HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրամփն ուզում է արտաքսել Գազայի պաղեստինցիներին և տարածքում ստեղծել «Միջին Արևելքի Ռիվիերա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «գրավել» պատերազմից քայքայված Գազան և «սեփականացնել այն»՝ ըստ էության աջակցելով պաղեստինցիների էթնիկ զտման գաղափարին։ 

Այս շոկային հայտարարությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում։

Թրամփը պնդել է, որ Գազան կարող է դառնալ «Միջին Արևելքի Ռիվիերան»։ Նա չի բացառել նաև, որ ԱՄՆ-ն այդ նպատակով կարող է զորքեր ուղարկել Գազա։

«Պաղեստինցիները ցանկանում են վերադառնալ Գազա միայն այն պատճառով, որ այլընտրանք չունեն»,– ասել է Թրամփը։ 

Պնդելով, որ պաղեստինցիները ուրիշ տեղ կարող են ապրել իրենց կյանքը «խաղաղությամբ և համերաշխությամբ»՝ Թրամփն ասել է. «ԱՄՆ-ը կգրավի Գազայի հատվածը, և մենք մեր աշխատանքը կանենք այնտեղ։ Մենք այն կսեփականացնենք և պատասխանատու կլինենք տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի ու մյուս զինատեսակների վնասազերծման համար»։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք դա կանենք, մենք կգրավենք այդ տարածքը, այն կզարգացնենք, կստեղծենք հազարավոր աշխատատեղեր, և դա կլինի մի բան, որով ամբողջ Միջին Արևելքը կկարողանա հպարտանալ»,-ասել է նա։

Թրամփը հայտարարել է , որ ինքը կաջակցի պաղեստինցիների «մշտական» վերաբնակեցմանը, սակայն մանրամասներ չի հայտնել, թե ինչպես։

Լրագրողների հարցին, թե արդյոք այս ծրագիրը կարող է ներառել ԱՄՆ ռազմական ուժի կիրառում, Թրամփն ասել է. «Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»։

Այն հարցին, թե ինչպես և ինչ իրավասությամբ կարող է ԱՄՆ-ը բռնագրավել և երկարաժամկետ կերպով օկուպացնել Գազայի տարածքը, Թրամփը ուղիղ պատասխան չի տվել։

«Ես տեսնում եմ երկարաժամկետ սեփականացման հնարավորություն և կարծում եմ, որ դա մեծ կայունություն կբերի Միջին Արևելքի այդ հատվածին, և գուցե ամբողջ տարածաշրջանին»,– ասել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, թե խոսել է տարածաշրջանի ղեկավարների հետ, որոնք աջակցում են գաղափարին։ 

Թրամփի խոսքով՝ Գազայի պաղեստինցիները պետք է տեղավորվեն այլ երկրներում։ Թրամփը հույս է հայտնել, որ Եգիպտոսի և Հորդանանի առաջնորդները ժամանակի ընթացքում «կբացեն իրենց սրտերը» այս գաղափարի հանդեպ։

Հարցին, թե ով պետք է բնակվի վերակառուցված Գազայում, Թրամփն ասել է, որ տարածքը կարող է դառնալ «աշխարհի մարդկանց» տուն։ Նրա կարծիքով՝ տարածքը կարող է դառնալ Միջին Արևելքի Ռիվիերա։

Նեթանյահուն, որը Թրամփին անվանել է «Իսրայելի երբևե ունեցած ամենամեծ բարեկամը», աջակցություն է հայտնել այս գաղափարին։ «Թրամփը մտածում է սահմաններից դուրս»,-ասել է նա։

Այս հայտարարությունից հետո տասնյակ երկրների ղեկավարներ կոշտ քննադատել են Թրամփի գաղափարը։ Գազայի բնակչության հարկադիր տեղահանությունը կարող է համարվել էթնիկ զտում, ինչը միջազգային իրավունքի խախտում է։ 

Գլխավոր լուսանկարը՝ Leah Millis/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter