Մեկնարկում է Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը
Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ֆինանսների նախարարությունը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել՝ մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ:
Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից՝ ծրագիրը կհամաֆինանսավորեն նաև Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրոյի չափով և Եվրոպական միությունը նույն գումարի ներդրումային դրամաշնորհով:
Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը եվս ֆինանսավորել են ՎԶԵԲ-ն, ԵՆԲ-ն և ԵՄ-ն ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ.-ին' մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է Երևանի քաղաքապետարանի համար, և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ:
Անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին Տարոն Մարգարյանը նշել է. «Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին նշել է, որ այս փուլի ստորագրմամբ, ըստ էության, կամբողջանա Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը: «ՀՀ կառավարությունն իր հերթին, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Երևանի ենթակառուցվածքների զարգացումը, փորձում է վարկային միջոցներ ներգրավել այդ ուղղությամբ»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:
Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել