
Հրդեհ՝ Ստեփանավանի շենքերից մեկում. կա 1 զոհ և 6 տուժած
Փետրվարի 8-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ), կա զոհ։
«Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հայտնաբերվել է 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասված է Փրկարար ծառայության հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բուժօգնության դիմած 6 քաղաքացիներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
«Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Լոռու մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:
Լուսանկարը՝ Փրկարար ծառայության
Մեկնաբանել