HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա իմպիչմենթից խուսափելու համար

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալու փետրվարի 12-ին:  

«Ռումինիային և Ռումինիայի քաղաքացիներին այս ճգնաժամից, նման անօգուտ և բացասական զարգացումից փրկելու համար ես հրաժարական եմ տալիս նախագահի պաշտոնից»,-ասել է նա։

Յոհաննիսը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, սկզբում պետք է հրաժարական տար անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո։ Սակայն նրա լիազորությունները ժամանակավորապես երկարաձգվել էին այն բանից հետո, երբ Ռումինիայի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել չեղարկել ընտրությունների արդյունքները ենթադրաբար Ռուսական միջամտության պատճառով։

Անցած տարվա նոյեմբեր ամսին կայացած ընտրություններից հետո Ռումինիայում քաղաքական անկայուն իրավիճակ էր սկսվել։ Աջ ծայրահեղական անկախ թեկնածու Կալին Ջորջեսկուն անսպասելիորեն առաջատար էր դարձել՝ հավաքելով ձայների 22,94 տոկոսը։ Իսկ աջ կենտրոնամետ «Միություն հանուն Ռումինիայի փրկության» առաջնորդ Ելենա Լասկոնին ստացել էր ձայների 19,18 տոկոսը։ Երկրորդ փուլը, սակայն, այդպես էլ չկայացավ։

Ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշումը Սահմանադրական դատարանը ընդունել էր այն բանից հետո, երբ հետախուզական ծառայությունները գաղտնազերծել էին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ջորջեսկուի նախընտրական ֆինանսավորումը անօրինական է եղել, իսկ ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ըստ դատարանի, հաքերային հարձակումներ են եղել ընտրական գործընթացում օգտագործվող թվային ենթակառուցվածքների վրա։

Կլաուս Յոհանիսը զբաղեցնելու էր պաշտոնը մինչ նոր ընտրությունների անցկացումը՝ այս տարվա մայիսի 4-ը։ Սակայն աջ ծայրահեղական և լիբերալ խմբակցությունների ընդդիմադիր պատգամավորները միավորվել են՝ նախաձեռնելով նախագահի իմպիչմենթի գործընթացը և պնդելով, որ Ռումինիայի նախագահը չի կարողացել լուծել ընտրությունների անվտանգության վերաբերյալ կարևոր հարցերը։

Յոհանիսը իմպիչմենթը անվանել է «անհիմն» և «վնասակար»։ Հրաժարականի ելույթում նա հայտարարել է. «Ես երբեք չեմ խախտել Սահմանադրությունը։ Այս պահից սկսած բոլորը կորցնում են, ոչ ոք չի շահում»։

Յոհանիսի հեռանալուց հետո Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ Իլիե Բոլոիանը կզբաղեցնի նախագահի պաշտոնը մինչև նոր նախագահական ընտրությունների անցկացումը։

Գլխավոր լուսանկարը՝ Carl Court/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter