
ՄԱԿ-ը ահազանգում է. շատացել են ուկրաինացի ռազմագերիներին մահապատժի ենթարկելու դեպքերը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական զինված ուժերի կողմից ուկրաինացի ռազմագերիներին մահապատժի ենթարկելու դեպքերի աճի վերաբերյալ:
Նոր հրապարակված հաղորդագրության մեջ ՄԱԿ-ը ընդգծել է, որ «ռուսական զինված ուժերի կողմից գերեվարված ուկրաինացի զինծառայողներին մահապատժի ենթարկելու դեպքերի աճ» է նկատվում՝ սկսած 2023 թվականի օգոստոսի վերջից 79 սպանություն, 24 դեպք:
«Շատ ուկրաինացի զինծառայողներ, ովքեր հանձնվել են կամ գտնվել են ռուսական զինված ուժերի ֆիզիկական հսկողության տակ, գնդակահարվել են տեղում»,- հայտնել է ՄԱԿ-ը: «Վկայությունները նաև նկարագրում են անզեն և վիրավոր ուկրաինացի զինծառայողների սպանություններ»:
Առաքելությունը նաև փաստաթղթավորել է վիրավոր և անաշխատունակ ռուս զինծառայողի գնդակահարության դեպքեր՝ ուկրաինական զինված ուժերի կողմից անցյալ տարի:
ՄԱԿ-ի առաքելությունը վերլուծել է երկու կողմերի հրապարակած տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ցույց են տալիս գնդակահարություններ կամ դիակներ, առաքելությունը իրականացրել է նաև խորքային հարցազրույցներ վկաների հետ:
«Դեպքերի աշխարհագրական դիրքի ստուգումն ու դրանց ժամանակագրական վերլուծությունը ցույց են տալիս, որ գնդակահարությունները տեղի են ունեցել այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում ռուսական զորքերի հարձակողական գործողությունները», – նշված է առաքելության հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը նշել է, որ Ռուսաստանի հանրային գործիչները ուկրաինացի ռազմագերիներին անմարդկային վերաբերմունքի ենթարկելու և գնդակահարելու բացահայտ կոչեր են հնչեցրել: Վերջին մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ը փաստաթղթավորել է ռուս պաշտոնյաների կողմից նման կոչեր հնչեցնելու առնվազն երեք դեպք, ինչպես նաև ռուսական ուժերի հետ կապ ունեցող ռազմական խմբերի կողմից սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ գրառումներ, որոնք, ըստ ՄԱԿ-ի, խրախուսել են կամ հրաման են տվել ռազմագերիներին մահապատժի ենթարկել:
«Նման հայտարարությունները կարող են խրախուսել կամ դրդել անօրինական վարքագիծ», – ասել է Բելը:
Անցած ամիս Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս զինծառայողները Դոնեցկի մարզում գնդակահարել վեց անզեն ուկրաինացի ռազմագերիների:
2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել էր, որ մարտի դաշտում ուկրաինացի ռազմագերիների գնդակահարությունների թիվը զգալիորեն աճել է:
Գլխավոր լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters
Մեկնաբանել