HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Պետությունների ղեկավարները Փարիզում կքննարկեն արհեստական բանականության ապագան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 10-11-ը կանցկացվի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովը (AI Action Summit)։ Իրադարձությունը համախմբել է երկրների առաջնորդներին, տեխնոլոգիական հսկաներին, ակադեմիական ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին ու քաղհասարակությանը՝ համատեղ քննարկելու ԱԲ-ի ապագան, կարգավորման մեխանիզմներն ու տեխնոլոգիայի գլոբալ ազդեցությունը։

ԱԲ գործողությունների գագաթնաժողովը համատեղ նախագահելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու է շուրջ 100 երկիր և ավելի քան հազար մասնագետ։ Միջոցառմանը մասնակցելու համար Փարիզ է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրները քննարկումներին մասնակցելու են տարբեր մակարդակներով․ ԱՄՆ-ն կներկայացնի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլն։

Տեխնոլոգիական աշխարհից էլ ներկա կլինեն OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը ու այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը և ոլորտում տարեսկզբին մեծ աշխուժություն առաջացրած չինական DeepSeek ընկերության հիմնադիր Լիանգ Վենֆենգը ևս հրավիրվել են, բայց նրանց մասնակցությունը դեռ չի հաստատվել:

Քննարկումները կառուցվելու են հինգ հիմնական հարցերի շուրջ՝

  • Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը ծառայել հանրային շահին և սոցիալական բարեկեցությանը։
  • Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխակերպում աշխատաշուկան, մասնագիտություններն ու աշխատանքի մեթոդները։
  • Ինչպե՞ս կարող է ԱԲ-ն խթանել տեխնոլոգիական առաջընթացը, նորարարությունն ու մշակութային զարգացումը։
  • Ինչպե՞ս ստեղծել ԱԲ համակարգեր, որոնք կլինեն հուսալի, թափանցիկ և էթիկապես պատասխանատու։
  • Ինչպիսի՞ միջազգային կանոնակարգեր պետք է մշակվեն արհեստական բանականության գլոբալ կառավարելիության համար։

Գագաթնաժողովին հատկապես կարևոր է ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությունը, որոնց մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում թեժանում է։

ԱՄՆ-ը գերիշխող դիրք ունի առաջատար տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են OpenAI-ը, Google-ը, Microsoft-ը և Meta-ն։ Նախորդ ամիս հայտարարվեց Stargate նախագծի մասին, որով ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա չորս տարիներին 500 միլիարդ դոլար ներդնել՝ երկրում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։ Stargate-ի հիմնական ներդրողներն են SoftBank-ը, OpenAI-ը, Oracle-ը և MGX-ը։ SoftBank-ը կկատարի ֆինանսական ներդրումները, իսկ OpenAI-ը պատասխանատու կլինի նախագծի գործարկման համար։

Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը ԱԲ ոլորտում՝ նվազեցնելով կարգավորումները, սակայն դեմ է միջազգային համաձայնագրերին, որոնք կարող են սահմանափակել ամերիկյան ընկերությունների ազատությունը։ 

Թրամփի հրամանով՝ այս տարվա հունվարի 23-ին չեղյալ հայտարարվեց կառավարության նախկին քաղաքականությունը, ըստ որի՝ ԱՄՆ դաշնային գործակալությունները պետք է ապացուցեին, որ իրենց օգտագործած արհեստական բանականության գործիքները չեն վնասում հանրությանը, հակառակ դեպքում՝ դրանց կիրառումը պիտի դադարեցվեր։ 

Թրամփի վարչակազմը քննադատել է Բայդենի գործադիր հրամանը՝ պնդելով, որ այն ստեղծում է ավելորդ խոչընդոտներ ԱԲ-ի մշակման համար, ինչը կարող է վտանգել ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերակայությունը։

ԱՄՆ-ին նաև մտահոգում է Չինաստանի աճող ազդեցությունը։ Հատկապես DeepSeek չաթբոտի գործարկումը ցույց տվեց, որ ԱԲ հնարավոր է զարգացնել ավելի էժան և արդյունավետ ճանապարհով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ Եվրոպան պետք է արագացնի իր ներդրումները արհեստական բանականության ոլորտում, որպեսզի հետ չմնա ԱՄՆ-ից և Չինաստանից։ Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Ֆրանսիայում ԱԲ-ի զարգացման համար կուղղվի 109 միլիարդ եվրո։

Լուսանկարը՝  Գոնսալո Ֆուենտեսի/©AFP/POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter