
Տրանսպորտի 100 դրամ սակագինը պահելու ընդդիմության առաջարկը չընդունվեց
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկում է ներկայում գործող տրանսպորտային փաթեթների հետ մեկտեղ նախատեսել նաև «Մեկանգամյա օգտագործման» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու հնարավորություն, որը կարժենա 100 դրամ։
Ըստ ավագանու ընդդիմադիր անդամի՝ սոցիալական անարդարության մեղմացման, ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առանց այդ էլ դժվար կացությունը չխորացնելու և հանրային տրանսպորտի գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել 100 դրամ արժողությամբ մեկանգամյա ուղևորափոխադրման հնարավորությունը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն առաջարկում է ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներից գանձվող տուրքերի հաշվին լրացուցիչ եկամուտներն ուղղել տրանսպորտային համակարգի սպասարկմանը։
Մինչև որոշման նախագծի զեկուցումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշման նախագծին տվել է բացասական եզրակացություն։
Նախագիծը ներկայացնող Արամ Թորոսյանը շեշտեց՝ իշխանությունն առնվազն վեց անգամ փոփոխել է տրանսպորտի փաթեթների վերաբերյալ ավագանու որոշումը, և այդ ամենը տեղի է ունեցել բացառապես հանրության ճնշման արդյունքում։
Ըստ Թորոսյանի՝ իշխանությունը չի կարողանալու ապահովել ֆինանսական հավաքագրումները, թանկացման դեպքում ունենալու են չվճարողների բարձր տոկոս։
«Ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր 100 դրամի փոխարեն 150 են վճարելու, իրենք էդ 50 դրամը նաև վճարելու են նրա համար, որ զոհվածների ընտանիքի անդամները տեղաշարժվեն Երևան քաղաքով անվճար, նրանք վճարելու են նրա համար, որ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտից օգտվեն անվճար, և բոլոր էն խմբերի համար, որոնք ներառված են անվճար խմբերում»,- արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Թորոսյանն էլ, արձագանքելով Ավինյանին, հայտարարեց՝ զեղչային տարբեր համակարգեր միշտ էլ գոյություն ունեցել են, իրենց առաջարկը 100 դրամը պահպանելն է։
Մինչ քվեարկությունը Տիգրան Ավինյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ մեղադրելով ընդդիմությանը նրանում, որ նրանք հոգեբանական տեռորի են ենթարկում քաղաքացիներին և ներկայացնում՝ իբր, տրանսպորտը դարձել է 300 դրամ։ Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, որոնք հասկանում են՝ իշխանությունն ինչ և ինչի համար է անում։
Տրանսպորտի սակագինը 100 դրամ դարձնելու որոշման նախագիծը չընդունվեց` ստանալով 27 կողմ և 30 դեմ ձայներ։
Մեկնաբանել