HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեական գործերով ներդրվում է վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ

Արդարադատութան նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով մի շարք փոփոխութուններ ու լրացումներ է առաջարկում իրականացնել Քրեական դատավարութան օրենսգրքում: Հեղինակների պնդմամբ՝ դրանով ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներում քննութունը:

Քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հեղինակները նշում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործերով վերաքննիչ բողոքների հիման վրա իրականացվում է առաջին ատյանի դատարանի կողմից հաստատած փաստերով, հետազոտված ապացույցներով բողոքի քննություն, և դատարանը գործի քննության արդյունքում չի գալիս այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է կողմերի բանավոր լսումների անցկացումը, կամ կողմը ապացույցներ հետազոտելու միջնորդություն չի ներկայացնում, վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննությունը դատարանի ծանրաբեռնվածություն է ստեղծում: Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել գործի ողջամիտ ժամկետներում քննության չպահպանմանը։

Ստացվում է, որ ապացույցները հետազոտելու միջնորդություն չներկայացնելու դեպքում վերաքննիչ ատյանը առաջին ատյանի հաստատած փաստական հանգամանքների շրջանակում իրականացնում է վերաքննիչ բողոքի քննությունը՝ դրա համար հրավիրելով դատական նիստեր, զգալի ռեսուրսներ է ուղղում, ինչի պայմաններում վերաքննիչ ատյանի՝ սահմանափակ վերաքննություն իրականացնելու ինստիտուտը չի երաշխավորվում։ Մեկ այլ դեպքում՝ վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա պատժի նշանակման կամ կրման հարցը լուծելիս դատարանը շատ դեպքերում կարող է անհրաժեշտ չհամարել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնել՝ անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված: Այդ պայմաններում դատական նիստեր հրավիրելը, դատական նիստեր հրավիրելու պարբերականությունը, նիստերի հետաձգումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ և՛ արդյունավետ արդարադատություն իրականացնելու, և՛ գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում ապահովելու տեսանկյունից։

«Նման պայմաններում վերաքննության ինստիտուտի իրավական նշանակության ու արդյունավետ կիրառումն ապահովելու տեսանկյունից, կարևոր է մաշկել այնպիսի ընթացակարգային կանոններ, որոնցով հնարավորություն կտրվի դատարանների ոչ օպտիմալ ծանրաբեռնվածության թեթևացման միջոցով նաև լուծել վերաքննիչ բողոքների ողջամիտ ժամկետներում քննության, արդարադատության արդյունավետության երաշխավորման, ինչպես նաև դատական խնայողությանն առնչվող խնդիրները»,-նշում են նախագծի հեղինակները:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝  2024թ. սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվ՝ շուրջ 8674 գործ:

Նախագծով առաջարկվում է դատական վերանայման ինստիտուտում վերաքննություն իրականացնելիս սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Դատաքննության բանավորության և գրավոր քննության սկզբունքները հավասարապես կիրառելի են արդարադատության բոլոր բնագավառներում։ Նման պայմաններում վերաքննիչ ատյանում դատական վերանայման ընդհանուր օրենսդրական կանխավարկածն ինքնին ոչ միայն չի ազդի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման վրա, այլև կնպաստի արդյունավետ, որակյալ և ժամանակին արդարադատության իրականացմանը։ Սակայն, ամբողջությամբ չի վերացվում վերաքննիչ բողոքների՝ դատական նիստում քննելու իրավական հնարավորությունը։ 

Բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կգա եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին՝ գրավոր ընթացակարգով իրականացող վարույթը փոխակերպելով բանավոր ընթացակարգի։

Գործող օրենքը սահմանում է դատավճիռը և որոշումը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, կողմերին ուղարկելու պահանջ: Արդարադատութան նախարարութան հիմնավորմամբ՝ դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ հաճախ օբյեկտիվորեն անհնար է լինում առավելագույն 5 օրվա ընթացքում դատավճռի կամ որոշման հրապարակումից հետո, դատական ակտը կողմերին ուղարկելը, ինչն անհամաչափ բեռ է դառնում դատավորների համար։

Առաջարկվում է 5 օրը դարձնել 10 օր և հրապարակումից հետո այդ ժամկետում դատավճիռը և որոշումը ուղարկել կողմերին:

Անդրադառնալով վճռին ներկայացվող պահանջներին, հեղինակները նշում են, որ Քրեկան դատավարության օրենսգրք» գործող կարգավորման համաձայն՝ նախագահողն ստորագրում է դատավճռի յուրաքանչյուր էջը։ Մինչդեռ դատարանի մի քանի տասնյակ էջերի հասնող վճիռների յուրաքանչյուր էջը նախագահողի կողմից ստորագրելը լրացուցիչ դժվարություն և անհարկի ծանրաբեռնվածություն է ստեղծում։ 

«Վճռին ներկայացվող միայն ձևական պահանջների ապահովման համար հատկացվում է լրացուցիչ ժամանակ, որն արդյունավետության տեսանկյունից խիստ մտահոգիչ է։ Նման պայմաններում կարևորվում է ձևական պահանջների հնարավորի կրճատման միջոցով հասնել ժամանակի արդյունավետ կառավարմանն ու անհարկի չծանրաբեռնել դատարաններին»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծով առաջրկվում է, որ Նախագահող դատավոր կնքի դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրի միայն դատավճռի եզրափակիչ մասը:

«Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում»,-նշված է նախագծի հիմնավորումներում:

Նշենք, որ նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter