HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմատնային տնտեսությամբ զբաղվել ցանկացողների համար վարկային նոր ծրագիր է մշակվել

Կառավարությունը փետրվարի 6-ի նիստում հաստատեց ջերմատնային տնտեսությունների ոլորտում խոշոր ներդրումներ անող տնտեսվարողների վարկավորումը։

Գործող ծրագիրը նպաստում է մոտ 4-5 հա ջերմատնային տնտեսություն հիմնելուն, տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ։ Ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող ծրագիրը հնարավորություններ չի տալիս։

Նոր նախագծով սահմանվում է նրանց տրամադրել մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ, որն, ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, հնարավորություն է տալու մեկ շահառուին հիմնել մինչև 20 հա տարածքով ջերմատուն։

«Նախարարությունն այս պահին նման հայտեր ունի։ Ընդ որում՝ տրամադրված վարկի մինչև 3 մլրդ դրամի մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով։ 3-9 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով և 9-15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ապա հավելեց, որ գումարային այս միավորումը նվազեցնում է որոշ ծախսեր և տրամաբանությունը նույնն է դառնում, ինչ ներկայիս ծրագրում։ Այսինքն՝ ավելի քիչ սուբսիդավորվող տոկոսները տեսանելի չեն ընդհանուր թվում։

Նոր նախագծով ջերմատան նախագծման ծախսերը հանվել են ջերմատների կառուցման ծախսերի միջինացված հաշվարկի աղյուսակից։ Ծրագրի շրջանակում վարկերի մարման համար 8 տարի ժամկետ է սահմանված, առաջին տարին՝ արտոնյալ պայմաններով։ Այն չի փոխվել։

Որոշ ռիսկեր էլ կան։ Պապոյանը նշեց, որ հաշվարկներ ու դիտարկումներ են անում, ռիսկերի կառավարման կարգավորումներն ավելի ուշ կտան։

Ըստ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունների՝ այժմ առկա է շուրջ 1500 հա ջերմոց և ջերմատուն՝ մոտ 250 հեկտարը ժամանակակից տեխնոլոգիաներով։

2019-2024 թվականներին ջերմատնային տնտեությունների աջակցման ծրագրով հաստատվել և իրականացվել է 56 հա ջերմատուն հիմնելու հայտ։ 

Նախարարը հղում արեց Վիճակագրական կոմիտեին․ 2023 թվականին 1167 հա ջերմատներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հա-ից հավաքվել է շուրջ 2200 տոննա հատապտուղ և 190 հա-ից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ։

Պապոյանը ներկայացրեց նաև Պետական եկամուտների կոմիտեի ցուցանիշները՝ 2023 թվականին արտահանվել է ջերմատան շուրջ 74․4 մլն դոլարի արտադրանք, իսկ 2024-ին՝ 118․5 մլն դոլարի արտադրանք։

Մասնավորապես՝ 2023-ին արտահանվել է 40 մլն հատ ծաղիկ, իսկ 2024-ին՝ 55 մլն հատ։ Իսկ ջերմատներում արտադրված բանջարեղենի արտահանումն աճել է 10 հազար տոննայով՝ դառնալով 40 հազար տոննա։

Նախարարը կարծում է, որ ծրագիրն ընդլայնվում է և նպաստում ոլորտի զարգացմանը։ Նա նաև նշեց, որ որոշել է փոքր հոլովակներով նախարարության բոլոր ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter