
2024-ին 8․9 մլրդ դրամ է ծախսվել ուսուցիչների հավելյալ վարձատրության համար
2024 թվականին, բացի աշխատավարձից, պետական բյուջեով նախատեսված չորս տարբեր ծրագրեր են գործել ուսուցիչների համար, որոնցից մեկը տարակարգի հաստատումն է։ 285 հոգի նախորդ տարում տարակարգ է ստացել, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դա գերազանցում է 2022 թ. ցուցանիշը շուրջ 2,8 անգամ։ Տարակարգ ստացող ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10-50%-ով։ Ներկայում 1263 ուսուցիչ տարակարգ ունի։
Սակայն ԿԳՄՍՆ-ն կարծում է, որ պետք է հստակեցնել եւ խմբագրել տարակարգի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին սահմանեց, որ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո տարակարգի հայտերը պետք է ներկայացվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչները ստիպված չեն լինի շատ փաստաթղթեր ներկայացնել։
Իսկ Հանրապետական հանձնաժողովը հնարավորություն կստանա տարակարգ տրամադրել ուսուցչին ոչ միայն դիմած աստիճանի համար։
Այսինքն, եթե ուսուցիչը համապատասխանում է ավելի բարձր կամ ավելի ցածր տարակարգի, բայց դիմել է այլ տարակարգի համար, Հանձնաժողովը հնարավորություն կունենա մերժելու փոխարեն տալ համապատասխան տարակարգը։
Ներկայացված նախագծով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է առաջին աստիճանի տարակարգ շնորհել ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներից բխող զարգացման ոլորտներից յուրաքանչյուրից 80-89% արդյունք ապահովելու դեպքում, իսկ երկրորդ աստիճանի՝ 90-100% արդյունք ցուցաբերելու դեպքում:
Այժմ 59 ուսուցիչ չորրորդ աստիճանի տարակարգ ունի։
Այս պահին, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ավելի քան 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ աշխատավարձ։ Իսկ 400 հազարից ավելի ստացող ուսուցիչների թիվն անցնում է 560-ը։ Նախարարի խոսքով, այս ուսուցիչները մեծ մասամբ թե՛ ատեստավորում են անցել, թե՛տարակարգ ունեն։
Չորս ծրագրերից մյուսը ատեստավորումն է։ Չորս տարվա ընթացքում ատեստավորվել է ավելի քան 6100 ուսուցիչ, որը ուսուցիչների շուրջ 20%-ն է կազմում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ է նշում այս փաստը։
Բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ է մասնակցել ատեստավորմանը եւ, հաղթահարելով նվազագույն շեմը, հնարավորություն է ունեցել շարունակելու աշխատանքը։ Ըստ նախարարի՝ 49 ուսուցիչ էլ պետական բյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում։
Ուսուցիչների համար գործող ծրագրերից մեկն էլ բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար աշխատավարձի 25%-ի հավելավճարն է։ Շահառուները 8200-ն են։
Կա նաև առանձին ծրագիր գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար։ Նրանք ստանում են մինչև 50% հավելավճար։ Շահառու ուսուցիչները ավելի քան 3100-ն են։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-2024 ուսումնական տարում ավելի քան 3000 նոր ուսուցիչ է սկսել աշխատանքը դպրոցում։
«Կարևորում եմ, որ այս ուսուցիչների շուրջ 56%-ը գյուղական դպրոցներում է, և նրանց մեծ մասը երիտասարդներ են»,- նշեց նախարարը։
Այս չորս ծրագրերի իրականացման համար 2024 թվականին հատկացվել է 8․9 մլրդ դրամ։
Լուսանկարը՝ primeminister.am կայքից
Մեկնաբանել