևէ ձևով չմիջամտելով իր ենթակաների բռնի գործողություններին։
Սարգիս Վահրադյանի և Վահրամ Խաչատրյանի մասով մեղադրական եզրակացությունը Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել 2023թ. մարտին՝ դեպքից մոտ 1,5 տարի անց: Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ արարքում հանցակազմ չեն տեսել: Գործից անջատված մասով դեռեւս քննություն է կատարվում: Թե ինչ են քննում՝ նախաքննական գաղտնիք է:
Տեղակալների գործը մոտ երկու տարի է՝ քննվում է դատարանում։ Վրեժ Մկրտումյանն այլևս չի մասնակցում դատական նիստերին, նրա փոխարեն դատարան է գնում ներկայացուցիչը: Տուժողն ի վիճակի չէ ամեն դատական նիստի վերհիշել կատարվածը և տեսնել անպատիժ մնացած անձանց:
«Իմ պահանջը եղել է ներողություն խնդրելը, ես իրանց հարց եմ տվել, ասել եմ՝ այդքան բանը եղել ա, ներողություն խնդրեք հանգիստ խղճով գնամ, ասել են՝ չէ։ Ասել են՝ թուղթ ու գրիչ կարող ենք տալ, բողոքդ գրես, այն ձևով են ասել, որ ոչ մի բան էլ չի լինելու մեր համար, սաղ նորմալ ա, ոչ մի բան չի եղել, քեզ ոչ մեկ չի խփել, հանգիստ գնացեք։ Օրենքի մարդիկ օրենքը խախտում են ու օրենքով էլ պիտի պատժվեն, ես ուրիշ բան չեմ ուզում։ Խախտել են, ուրեմն պետք է պատժվեն։ Ես չեմ ուզում խուսափեն, որովհետև տեղեկություններ ունեմ, որ այդ մարդիկ իմ դեպքից հետո էլի մարդ են ծեծել, պռոստը տվյալ մարդը չի բողոքել։ Այդ դեպքերը քչացնելու համար ես մինչև վերջ գնալու եմ։ Չգիտեմ, իրանց նման մարդիկ պետք չի, որ աշխատեն ոստիկանական համակարգում։ Իրանք օրենքը պաշտպանելու համար են, քաղաքացուն օգնելու համար են նախատեսված, այլ ոչ թե մարդ ծեծելու համար»,- ասում է Վրեժ Մկրտումյանը:
Հայաստանում տարեկան միջինում 180 հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ: Նախաձեռնված քրեական վարույթների միայն 1,8%-ն է հասնում դատարան, մնացած վարույթները կարճվում են, կամ ճակատագրերը՝ մնում անհայտ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքական դիրքով, զբաղեցրած կշռով է պայմանավորված, թե որ գործերին առաջնահերթություն կտրվի։
2018-2024թթ. առաջին վեց ամիսներին 1167 նման հաղորդում է ներկայացվել։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 1112 քրեական վարույթ: Սակայն, վերջին 6,5 տարվա ընթացքում միայն 20 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Այդ հաղորդումների հիման վրա հիմնականում նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն գործերը դատարան գրեթե չեն հասնում: Իսկ դատարանում գործերի քննությունը տարիներով ձգվում է, և տուժողներն այլևս չեն ցանկանում իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Սա ցույց է տալիս, որ պետությունը բավարար ջանք չի գործադրում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնությունները կանխելու, կատարվածը բացահայտելու և պատժելու միջոցով նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Բռնության զոհ դարձած շարքային քաղաքացիներին առնչվող գործերը ոչ միայն երկար են քննվում՝ մաշեցնելով նրանց նյարդերը, այլև շատ հաճախ ճիշտ քրեաիրավական գնահատականի չեն արժանանում: Վրեժ Մկրտումյանի փաստաբանը պնդում է՝ դատարանի առջև կանգնած ոստիկանների արարքը ճիշտ չի որակվել: Ոչ թե լիազորությունների անցում է տեղի ունեցել, այլ խոշտանգում: Բողոքարկել են հնարավոր ատյաններում, սակայն՝ ապարդյուն։
«Պրակտիկան ոչ միայն այս գործով է խնդիր, այլ համակարգային է, որ խոշտանգումների գործերն արդյունավետ չեն քննվում, որը հանգեցնում է անպատժելիության»,- ասում է Վ. Մկրտումյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Բռնության դեպքերով իրականացվում է ծառայողական քննություն, որը դարձալ անարդյունավետ է։ Վերջին 6.5 տարվա ընթացքում միայն 2019թ․-ին է ծառայողական քննությամբ հիմնավորվել 2 ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու հանգամանքը։ Նրանք ազատվել են աշխատանքից՝ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
Վրեժ Մկրտումյանի դեպքը միակը չէ, երբ քաղաքացու նկատմամբ բռնություն կատարած իրավապահներն անպատիժ են մնացել:
Իրավապահները հերքում են իրավապաշտպանների պնդումները, որ բռնության, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի գործերի ելքը մեծ մասամբ պայմանավորված է արարքը թույլ տված անձի դիրքով, իշխանությունների հետ փոխհարաբերություններով։ Ասում են՝ իրենց համար կարևոր են անհերքելի ապացույցները: Մենք ուսումնասիրել ենք երկու գործ, որոնցում, որպես անհերքելի ապացույց, տեսաձայնագրություն է եղել: Տուժող պաշտոնյայի՝ Ազգային ժողովի այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքում գործը դատարան է հասել քրեական վարույթ նախաձեռնելուց մեկ ամիս հետո, իսկ շարքային քաղաքացի Վրեժ Մկրտումյանի դեպքում, ինչպես տեսանք՝ 1,5 տարի հետո: Երկու պարագայում էլ դեպքի վերաբերյալ տեսանյութը եղել է հիմնական ապացույցը:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության դեպքը բացառիկ է: Քննչական վարչությունից մի քանի մետր հեռավորության վրա, դիմակավորված անձինք նրան իջեցրել են ոստիկանական ավտոմեքենայից, բռնություն գործադրել, նվաստացման փորձ արել ու դարձյալ նստեցրել ավտոմեքենան: Անցել են ամիսներ, սակայն մինչ օրս դեպքը չի բացահայտվել:
2024թ. ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը Երևան քաղաքի հանրային տրանսպորտում վիճաբանել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ նրան անվանելով «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա»:
Միջադեպի օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվել Վարդանյանը ձերբակալվել է: Նույն օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Սամվելին հարցաքննել են։ Կեսգիշերին մոտ ավարտվել են քննչական գործողությունները, և երկու ուղեկցող ոստիկաններն ավտոմեքենայով մոտեցել են՝ Սամվելին տեղափոխելու ձերբակալվածների պահման վայր:
Վարչության շենքից ավտոմեքենաները դուրս են եկել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, քանի որ այլ մուտք չունեն: Այդ տարածք ազատ ելումուտ անել հնարավոր չէ՝ անցակետ է գործում: Այսինքն՝ առանց թույլտվության կողմնակի անձ չէր կարող հայտնվել այդ տարածքում։
«Մեքենան դուրս է եկել, աջ է արել, ձախ, աջ, ձախ, ձախ, որտեղ պետք է աջ աներ, որ դուրս գար Ազատության պողոտա, աջ չի արել, ձախ են արել դրա փոխարեն: Արդեն այն հատվածն է, որտեղ դեպքը տեղի է ունեցել: Այդ հատվածում մութ էր, այդ հատվածում կամերաներ չկային, ենթադրում եմ՝ 200-300 մետր շառավղով կենդանի շունչ չի եղել: Այսինքն՝ անտեսանելի հատված էր, սեփ-սև մթություն էր, կամերա չկա, մարդ չկա, վստահաբար իմացել են՝ ուր են տանում»,- պատմում է Սամվել Վարդանյանը:
Տարածքը լուսավորված չի եղել: Երբ Ոստիկանության Կենտրոն բաժնի՝ Սամվելին ուղեկցող քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններն ավտոմեքենան կանգնեցրել են և միասին գնացել իբր բնական կարիքները հոգալու, Սամվելը փորձել է հասկանալ, թե որտեղ են գտնվում: Նկատել է, որ ընդհանուր տարածքից փողոց դուրս չեն եկել: Սովորաբար, ձերբակալված անձին տեղափոխող ոստիկանները նրան միայնակ չեն թողնում ավտոմեքենայում և հեռանում: Տարօրինակ է նաև, թե ինչպես է ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիք հոգալու անհրաժեշտություն առաջացել:
«Հասկացա, որ շինություն է, ձախ էի նայում, իրենք էլ ձախ գնացին, ուզում էի նայել՝ ուր են գնում: Առնվազն նորմալ չթվաց, որ երկու-երկու դուրս եկան մեքենայից՝ ինձ թողելով: Ես իրենց էի նայում, երևի 3-4 վայրկյան հետո աջ կողմից դուռը բացվեց, դիմակով ինչ-որ մեկը հայհոյանքներով՝ արի ասեմ ու հայհոյանք, այդ ժամանակ մեկ հոգի էր, ես փորձեցի ընդդիմանալ, նստած տեղում քարանալ, ձգվել, ի՞նչ կարող էի անել այդ վիճակում, այդ պահին երկրորդը մոտեցավ՝ էլի դիմակով՝ սև ամբողջովին, ու արդեն երկուսով քաշեցին: Տեսա երրորդն է կանգնած: Իջացրին ինձ, գցեցին գետնին, մի քանի մետր քարշ տվեցին, բարձրություն կար մի քիչ, դա անցկացրին ու խոտեր էին»,- ասում է Սամվել Վարդանյանը:
Խոտերի մեջ դիմակավորված անձինք դարձյալ հայհոյանքներ են հնչեցրել և հարվածել Սամվելին, սակայն՝ ոչ ամբողջ ուժով և ոչ ինտենսիվ, որպեսզի հետքեր չթողնեն: Սամվելին ուղղված կոնկրետ պահանջ չի հնչել։
«Հետո ինչ-որ մեկն այդ պահին ասաց՝ շալվարը: Ես շոկային վիճակում էի, որ ասացին շալվարը, ու ինչ-որ մեկն անընդհատ բերանս էր փորձում փակել, այդտեղ հասկացա, որ բժշկական ձեռնոցներ կան հագին: Ես արդեն հասկացել էի, որ սա անմարդաբնակ տարածք է, եթե անգամ կարողանայի գոռալ, դժվար թե…մի պահ եղել է, որ ես կարողացել եմ բարձր բղավել ու վստահ եմ, որ քիչ հեռվում բնական կարիքները հոգացող ոստիկանները լսել են իմ գոռոցը: Հետո, որ ասաց շալվարը, դրանից հետո ասաց՝ փայտը: Ես կարծում եմ, որ դա հստակ մեսիջ էր ուղղակի, դեմոնստրատիվ, որ հաջորդ անգամ այդպես չես պրծնելու: Փայտը վերցրին, ոտքերիս արանքն ուղղակի պահեցին ու հետ հանեցին: Շալվարը բարձրացրին իրենք: Այդ ամբողջ ընթացքում իմ ձեռքերը հետևում ձեռնաշղթայված էին»,-նշում է Սամվելը:
Ձեռնաշղթայված Սամվելին խոտերի միջից, ձեռքերը բռնած, անցկացրել են եզրաքարի վրայով ու գցել գետնին՝ վնասելով ճակատը: Իր խոսքով, այստեղ արդեն ոչ միայն հայհոյանքներ են հնչել, այլեւ փորձել են նսեմացնել, խոցել արժանապատվությունը: Սամվելը կասկածներ ունի, որ այդ ամենը տեսանկարահանվել է չորրորդ անձի կամ գուցե ուղեկցող ոստիկանների կողմից, որոնք գնացել էին իբր բնական կարիքները հոգալու։
Նկարագրվածից հետո դիմակավորված անձանցից մեկը բացել է ոստիկանական մեքենայի դուռն ու Սամվելին գցել մեքենայի մեջ: Մի քանի վայրկյան անց եկել են ուղեկցող ոստիկանները: Տեսնելով, որ Սամվելը կիսապառկած վիճակում է ավտոմեքենայի մեջ ու ուժեղ հևում է, հեգնանքով հարցրել են. «Ի՞նչ ա եղել, նոր լավ էիր»: Տարածքից շատ չհեռացած՝ ոստիկանական մեքենան կանգնել է, ոստիկաններից մեկը եկել է Սամվելի մոտ ու շարունակել են ճանապարհը դեպի ձերբակալվածների պահման վայր:
Տեղ հասնելուց հետո շտապօգնություն է ժամանել: Սամվելը բժիշկ չի պահանջել, ենթադրում է, որ ուղեկցող ոստիկաններն են հրավիրել, քանի որ նման խոսակցություն է լսել՝ «կարո՞ղ ա շտապօգնություն կանչենք»: Բժիշկները նկատել են Սամվելի ճակատի վնասվածքը, սակայն նա չի ասել, թե ինչ է կատարվել, նշել է, թե ընկել է: Դեռեւս շոկային վիճակում՝ Սամվելը վստահ չի եղել, որ ճշմարտությունը պատմելու դեպքում իր հետ նույնը չի կրկնվի ձերբակալվածների պահման վայրում:
«Եթե ես եղել եմ ոստիկանական ավտոմեքենայում, ինձ ուղեկցել են ոստիկանները: Ենթադրում եմ, որ եղել եմ պետության պահպանության ներքո, ու ինձ հետ նման բան է կատարվել, ու ես վստահ եմ, որ ինձ ուղեկցող ոստիկանները հանցակից են հանցագործությանը՝ խոշտանգմանը: Ես ինչքանո՞վ վստահ լինեի, որ ՁՊՎ-ի ոստիկանները չեն գործում իրենց հետ ու ավելի վատ չի լինի ինձ համար, եթե ես փորձեմ բարձրաձայնել: Ես առաջին իսկ մարդուն, ում վստահել եմ, եղել են ընդդիմադիր պատգամավորները, ովքեր ինձ առավոտյան այցելել են, իրենց ասել եմ այդ մասին: Ես բացարձակ չեմ վստահել ոստիկաններին, անգամ շտապօգնությանը, դրա համար չեմ բարձրաձայնել»,- պատմում է Ս. Վարդանյանը:
Ի տարբերություն պատգամավոր Հակոբ Ասլանյանի, որը տուժող է ճանաչվել ավտոբուսի միջադեպի իսկ օրը, Սամվելին բռնության ենթարկելու գործով վարույթը նախաձեռնվել և նա տուժող է ճանաչվել դեպքից 3 օր անց՝ ապրիլի 18-ին: Սամվելն առերեսվել է ուղեկցող ոստիկանների հետ: Վերջիններս հերքել են կատարվածը, կարիքները հոգալու նպատակով ավտոմեքենայից դուրս գալը։
«Եթե փորձեն հետապնդել ուղեկցող ոստիկաններին, կծիկը բացվելու է: Իսկ կծիկը որ բացվի, բնականաբար տանելու է դեպի պաշտոնատար անձինք։ Իրենք դա չեն անի վստահաբար»,-ասում է Սամվել Վարդանյանը:
Սամվել Վարդանյանի փաստաբանները նրա խոշտանգման մասին իմացել են 2024թ. ապրիլի 16-ի առավոտյան՝ ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանից:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվելին մեղադրել են խուլիգանություն կատարելու մեջ, ինչը չի ենթադրում կալանք, սակայն կարճ ժամանակ անց մեղադրանքը լրացրել, խստացրել են՝ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելը, որն ավելի ծանր հանցագործություն է և կալանք է նախատեսում: Սամվելին կալանավորել են: Այս գործողությունները շատ արագ են կատարվել, փոխարենը գրեթե տեղից չի շարժվում Սամվելի նկատմամբ բռնության գործը:
Քրեական վարույթ նախաձեռնվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի՝ գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված հաղորդման հիման վրա: Մինչդեռ դրանից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսից իրավապահներին արդեն հայտնի էր դեպքը: Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի համար տարակուսելի է, որ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, առաջին հերթին՝ երկու ուղեկցող ոստիկանների, քանի որ նրանք նախաքննական մարմնի տրամադրության տակ են:
«Նրանց հետ տեղի ունեցան առերեսումներ, նախաքննական գաղտնիքից ելնելով՝ նրանց անունները չեմ տա, բայց, մեր տեղեկություններով, երկուսն էլ դեպքից հետո ունեցել են ծառայողական առաջխաղացում»,- հավելում է Ռ. Մելիքյանը:
«Հետքը» պարզել է, որ Սամվել Վարդանյանին ուղեկցել են ՆԳՆ աշխատակիցներ Միքայել Գարաքյանը և Հրանտ Իսկանդարյանը: Ներքին գործերի նախարարությանը խնդրել ենք հայտնել, թե այդ ծառայողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցրել Սամվելի դեպքի օրը և դրանից հետո: Տեղեկատվություն չի տրամադրվել՝ գաղտնիքի պատճառաբանությամբ: Այս գաղտնիքը հետագայում կարող է թանկ արժենալ պետության համար, եթե ներպետական ատյաններում պատշաճ քննություն չիրականացվի, և գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանը Սամվելի խոշտանգման հետևում քաղաքական գործոն է տեսնում։ Ռուբեն Մելիքյանը սպառնալիք է համարում պատգամավորի հետ միջադեպից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, որ կպատժեն։ Այդ գրառումը տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջով։
«Այսինքն, դա իշխող կուսակցության դիրքորոշումն էր։ Թե ինչպես պատժեցին՝ մենք տեսանք»,- նշում է Ռուբեն Մելիքյանը:
Վերջին տարիներին, երբ ավելի շատ է խոսվում խոշտանգումների կանխարգելման, բացահայտման, ընդհանրապես՝ անթույլատրելիության մասին, խոշտանգումներն ու բռնությունները նոր դրսևորումներ են ստանում։
«Եթե նախկինում ոստիկանական ուղեկցող գումարտակի վերահսկողության ներքո գտնվող անձի խոշտանգում մենք չենք արձանագրել, Սամվել Վարդանյանի դեպքով եղել է ուղեկցող գումարտակի վերահսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անթույլատրելի խոշտանգման դեպք, որը, կարելի է ասել, աննախադեպ է։ Միևնույն ժամանակ՝ բացահայտելիության բավական ցածր մակարդակ։ Դիտարկվում է իրավիճակ, թե ուղեկցող գումարտակը չի տեսել, չգիտի, չի կարող ասել՝ ովքեր են եղել և այլն։ Մյուս կողմից, դիտարկվում է այնպիսի ամենաթողություն, որ կարելի է ենթադրել՝ դա կատարվել է հենց Ոստիկանության ամենաթողության և թույլատրելիության շրջանակներում»,- ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Իրավապահների կողմից բռնություններ կիրառվում են ոչ միայն քաղաքական ակտիվ շրջանում՝ բողոքի ակցիաների, հավաքների կամ զանգվածային այլ միջոցառումների ժամանակ, այլև առօրյայում: Տուժողները տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ են՝ ընդդիմադիր պատգամավորից մինչև շարքային քաղաքացի և փաստաբան:
Վերջին 2 տարվա ընթացքում 3 փաստաբան է ծեծվել Ոստիկանության բաժիններում։ 2023թ․ փետրվարի 9-ին փաստաբաններ Էմանուել Անանյանին և Մարզպետ Ավագյանին ծեծել են Ոստիկանության Էրեբունու բաժնում՝ իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը պաշտպանելիս։ Իսկ նույն տարվա հունիսի 7-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ: Այս դեպքերի կրկնությունը ստիպեցին փաստաբաններին բողոքի եռօրյա ակցիաներ ու գործադուլ իրականացնել:
Ոստիկանները չեն վարանում և ծեծում են նույնիսկ ընդդիմադիր պատգամավորներին, որոնք անձեռնմխելի են:
2024թ. մայիսին, ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ, ոստիկանները ծեծել և բռնի ուժով բաժին են տեղափոխել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին: Այդ կադրերը հրապարակվել են, սակայն իրավապահները նույն ջանասիրությունը չեն դրսևորել ինչպես իշխանական պատգամավորի դեպքում՝ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով։
Պետությունը բավարար ջանք չի գործադրում՝ բռնություն կիրառած իրավապահներին պատասխանատվության ենթարկելու: Երբեմն բռնություն գործադրողները խրախուսվում են՝ պատժվելու փոխարեն, ինչը հանգեցնում է բռնության դեպքերի կրկնության:
Խոշտանգումը բացարձակ արգելք է մարդու իրավունքների համատեքստում։ Հայաստանը միջազգային պարտավորություններ է ստանձնել խոշտանգումների դեմ պայքարելու: Մինչդեռ խոշտանգման գործերի քննության արդյունավետությունը բավական ցածր է։ Դա նշանակում է, որ կանխարգելման մեխանիզմները պատշաճ չեն գործում։
«Մի կողմից՝ պետությունը պատրաստակամություն է ցուցաբերում այդպիսի մեխանիզմների ներդրման՝ տարբեր կառույցներում։ Մյուս կողմից՝ քննչական մարմիններում մենք չենք տեսնում պատշաճ, արդյունավետ և համակողմանի քննություն։ Միևնույն ժամանակ, այն անձինք, ովքեր անմիջականորեն խոշտանգումներ իրականացնողներն են, ստանում են պաշտոնի բարձրացում։ Դա նշանակում է՝ մենք չունենք ոչ միայն քաղաքական կամք, այլև այդ ռեսուրսն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ի շահ համակարգի»,- ասում է Զ. Հովհաննիսյանը:
2024թ. հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ օգտագործեց ցույցը ցրելու համար։ Բախումների հետևանքով 100-ից ավելի մարդ տուժեց։ Այդ դեպքերից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահը խորհրդարանում արդարացրին Ոստիկանության գործողությունները: Քաղաքական կամ պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կողմից բռնությունն արդարացնող հայտարարությունները, թեկուզ՝ անուղղակի, «կանաչ լույս» են բռնություն կիրառող իրավապահների համար։
Գլխավոր դատախազությունը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերի աճի մի շարք պատճառներ է նշում՝ դրանք ներկայացնելով վիճակագրության մեջ, որտեղ կորչում է մարդկային պատմությունն ու խեղված ճակատագիրը:
«Քրեական դատավարության մեր օրենսգիրքը, որը 2022թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ, տալիս է հանցագործությունների մասին ստացված հաղորդումների քննարկման համար առավելագույնը 24 ժամ ժամանակ։ Այդ ժամանակահատվածն այնքան նվազ է, որ ստացված հանցագործությունների մասին հաղորդումները ստուգելու, դրանց իսկության մեջ հավաստիանալու հնարավորություն իրավապահ մարմիններն, ըստ էության, չեն ունենում»,-ասում է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վազգեն Ավետիսյանը, որն այժմ զբաղեցնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Ստանալով նման հաղորդումներ՝ իրավապահները պարտավոր են անմիջապես վարույթ նախաձեռնել, որը բերում է քրեական վարույթների թվի աճի, սակայն քննության ընթացքում այլ հանգամանքներ են պարզվում:
Վազգեն Ավետիսյանի խոսքով՝ կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնց ազդեցությամբ դեպքերը կարող են նվազել և չի բացառվում, որ բռնության և խոշտանգման որոշ դեպքեր մնան չբացահայտված։ Հնարավոր է՝ Ոստիկանության ծառայողները ենթադրաբար խոշտանգումը կատարեն իրենց աշխատասենյակներում, որտեղ տեսանկարահանող սարքավորումներ չկան, ինչպես նաև՝ չկան ակնհայտ բռնության նշաններ:
Թեև ուժային մարմիններում ծեծի, խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումները շարունակվում են, սակայն պետությունը չի շտապում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Կան բաժիններ, որտեղ տեսաձայնագրությունները չեն պահպանվում: Տեսախցիկներ տեղադրված են, սակայն անցուդարձը ցուցադրվում է միայն օնլայն եղանակով, և տեսաձայնագրությունները չեն արխիվավորվում: Այդպես է եղել նաև Սամվել Վարդանյանի դեպքում՝ քննչական բաժնից դուրս գալիս չի եղել տեսաձայնագրություն, որպեսզի համեմատեն՝ ինչ վիճակում է նա մտել քննչական բաժին ու այնտեղից դուրս եկել, և ինչպես է մուտք գործել ձերբակալվածների պահման վայր:
Ինչու՞ են բռնությունները շարունակվում Ոստիկանության համակարգում: Բարեփոխումների նպատակով ծախսվող հսկայական միջոցներն ինչու՞ արդյունք չեն տալիս:
«Այստեղ նաև պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիր կա, որովհետև պաշտոնատար անձը պարտավոր է լինել զուսպ, պարտավոր է չտրվել սադրանքներին և հնարավորինս քիչ ֆիզիկական շփման մեջ մտնել հանցանք կամ իրավախախտում կատարած անձանց հետ և ապահովել, որպեսզի որևէ պարագայում չկարողանան իրեն մեղադրել իր լիազորություններն անցնելու մեջ, եթե, իհարկե, նման դրվագներ չկան»,- ասում է Վազգեն Ավետիսյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում գրեթե միշտ հատուկ անդրադարձ է կատարվում իրավապահ մարմինների, հատկապես ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառմանը, բռնությանը, խոշտանգումներին: Առաջարկվում է իրականացնել պատշաճ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ երաշխավորելով պատասխանատվության անխուսափելիությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հաստատում են՝ տարիներ շարունակ թե՛ Ոստիկանության, թե՛ իրավապահ մարմիններում բռնությունների, խոշտանգումների դեպքերի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ, ահազանգեր են ունեցել: Իրավապահ համակարգում բռնությունը վաղ ժամանակներից է, իսկ պատճառները բազմաթիվ են՝ ոչ պրոֆեսիոնալիզմից մինչև լիազորություններին չտիրապետելը:
«Շատ դեպքերում ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Ոստիկանության ծառայողը, ունենալով օրենքով իրեն վերապահված բազմաթիվ լիազորությունների գործիքակազմ, սկսում է փողոցային բանավեճի մեջ մտնել մյուս կողմի հետ։ Ստացվում է ոչ թե ոստիկան-իրավախախտ հարաբերություն, այլ նույն հարթության վրա ստեղծված իրավիճակ, որը ևս վկայում է մեր ոստիկանության ծառայողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Շատ են նաև դեպքերը, երբ Ոստիկանության կողմից ուժ կիրառելը պայմանավորված չի եղել անձին բերման ենթարկելու հանգամանքով: Անձը գտնվել է Ոստիկանության վերահսկողության ներքո, պարզապես նրա նկատմամբ կիրառվել է ոչ համաչափ ուժ»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը դատարաններում գործերի քննության վրա ներազդելու որևէ լծակ չունի, դիտարկումները կատարվում են միայն նախաքննության ժամանակ:
«Եթե չեմ սխալվում, խոշտանգման դեպքերով կայացված մեղադրական դատավճիռները շատ չեն: Իհարկե, մտահոգիչ է, և այդ մտահոգությունները մենք մեր զեկույցներում, տարեկան հաղորդումներում արտահայտել ենք: Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ այդ պատժի անխուսափելիության և պատասխանատվության զգացումը յուրաքանչյուր ոստիկան իր գործունեության ընթացքում զգա և գիտակցի, որ ցանկացած նման ոչ իրավաչափ գործողության դեպքում հետագայում պատասխանատվության միջոց է կիրառվելու իր նկատմամբ»,- ասում է Ա. Մինասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանները փոխվում են, սակայն զեկույցների բովանդակությունը գրեթե չի փոխվում: Բռնությունը շարունակում է տեղ գտնել իրավապահ համակարգում և նորանոր դրսևորումներով ի հայտ գալ:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Գլխավոր նկարը՝ Տիրայր Մուրադյանի
Մեկնաբանել