
Նոտարների համար պարտադիր է դառնում գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելը
Արդարադատության նախարարությանը հանրային քննարկման է ներկայացրել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով նոտարների համար պարտադիր է դառնում գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելը, իսկ քաղաքացիներն այդ ծառայության համար այլևս չեն վճարի 3000 դրամ։
Գործող կարգավորումներով սահմանված է, որ նոտարը, ի թիվս այլի, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ։ Միևնույն ժամանակ նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող անձին, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պահանջի դեպքում՝ նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ստացվում է, որ նոտարը գործարքի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացն ապահովում է միայն նոտարական գործողության կողմերի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում։ Այսինքն, միայն այս դեպքում է նոտարը միանգամից կազմակերպում նաև Կոմիտե դիմում ներկայացնելու հետ կապված այլ գործընթացները: Դա էլ հաճախ բերում է նրան, որ գործարքի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իր իրավունքների պետական գրանցման իրականացմանը ձեռնամուխ չլինելու կամ իրավունքների պետական գրանցման համար հավելյալ մեկ այլ մարմնի՝ Կադաստրի կոմիտեին դիմելու հետևանքով, անհարկի բարդանա գործընթացը: Այդ պատճառով նոտարի քննարկվող ծառայությունից քաղաքացիները կամ իրավաբանական անձիք նախընտրում են չօգտվել, քանի որ պետական գրանցման դիմումները Կադաստրի կոմիտե ներկայացնելու ծառայության համար պահանջվում է լրացուցիչ վճարում՝ 3000 դրամ:
«Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ»,-նշված է հիմնավորման մեջ։
Մեկնաբանել