
Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 օտարերկրացի ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 21։32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:
Պարզվել է կատարողների ինքնությունը։
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել