HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակում օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածողը ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՂԲ-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ, բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար ՂԲ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի խումբ օտարերկրացիներ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ էին երգում Արցախի մասին։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, որոնք Հայաստանում գտնվել են 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2025-ի հունվարի 3-ը:

Լուսանկարը՝ էկրանակադր տարածված տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter