
«Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողություն». 73 զինծառայողի գործով ցուցմունք են տալիս զոհվածների ծնողները
Համբարձում Զարգարյանը Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Նրա որդին՝ Արթուրը, այն 73 զինծառայողներից մեկն էր, որոնք Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով 2020թ. հոկտեմբերի 11-ին գնացել են Հադրութ, հայտնվել շրջափակման մեջ և զոհվել։
Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Համբարձում Զարգարյանը դատարանին հայտնեց՝ իրենց գյուղից Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտում 7 զինծառայող կար։ Ըստ գործում առկա տվյալների՝ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը հարցրեց զոհվածի ծնողին՝ ըստ տուժողի՝ զինծառայողները զոհվել են հրաձգային զենքերի՞ց, թե՞ հրանոթներից կամ արկերից։
«Ես չեմ ուզում ասել, մեկն էլ իմ երեխաս, հրազենը որն է, ես երեխայիս առանց գլուխ եմ հուղարկավորել»,- պատասխանում է զոհված Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը։
Տուժողը նշեց՝ վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 11-ի ցերեկը։ Որդին հայտնել է, որ իրենց տեղափոխում են։
Հետագայում՝ որդուց լուր չունենալուց հետո, Համբարձում Զարգարյանն այլ ծնողների հետ հանդիպել է Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։
«Հարցրել ենք՝ տղերքը որտե՞ղ են, ասել է՝ Հադրութի անտառներում են, մի քանի օր հետո ասաց՝ Իրանն են անցել»,- պատմեց զոհվածի ծնողը։
Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ որտեղի՞ց Գոռ Իշխանյանին այդ տեղեկությունները։
«Ասել է հետախուզությունն է հայտնել»,- պատասխանեց տուժողը։
Ըստ Համբարձում Զարգարյանի՝ ծնողների հետ հանդիպման ժամանակ Գոռ Իշխանյանը հայտնել է, որ զինծառայողներին ուղարկել է Քոչբեկ գյուղ (գյուղի նախկին անվանումն է, հետագայում վերանվանվել է Այգեստան, հեղ.)։ Նա դատարանում պնդեց՝ Իշխանյանն ասել է՝ հրամանում նշված է եղել այդ գյուղը, ոչ թե «9-րդ կմ»-ը։ Բացի այդ, Գոռ Իշխանյանը ծնողներին որևէ փաստաթուղթ, հրաման չի ներկայացրել։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ծնողը հարցրել է՝ ի՞նչ մարտական առաջադրանք էին ստացել զինծառայողները։
-Չգիտեմ,- պատասխանեց տուժողը։
Համբարձում Զարգարյանը պնդեց՝ ըստ օրենքի՝ զինծառայողների հետ պետք է ուղեկցող լիներ, և հանդիպման ժամանակ Իշխանյանն ընդունել է, որ ուղեկցող չի եղել։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը տուժողին հարցրեց. «Օրենքը ո՞րն է, որ ասում եք պետք է ուղեկցեն, անունը ասեք»։
-Չեմ կարա ասեմ՝ որ օրենքի, որ հոդվածի համաձայն,- նշեց տուժողը։
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ շեշտեց՝ եթե ռազմերթ է եղել, պետք է հսկողությունն իրականացներ օպերատիվ շտաբի պետը (նկատի ունի գործով մյուս մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանին, հեղ.), Գոռ Իշխանյանն ինչո՞ւ պետք է աներ։
Զոհվածի հորը հետաքրքրում էր՝ Գոռ Իշխանյանն ինչու է այդ հրամանը 5 ժամ հետո կատարել, եթե պետք է անմիջապես կատարեր։
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ տուժողի նախաքննական և դատարանում տված ցուցմունքներում հակասություն կա, և միջնորդեց հրապարակել այդ հատվածը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։
«Նախաքննական ցուցմունքում հայտնել եք, որ Գոռ Իշխանյանն ասել է՝ զինծառայողներին ուղարկել է «9-րդ կմ», նրանց պետք է դիմավորեր Կարեն Առստամյանը, և որ Ձեզ Գոռ Իշխանյանը ցույց է տվել Ջալալ Հարությունյանի հրամանը՝ ըստ որի զինծառայողներին ուղարկել է այնտեղ»,- նշեց պաշտպանը։
Տուժողը պնդեց՝ ինքը նման բան չի ասել, քննիչի հետ խոսել է, քննիչն արձանագրել է։
-Կարո՞ղ ա լավ չես հիշում,- հարցրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
-Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողություն,- պատասխանեց տուժողը։
Հանրային մեղադրողը հարցրեց՝ արդյոք քննիչի կողմից եղե՞լ է ուղղորդում, ինչին բացասական պատասխան ստացավ։
Այսօր դատարանում հարցաքննվեց նաև մեկ այլ տուժող՝ զոհված Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը։
Վերջին անգամ Նունեն որդու հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, որդին հայտնել է, որ ապահով է։
«Հոկտեմբերի 11-ին էրեխեքին ուղարկեցին Հադրութ՝ գրավված տարածք։ Ամսի 9-ին Հադրութ արդեն թուրքերն էին»,- ասաց տուժողը։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը արձանագրեց՝ տեղեկությունը, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ Հադրութը գրավված էր, Նունե Առստամյանը հավաքագրել է ծնողներից։
«Ես Ղարաբաղում էի, լուրերով, խոսակցություններով իմացել ենք, որ թուրքերը մտել են Հադրութ»,- պատասխանեց տուժողը։
Ծնողին հետաքրքրում է՝ եթե զինծառայողների անվտանգությունը չի ապահովվել, եթե Կարեն Առստամյանը պատրաստ չէր նրանց դիմավորել, ինչո՞ւ Գոռ Իշխանյանը նրանց ուղարկեց Հադրութ։
-Գրավված տարածքն, ըստ Ձեզ, ի վերջո պիտի հետ վերցնեին, թե՞ չէ, ինչ-որ գործողություններ պիտի անեին, թե չէ,- հարցրեց պաշտպան Արման Բայադյանը։
-Ես չգիտեմ, եթե գրավված էր, 73 հոգին ի՞նչ պիտի աներ,- պատասխանեց տուժողը։
Դատարանում հարցաքննվեց ևս մեկ տուժող՝ Արաքսի Գասպարյանը։
Զոհված զինծառայող Հովհաննեսի մորը միայն մեկ հարց էր հետաքրքրում՝ ինչու իր մեկ ամսվա զինծառայող որդին պետք է զենք վերցներ և գնար առաջնագիծ։
Դեպքի մասին Արաքսին որևէ տեղեկություն չուներ։ Միայն նշեց՝ իր որդու դին զոհվածների ծնողներից մեկն է հանել։
Գործով նոր հանրային մեղադրողներ կան
Գործով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանի փոխարեն այսուհետ մեղադրանքի պաշտպանությունը կիրականացնեն Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը և նույն բաժնի դատախազի պաշտոնին գործուղված Վարդան Վարդանյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին՝ ժամը 11։30-ին։
Գլխավոր լուսանկարում՝ զոհված Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը
Մեկնաբանել