
Հաստատվել են պետական գույք ընդունելու և օտարելու մասին մի շարք որոշումներ
Կառավարությունը 2025-ի փետրվարի 13-ի նիստում մի քանի որոշում ընդունեց պետությանը պատկանող անշարժ գույք դասական աճուրդով օտարելու մասին:
Որոշումներով սահմանվում է․
- Օտարել Սևան քաղաքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտեցված մոտ 153 մլն դրամ կադաստրային արժեքով 2572․67 քառ. մետր մակերեսով շինություններ, ինչպես նաև զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.679 հեկտար մակերեսով հողամասը։
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190․5մլն դրամ։
Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 908 հազար դրամը․ ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը։
- Օտարել Երևանի Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող 1687.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, սեփականության իրավունքով 0.11897 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 0.01092 հեկտար մակերեսով հողամասի 3/4 բաժնեմասը։ 2023 թվականի հուլիսի 20-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 403 մլն դրամ։ Արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը 176 մլն դրամ է։ Գույքի շուկայական արժեքին մոտեցված կադաստրային արժեքը՝ 394 մլն դրամ։ Աճուրդը կմեկնարկի 403 մլն դրամից։
Գնորդը պարտավոր կլինի վճարել նաև արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 607 հազար դրամը՝ ներառյալ՝ ԱԱՀ։
- Օտարել Ծովակալ Իսակովի պողոտա 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող հողամասերը:
Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 12 հա։ Շուկայական արժեքը ավելի քան 16 մլրդ դրամ է։ Նույնքան է նաև աճուրդի մեկնարկային գինը։ Իսկ գույքի արժեքի որոշման ծախսերը կազմում են մոտ 1 մլն դրամ։
Հաստատվել են նաև Կառավարությանն ամրացվող անշարժ գույքի նախագծերը։
Մասնավորապես․
Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել մի քանի աճուրդ։ Վճռի հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 8-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 2 հա մակերեսով հողամասի, Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասի և Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0,4997 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Հակակոռուցպիոն դատարանն անվավեր է ճանաչել նաև Երևանի քաղաքապետի և Վաչագան Ապետնակի Թովմասյանի միջև 17․08․2005 թվականին Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքի 1․24 հա մակերեսով հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը։
Գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել երկու այլ աճուրդներ ևս։ Որոշմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 2,67 հա մակերեսով և Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 36/1 հասցեում գտնվող 2,64 հա մակերեսով հողամասերի նկատմամբ։ Իսկ քաղաքացիական գործով մեկ այլ վճռի հիման վրա՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի գյուղ Արզական թիվ 22 հասցեում գտնվող 3,0 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Մեկնաբանել