
ՆԳՆ-ն հասանելիութուն կունենա աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիութուն է տրվելու Ներքին գործերի նախարարությանը:
2025թ. փետրվարի 5-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, հանրային քննարկման է դրվել «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
2024թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովն ընդունել է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: ՀՀ աշխատանքային օրենսգրքում նոր լրացված 102.2-րդ հոդվածով, որը դեռ ուժի մեջ չի մտել, նախատեսվում են թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը և այլն:
2026թ. հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ պետք է մուտքագրեն իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը, եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով: Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն մինչև 2025թ. մարտի 1-ը, ինչից ելնելով էլ՝ ներկայացվել է Կառավարութան որոշման այս նախագիծը:
Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝ 2025թ. հուլիսի 1-ից - 2026թ. հունվարի 1-ը՝ կամավոր, իսկ 2026թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։
Գործատուները, գործող կարգավորումների համաձայն, աշխատանքի ընդունվող աշխատողի համար մուտք են գործում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ», որպեսզի ներկայացնեն «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության որոշման նախագծով առաջարկում է աշխատանքային պայմանագրերի կնքումը նույնպես իրականացնել նշված համակարգի միջոցով, որից հետո ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա համակարգն ինքնաշխատ գրանցման հայտ կձևավորի։
Թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը լինելու է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Սակայն, նախատեսվում է, որ ՊԵԿ-ից բացի թվային համակարգին հասանելիություն են ունենալու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Ներքին գործերի նախարարությունը: Եթե առաջին երկուսի դեպքում հասանելիության տրամադրումը հասկանալի է, ապա նախագծի հեղինակները ոչ մի հիմնավորում չեն նշում, թե ինչու պետք է հասանելիություն ունենա ՆԳՆ-ն:
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) ձևավորված պրակտիկան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» պարզաբանեցին, որ նախատեսվում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տալ այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Սակայն, ոչ մի հիմնավորում ՆԳՆ-ին ներգրավելու մասին:
Թվային համակարգը պետք է փոխգործելի լինի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի հետ:
Այստեղ նույնպես պարտադիր է լինելու թվային ստորագրությունը: Նախագծի համաձայն, աշխատանքային պայմանագիրը ստորագրվելու է՝ կիրառելով իրավական ուժ ունեցող էլեկտրոնային թվային ստորագրություն: ՀՀ քաղաքացիների համար կիրառվելու է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումների միջոցով:
Եթե Կառավարության որոշման նախագիծն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի 2025թ. հուլիսի 1-ից։
Մեկնաբանել