HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը փակում են USAID-ը

Իլոն Մասկն այսօր առավոտյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որը տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ավելի քան 100 երկրների՝ իրականացնելու հումանիտար, զարգացման և անվտանգության ծրագրեր:

«Այս ամենը հնարավոր չէր լինի առանց նախագահի լիակատար աջակցության: USAID-ի վերաբերյալ ես մանրամասն քննարկում ունեցա նրա հետ, ու նա համաձայնեց, որ մենք պետք է փակենք այն», - ասել է Մասկը X Spaces-ի քննարկման ժամանակ: «Եվ ես մի քանի անգամ հարցրի նրան՝ համոզվա՞ծ եք: Նա պատասխանեց՝ այո, ուստի մենք փակում ենք այն»:

Մասկը DOGE-ի (նորաստեղծ Կառավարության արդյունավետության վարչություն) նախկին համանախագահ Վիվեկ Ռամասվամի և հանրապետական սենատոր Ջոնի Էրնստի հետ քննարկման ժամանակ պնդել է, որ USAID-ը հնարավոր չէ բարեփոխել՝ համեմատելով այն «որդերի կույտի» հետ։

«Եթե դուք ունեք խնձոր, որի մեջ որդ կա, գուցե կարողանաք հանել որդին, բայց եթե դուք ունեք պարզապես որդերի կույտ, դա անհույս է: USAID-ը որդերի կույտ է: Այնտեղ խնձոր չկա և երբ խնձոր չկա, պարզապես պետք է ամբողջությամբ հրաժարվել դրանից: Ահա թե ինչու այն պետք է փակվի»,-ասել է Մասկը։

Ըստ Associated Press-ի, քննարկումից մի քանի ժամ անց USAID-ի աշխատակիցները հրահանգ են ստացել երկուշաբթի օրը չգնալ գործակալության Վաշինգտոնի գրասենյակ: Աշխատակիցները նշել են, որ արգելափակվել է ավելի քան 600 հոգու մուտքը համակարգ, իսկ մնացածները ստացել են էլեկտրոնային նամակ, որում ասված է եղել, որ գործակալության ղեկավարության հրահանգով շենքը փակ կլինի գործակալության անձնակազմի համար փետրվարի 3-ին:

Վերջին օրերին Մասկը ակտիվորեն պայքարում էր USAID-ի վերահսկողության համար։ Կիրակի առավոտյան նա գրել էր. «USAID-ը հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա»: USAID-ը Թրամփի վարչակազմի կողմից դաշնային կառավարության մեջ կատարվող լայնածավալ փոփոխությունների վերջին «զոհն» է դարձել: 

Associated Press-ի տվյալներով, երկու ավագ USAID պաշտոնյաներ ադմինիստրատիվ արձակուրդ են ուղարկվել այն բանից հետո, երբ հրաժարվել են հանձնել գործակալության գաղտնի նյութերը DOGE-ին: Այս միջադեպից հետո DOGE-ը, այնուամենայնիվ, ստացել է գործակալության որոշ գաղտնի տեղեկատվության հասանելիություն:

Թրամփը նույնպես քննադատել է USAID-ը՝ պնդելով, որ գործակալությունը «ղեկավարվել է արմատական խելագարների կողմից»:

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter