HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի նախագահ Փեզեշքիանը ԱՄՆ-ին մեղադրել է կեղծ դիվանագիտության մեջ  

Երկուշաբթի Թեհրանում Իրանի հեղափոխության 46-րդ տարելիցի առթիվ իր ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանը «ծնկի բերել»։ Փեզեշքիանը պնդել է, որ կեղծ դիվանագիտական քայլեր կատարելու հետ մեկտեղ ԱՄՆ-ն փորձում է խաթարել իր կառավարությունը։  

Փեզեշքիանի դժգոհությունն ուղղված է Թրամփի որդեգրած «առավելագույն ճնշումների» քաղաքականությունը վերսկսելուն։ Այս քայլը, ըստ Թրամփի, նպատակ ունի զրոյացնել Իրանի նավթային արտահանումը և միջուկային գործունեությունը։ Միևնույն ժամանակ Թրամփը ցանկություն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության գալ երկրի ղեկավարության հետ։  

«Թրամփն ասում է, որ ցանկանում է բանակցել, բայց միաժամանակ նա հաստատում է ցանկացած դավադրություն այս հեղափոխությունը ծնկի բերելու համար», - ասել է Փեզեշքիանը Թեհրանի Ազադի հրապարակում՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը,- «Նա պնդում է, որ բաց է երկխոսության համար, բայց միաժամանակ մեղադրում է Իրանին տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ»։  

«Մենք պատերազմ չենք փնտրում», - ասել է Փեզեշքիանը՝ ավելացնելով, որ Իրանը «երբեք չի խոնարհվի օտարերկրացիների առաջ»։  

Իրանի 10-օրյա տոնակատարությունները, որոնք նշվում են շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի տապալման առթիվ, սկսվում են ամեն տարի հունվարի 31-ին. այդ օրը 1979 թվականին աքսորից Թեհրան է վերադարձել Այաթոլլահ Խոմեյնին։ 

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին Իրանի պաշտոնյաները քաղաքացիներին կոչ են արել մասնակցել տոնակատարություններին: Հազարավոր մարդիկ մասնակցել են երթերի Իրանի խոշոր բնակավայրերում, երթերի ժամանակ հնչել են հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր, որոշ դեպքերում քաղաքացիները վառել են ամերիկյան դրոշները:

«Եթե միասին ձեռք ձեռքի տանք, մենք կարող ենք լուծել երկրի բոլոր խնդիրները», - ասել է Փեզեշքիանը՝ մեղադրելով ԱՄՆ-ին երկիրը պառակտելու փորձեր անելու մեջ։  

Փեզեշքիանը քննադատել է ԱՄՆ-ին Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի ռազմական գործողությունները աջակցելու համար։ 

«ԱՄՆ-ն պնդում է, որ աշխատում է խաղաղության համար։ Ո՞վ է իսկապես խաթարել խաղաղությունը տարածաշրջանում։ Ո՞վ է պատասխանատու սպանությունների, ավերածությունների և անկայունության համար»,-ասել է Փեզեշքիանը։  

Փետրվարի 4-ին Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ՝ միաժամանակ երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով։  

Նույն օրը Թրամփը նաև զգուշացրել էր, որ եթե Իրանը փորձի սպանել իրեն, երկիրը «կոչնչանա»։ 

«Ես հրահանգներ եմ թողել. եթե նրանք դա անեն, նրանք կոչնչանան։ Ոչինչ չի մնա», - ասել է Թրամփը։  

2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ կանխել էր Իրանի կողմից Թրամփին սպանելու դավադրությունը։ Իրանի պաշտոնյաները այդ ժամանակ մերժել էին մեղադրանքները։

Գլխավոր լուսանկարը՝ WANA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter