HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Օգտագործված մարտկոցները հավաքում ու պահեստավորում են՝ ապագայում վերամշակելու հույսով

Կենցաղային տեխնիկայի խոշոր ներկրող «Վեգա» ընկերությունում հաշվարկել են, որ մեկ անսարք լվացքի մեքենան, ճիշտ վերամշակելու դեպքում, չորս հատ ծառ է դառնում։ Ընկերությունը երկու տարի առաջ իր ներկրած տեխնիկայի համար սոցիալական պատասխանատվություն ստանձնելու որոշում է կայացրել։ Իր վաճառասրահներում անսարք կենցաղային տեխնիկա և մարտկոցներ է ընդունում՝ վերամշակելու նպատակով։ Կենցաղային տեխնիկան մասնատում են, թափոնները՝ հանձնում վերամշակման, գումարը՝ փոխանցում «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը, որն ամենամյա անտառտնկման աշխատանքներ է իրականացնում Լոռու մարզում։

«Վեգա» ընկերությունում նկատել են, որ տարեցտարի ավելանում է անլար կենցաղային տեխնիկայի, էլեկտրական գործիքների արտադրությունը։ Այսինքն, դրանք մարտկոցով են աշխատում և շատ կարճ կյանք ունեն՝ 2-4 տարի։ Բացի այդ, կենցաղային տեխնիկայի մեծ մասը համալրված է մարտկոցով, անգամ մանկական խաղալիքների մեջ մինչև 3-4 հատ մարտկոց է դրվում։ Ուշ թե շուտ դրանք թափոն են դառնում, իսկ դրանց մեծ մասն իր մեջ վտանգավոր նյութեր է պարունակում։

«Տարեկան մինչև 10 տոննա մարտկոց է ներկրվում Հայաստան, այս փոքր երկրի համար դա բավականին մեծ վտանգ է։ Ատոմակայանի ուրանից մի քանի անգամ ավելի շատ մարտկոց է ներկրվում ու թաղվում հողի մեջ»,– ասում է «Վեգա» ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը։

Ընկերության վաճառասրահներում տեղադրված ցուցանակը հաճախորդներին հիշեցնում է, որ մեկ մարտկոցը, հայտնվելով հողի մեջ, մինչև 20 քմ հող և մինչև 400 լիտր ստորգետնյա ջուր է թունավորում։ «Ջուրը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի մեջ ձուկ են աճեցնում։ Այսինքն, հողի մեջ նետված մարտկոցից առաջացած թույնը շրջանառու ցիկլով վերադառնում է մեզ՝ մթերքի տեսքով»,– նշում է տնօրենը։

Կենցաղային տեխնիկա ներկրողներից մաքսազերծման ժամանակ բնապահպանական վճար է գանձվում։ Հայաստանյան շուկայում 23 տարի գործունեություն իրականացնող «Վեգա» ընկերությունում համոզված են, որ այդ գումարները չեն ծառայեցվում շրջակա միջավայրի պահպանությանը։ «Վեգան» որոշել է անձամբ բնապահպանական ծրագրեր իրականացնել։ «Ես ապրանք եմ ներմուծում, որով գումար եմ աշխատում, իսկ հետո այդ ապրանքը թափոն է դառնում։ Պարտավոր եմ գումար տրամադրել, որպեսզի մեկ այլ կազմակերպություն զբաղվի թափոնների օգտահանումով»,– բացատրում է ընկերության զարգացման գծով տնօրենը։

«Վեգան» վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա է ստացել

«Վեգա»-ն 2023թամռանը Շրջակա միջավայրի նախարարությունից (ՇՄՆ) վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա է ստացել։ Լիցենզիան թույլ է տալիս՝ հավաքել, տեղափոխել, պահեստավորել, մասնատել և օգտահանել ցանկացած կենցաղային տեխնիկայից առաջացած թափոնները, այդ թվում՝ մարտկոցները։

Ընկերությունը լիցենզավորված տարածք ունի, որտեղ առայժմ անվտանգ պայմաններում, անժամկետ պահեստավորում են վտանգավոր թափոն համարվող մարտկոցները։ «Ուզում ենք հասկանալ հավաքագրման տեմպը, որը մեծ չէ։ Տարեկան մինչև 10 տոննա մարտկոց է ներկրվում, իսկ մենք մինչև հիմա հազիվ 500 կգ ենք հավաքել։ Դա էլ նախորդ տարիներին մարդիկ հավաքել-պահել էին ու հանձնեցին մեզ»,– ասում է «Վեգա» ընկերության զարգացման գծով տնօրենը։

Լիցենզիան ընկերությանը թույլ է տալիս մարտկոցներն ընդունել միայն այն տարածքներում, որտեղ գործունեություն է ծավալում՝ «Վեգա» վաճառքի սրահներում ու պահեստներում։ Հասարակական այլ վայրերում չեն կարող արկղեր տեղադրել, իսկ մարտկոցներ ընդունելու կետերի քանակը քիչ է, հանրապետությունում ընդամենը 20 են։ Մարդկանց մոտիվացնելու համար ֆինանսական միջոցներ են հատկացրել և վճարում են մարտկոցները հանձնելու դիմաց։ Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Նոր Նորքի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի «Վեգա» վաճառասրահներում արկղեր են տեղադրված, մարտկոցներ հանձնող հաճախորդներն իրենց կուտակային քարտին քեշբեք են ստանում։ Նաև գնման ակտերով են մարտկոցները գնում։

Մարտկոցն ամենախնդրահարույց թափոնն է, այն վերամշակելու կարողություն քիչ երկրներ ունեն։ Անգամ Եվրոպական միությունում 3–4 գործարան կա, որոնք ընդունում և վնասազերծում են մարտկոցները։ Մյուս երկրներն ուղարկում են այնտեղ և վճարում են գործարանին՝ վնասազերծելու համար։

Վտանգավոր թափոնների արտահանումն արգելված է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան Կոնվենցիայով։ Մարտկոցների վնասազերծման գործը ստանձնած «Վեգա» ընկերությունը համոզված է, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ Իրանը, թույլ չեն տալու իրենց տարածքով անցկացնել, ուրեմն տեղում պետք է վերամշակել։ Ռուսաստանում գործընկերներ են գտել, որոնք շարժական վերամշակող սարքավորում ունեն։ Կարող են այն տեղափոխել այստեղ և տեղում վերամշակել, բայց նրանք պահանջում են մարտկոցների կրիտիկական քանակ ապահովել։ Հնարավոր է 5-6 տարի կուտակեն մինչև որոշակի քանակ ունենան, որից հետո սարքավորումը տեղափոխեն։

«Քարոզչական լուրջ աշխատանք պետք է կատարել, որպեսզի ցանկացած սպառող գիտակցի, որ մարտկոցը հողի մեջ նետելը վտանգավոր է, պետք է հանձնի։ Հակառակ դեպքում մեր աշխատանքը շատ փոքր արդյունք կունենա։ Ընկերությունը պատրաստ է գովազդելու այս ամենը, սակայն հավանական չենք համարում, որ մարդիկ կիլոմետրերով ճանապարհ կկտրեն, որպեսզի մի քանի մարտկոց հանձնեն»,– ասում է Արթուր Չոբանյանը։

Ընկերությունն անցած տարի ՇՄ նախարարության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Հուսով են, որ օրենսդրական փոփոխություն կկատարեն և կենցաղային տեխնիկա ներկրող ընկերություններին հնարավորություն կտան բնապահպանական գործունեություն ծավալել նաև իրենց տարածքից դուրս։ Միաժամանակ, արդյունքի հասնելու համար միայն իրենց ընկերության ջանքերը բավարար չեն համարում։ «Հարցին լուծում տալու համար պետք է կարողանանք մեր շուրջը միավորել շրջակա միջավայրի պահպանությունը կարևորող մարդկանց և կենցաղային տեխնիկա ներկրող ընկերություններին։ Դրա համար պետությունը պետք է օրենք ընդունի, և յուրաքանչյուր տոննայի համար ներմուծողը պետք է վճարի»,– ասում է տնօրենը։ 

Մարտկոցների վերամշակումն ինչպե՞ս է չեզոքացնում վտանգը

Արթուր Չոբանյանի ասելով՝ ամենակարևորը մարտկոցների սորտավորումն է։ Մարտկոցները տարբեր քիմիական բաղադրություն ունեն։ Էժան՝ 100 դրամանոց, մարտկոցները լուրջ թունավոր նյութեր չեն պարունակում, հիմնականում աղային բնույթ ունեն՝ կալցիում, կալիում և մագնեզիումի աղեր են, որոնք վտանգավոր չեն։ Կան թանկ մարտկոցներ, որոնք ծանր մետաղներ են պարունակում՝ կադմիում, ցինկ, կապար, նիկել, սնդիկ և այլն։ Դրանք վտանգավոր թափոններ են։

Առաջին մեքենան իրարից առանձնացնում և տեսակավորում է մարտկոցները, որից հետո երկրորդ մեքենան առանձին–առանձին աղում է, այնուհետև քիմիական ռեակցիայի միջոցով առանձնացնում են աղերը։ Կան մետաղի աղեր, որոնք պարարտանյութ, ոչ վտանգավոր թափոնները թույլ է տրվում արտահանել։ Վերամշակող ընկերությունը պատրաստ է դրանք դուրս հանել մեր երկրից։

Ապագայում մարտկոցների քանակը մեծապես ավելանալու է՝ պայմանավորված էլեկտրաէներգիա արտադրող պանելների լայնամասշտաբ կիրառությամբ։ Խոտանվելուց հետո դրանց հետ ի՞նչ է լինելու։ Ա Չոբանյանն ասում է, որ արևային պանելները շատ մեծ քանակով են ներմուծվում, Հայաստանում արևային էներգետիկան ռեկորդային տեմպերով զարգանում է։ Մոտ 20 տարի հետո դրանք նույնպես թափոն կդառնան, բայց այսօր շատ արդիական է մարտկոցների հարցը։

«Վեգա»-ն գտել է իր ներկրած արտադրանքի թափոններից ազատվելու բանաձևը

Թափոնների կառավարման ոլորտում «Վեգա» ընկերության մյուս ուղղությունը կենցաղային տեխնիկայի վերամշակումն է։ Քաղաքացիները, որոշակի գումարի դիմաց իրենց հին տեխնիկան, որպես թափոն, կարող են հանձնել «Վեգա» խանութներում։ Իրավաբանական անձանցից նաև ընկերությունն է վերցնում ու տեղափոխում թափոնների օգտահանման կենտրոն։ Ընկերության մասնագետները մասնատում և սորտավորում են թափոնը՝ մետաղը, ապակին, պլաստիկը և այլն։ Վերամշակող մի շարք ընկերությունների հետ պայմանավորվածություն ունեն, որոնք ընդունում են նյութերը։

«Նյութեր կան, որոնց համար մեզ վճարում են, կան նյութեր, որոնց համար մենք ենք վճարում, որ ընդունեն։ Օրինակ՝ ռետինե խողովակների, դետալների համար մենք ենք վճարում՝ 1 կգ–ը 250 դրամ։ Դրանց վերամշակումից դիզելային վառելիք են ստանում»,– հայտնեց ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը։

Վերջինս բարդ է համարում պլաստիկի վերամշակումը։ Պլաստիկները սորտավորում են, քանի որ տարբեր տեսակի պլաստիկներ տարբեր տեխնոլոգիայով են վերամշակվում։ Պլաստիկի տարատեսակներ կան, որոնց վերամշակումով Հայաստանում դեռևս լրջորեն չեն զբաղվում, առայժմ կուտակում են մինչև վերամշակողը գտնվի։

Ընկերությունը նաև վերամշակվող թափոնի թղթաբանությունն է իրականացնում և ՇՄՆ-ին հաշվետվություն է ներկայացնում, թե որ տեսակից ինչքան է զտվել և ում է հանձնվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter