Այգեպար և Ոսկեվան համայնքներում կվերականգնվի խմելու ջրի համակարգը
Այսօր, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացնում է Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Տավուշի մարզում խմելու ջրի համակարգի վերականգնման երկու ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայատանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչը:
Արարողությանը ներկա էին ծրագրերի իրականացման ազգային և միջազգային գործընկերները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Փաստաթղթի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղական համայնքների հզորացմանը` շեշտը դնելով այդ համայնքներում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ժամանակավոր զբաղվածության ստեղծման և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վրա:
ՓԵՎԾ-ը և ՄԱԶԾ Հայաստանը համատեղ ծրագրեր են իրականացնելու Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ոսկեվան համայքներում: Խմելու ջրագծերը այդ համայնքներում կառուցվել են ավելի քան 50 տարի առաջ և լուրջ վերանորոգման ու բարելավման կարիք ունեն: Համակարգում առկա ջրի կորուստը հնարավորություն չի տալիս ապահովել այդ համայնքներում կանոնավոր ջրամատակարում: Այգեպարում և Ոսկեվանում 2,5 կմ և 4 կմ երկարությամբ խողովակաշարերի, ինչպես նաև դրանց համապատասխան ենթակառուցվածքների վերակառուցումը մշտահոս խմելու ջրով կապահովի համայնքի բնակիչներին:
Ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ՄԱԶԾ-ը տրամադրելու է անհրաժեշտ խողովակները, իսկ Սի Էյջ Էֆ-ը իր տեղական գործընկեր «Շեն» ՀԿ-ի հետ կատարելու է ամբողջ շինարարական աշխատանքները, համայնքի համախմբումը, ինպես նաև հետևելու է ծրագրերի ժամանակին և պատշաճ կերպով իրականացմանը:
Փոխըմբռնման հուշագրի ստրագրումը Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջև հաջողված համագործակցության շարունակությունն է: 2010թ. ՓԵՎԾ-ն և ՄԱԶԾ-ն վերակառուցել են Տավուշի մարզի Սևքար համայնքի մանկապարտեզը, իսկ ՓԵՎԾ-ն և Համաշխարհային պարենի ծրագիրը (ՀՊԾ) համատեղ իրականացրել են ջրամատակարարման համակարգերի վերականգնման 12 ծրագիր Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Այդ ծրագրերից 4-ը դեռևս գտնվում են իրականացման փուլում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել