
Ռազմավարությունից ռազմավարություն փոխադրվող պարտավորություններ
Հրազդանի սանիտարական աղբավայրը շահագործման պետք է հանձնվեր 2022թ․-ին, հետո խոստացան շահագործել 2023 թվականին, այնուհետև հավաստիացրին, որ 2024թ․-ի հուլիս-օգոստոս ամիսներին կշահագործվի, հիմա էլ «ակնկալում են» շահագործել 2025թ․ մայիս-հունիս ամիսներին։
Մեկ տարի առաջ, երբ հոդված էի պատրաստում ավելի քան 10 տարի կառուցվող և այդպես էլ ավարտին չհասնող աղբավայրի մասին, թերահավատորեն եմ վերաբերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) պաշտոնյաների` աղբավայրը 2024թ․-ին շահագործելու հավաստիացումներին։ «Ծրագրի իրականացման ընթացքից դատելով՝ քիչ հավանական է, որ աղբավայրը շահագործվի 2024թ․-ին, բայց գուցե պատրաստ կլինեն 2025-ին լիարժեք շահագործելու համար»,- գրել եմ հոդվածում։
2025թ․ փետրվարին հարցում ենք ուղարկել ՏԿԵ նախարարին՝ խնդրելով հայտնել, թե ո՞ր փուլում են գտնվում Հրազդանի սանիտարական աղբավայրի հետ կապված աշխատանքները։ Ե՞րբ է նախատեսվում շահագործել աղբավայրը։ «Ավարտվել են շինարարական աշխատանքները, ներկայում իրականացվում են ավարտի փաստագրման, ինչպես նաև հատուկ մեքենամեխանիզացիայի ձեռքբերման ու մատակարարման գործընթացները։ Սանիտարական աղբավայրի շահագործումն ակնկալվում է իրականացնել 2025թ․ մայիս–հունիս ամիսներին»,- հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։
Վ․ Կոստանյանը կրկնել է նախարարությունից մեկ տարի առաջ մեզ տրված պատասխանը։ ՏԿԵ նախարարության Կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն անցյալ տարի տեղեկացրել էր, որ շինարարությունը լրիվ ավարտվել է, հիմա աղբահավաք տեխնիկայի են սպասում։ «Հույս ունենք, որ մինչև հունիս տեխնիկան կբերեն, մատակարարները 10 ամիս ժամանակ են ուզել դրա համար, կարծում էինք, որ 6 ամիսը բավարար է։ Հուլիս-օգոստոս ամսին արդեն աղբավայրը կշահագործվի»,– հայտնել էր վարչության պետը։
Կառավարությունը 2021թ. ապրիլին «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիր» էր ընդունել։ Ծրագրի 2․6 կետով մինչև 2023թ․ դեկտեմբեր «առնվազն երկու նոր սանիտարական աղբավայր պետք է կառուցված լիներ՝ Հրազդանում և Երևանում (Նուբարաշենի նոր աղբավայր)։ Հրազդանը՝ շահագործման չի հանձնվում, Նուբարաշենում սանիտարական աղբավայր կառուցելու ցանկության մասին մեկ տարի առաջ ընդամենը հայտարարել են:
«Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրն» իրագործված համարելով՝ ՏԿԵՆ-ը 2024թ․ դեկտեմբերի 25-ին նոր նախագիծ է ներկայացրել քննարկման։ Առաջարկվում է Կառավարության 2021թ․ ապրիլի 1-ին ընդունած N 464-Լ որոշումը լրացնել 3-րդ հավելվածով։ Այն անվանել են «Աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2025-2035 թվականների միջոցառումների ծրագիր»։
Աղբահանության նախորդ՝ չիրականացված ծրագրի միջոցառումները տեղափոխում են առաջիկա տասնամյակի միջոցառումների ծրագիր՝ ավելի համեստ ժամանակացույցով։ Տասը տարվա համար 9 միջոցառում է նախատեսված։ 2025թ․ տարեվերջին խոստանում են սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման, առանձին հավաքման, փոխադրման ընթացակարգեր մշակել, որը կնվազեցնի աղբի ծավալները։
Եվրոպական միության հետ անցնող տարիներին կնքված մի շարք համաձայնագրերով Հայաստանի կառավարությունն աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման կայուն համակարգ ներդնելու պարտավորություն է ստանձնել։ «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագրի» 2-րդ հավելվածում 32 միջոցառում էր նախատեսվել, որոնց իրագործումը պետք է մոտեցներ պարտավորությունների կատարմանը։ Անցնող չորս տարվա ընթացքում պլանավորված 32 միջոցառումներից 3-4–ն է լրիվ կամ մասնակի կատարվել։
Հիմնականում փաստաթղթեր են մշակվել՝
- աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանություն,
- աղբահանության տեղական պլանների կազմման մեթոդաբանություն,
- բազմահարկ բազմաբնակարան շենքերում աղբամուղների արդիականացման կամ դրանց փակման ուղղությամբ առաջարկություններ և այլն։
Կենցաղային աղբի տեսակավորումը, վերամշակումն ու օգտահանումն այդպես էլ թողնվել է կամավորությանը։ Ընդ որում, վերամշակվող թափոնները տարանջատելու տեսականին գրեթե չի ընդլայնվել՝ թուղթ, պլաստիկ, ապակի։ ԵՄ-ի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին միացած Երևանին նվիրաբերված 930 նոր թափոնամանների շարքում վերջերս ալյումինի տարան է ավելացել։ Աղբի տարանջատումը կամավորության սկզբունքով իրականացնելու պայմաններում թե որքանն է տեղադրվում թափոնամաններում, կարող ենք դատել մարտկոցների հավաքագրման օրինակով։
2023թ․-ից վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա ունեցող «Վեգա» ընկերությունը 1,5 տարվա ընթացքում 500 կգ մարտկոց է հավաքել։ Ավելի ճիշտ՝ բնապահպաններն իրենց տարիների հավաքածը հանձնել են նրանց։ Ընկերության հաշվարկներով՝ տարեկան մինչև 10 տոննա մարտկոց է ներկրվում, եթե դրանք «Վեգա» ընկերություն չեն հանձնում, ուրեմն այդ 10 տոննան աղբամանում է հայտնվում կամ ուղղակի աղբանոցում։
Կառավարության ընդունած աղբահանության 2021–23թթ․-ի ռազմավարության ծրագիրը աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման կայուն համակարգ ստեղծելու համար «Հանրային իրազեկում» բաժին ուներ։ Այն նախատեսում էր թափոնների տեսակավորման, պատշաճ կառավարման կարևորության վերաբերյալ հանրության լայն շրջանների իրազեկում։
ՏԿԵ նախարարությունը ոչ միայն իրազեկումը չի ապահովել, այլև թերացել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի պահանջների կիրառումն ապահովելու հարցում։ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում 2023թ․ ապրիլի 13-ին կատարված որոշ լրացումներ և փոփոխություններ ուժի մեջ են մտել 2025թ․ հունվարի 1-ից։
Մասնավորապես, օրենքի 10-րդ հոդվածը լրացվել է 4․1 կետով․ «Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրական թափոնները, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը և այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչները և մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը, բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի աղբը, ձյունը և սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաև այլ վտանգավոր թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբահանություն կատարող անձանց կյանքին և առողջությանը»:
Հոդված 12–ը լրացվել է 5–րդ մասով. «Արգելվում է պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին գրավոր հարց ենք ուղղել, թե ինչպե՞ս է ապահովվում օրենքի վերը նշված հոդվածներով արգելվող թափոնների տեղադրումը աղբամաններում, և ո՞վ է դրա պատասխանատուն։ Վերահսկողության ի՞նչ մեխանիզմ է գործում աղբամանում արգելված թափոնի թափելը կանխելու, աղբը նետողին հայտնաբերելու և պատժելու համար։ Ի դեպ, վերահսկողություն սահմանելը նախատեսված էր 2021–23թթ․-ի միջոցառումների ծրագրով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են Ոստիկանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները»,– պատասխանել է նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։
Մեր հարցումը ինչ-որ մեկին պատժելու մասին չէ, այլ աղբամանում արգելված թափոնի տեղադրումը կանխելու մեխանիզմներ ունենալու։ Օրենքն ընդունողը պարտավոր է դրա կիրառումն ապահովել, ստեղծել կենցաղային աղբի տեսակավորման, վերամշակման և օգտահանման ողջ շղթան, որպեսզի այդ թափոններից յուրաքանչյուրն իր համար նախատեսված տեղում թափվի։
Մարդկանց պետք է տեղեկացնել, թե որտեղ և ինչպես են հավաքագրվում վտանգավոր թափոնները։ Ծանուցել դրանց վտանգավորության, կենցաղային աղբի հետ աղբամանում տեղադրելու անթույլատրելիության և այլնի մասին։ Այսինքն՝ քաղաքացիները և ընկերությունները հստակ պետք է իմանան, թե որ թափոնն ինչպես պետք է առանձնացնել կամ որտեղ պետք է տեղադրել, որպեսզի անվտանգ լինի և չխառնվի կենցաղային աղբի հետ։ Բնակիչների հետ հանրային իրազեկման աշխատանքներից հետո, գուցե, աղբը տեսակավորելու պարտավորության վերաբերյալ համաձայնագիր կնքեն, որպեսզի այն դառնա կատարման ենթակա պարտադիր պահանջ: Վերջում, իհարկե, պետք է զգուշացնել տուգանքների մասին։ Նախարարի տեղակալը պետք է իմանար, որ կամավորությունը չի կարող տուգանվել։
Ամիսներ առաջ բնակիչներին տուգանքով սպառնաց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Հայտարարեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200 000 դրամ) չափով տուգանք է սահմանում՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելու համար:
Տեսչությունում տեղյակ են, որ գյուղերում աշնանն ու գարնանը այրում են տերևաթափից առաջացած թափոնները և շարունակելու են այրել։ Գյուղացիները չգիտեն, որ չի կարելի այրել, նաև տեղյակ չեն տուգանքների մասին։ Մինչև տուգանելը ո՞վ պետք է բնակչությանը տեղեկացնի այրելու վտանգների մասին կամ բացատրի, թե ինչպես վարվել չորացած տերևների հետ։
ՏԿԵ նախարարության մշակած «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի» մեթոդաբանությամբ համայնքներն աղբահանության տեղական պլանն են կազմել։ Ծավալուն փաստաթուղթ է, որով պարտավորություններ են ստանձնել՝ թափոնների տարանջատման կարողություններ ստեղծել, համայնքի տնտեսվարողներին ներգրավել թափոնների տեսակավորման աշխատանքներում, զարգացած երկրների փորձը տեղայնացնել, բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, թափոնների քանակը որոշել և նվազեցնել սահմանված ժամկետում և այլն։
«Ինչպե՞ս է վերահսկվում համայնքների ընդունած «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի» իրագործումը, ՏԿԵ նախարարին ուղղված մեր հարցին նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը պատասխանել է․ «Տեղական պլանների մշակման և ներդրման աշխատանքների ընթացքի նկատմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշտադիտարկում է իրականացնում հարցումների միջոցով»։
Քանի որ Կառավարության ռազմավարական ծրագրերն են բարի կամքի փաստաթուղթ մնում, մենք ՏԿԵ նախարարին այլևս չենք հարցնում մշտադիտարկման արդյունքների մասին։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ Կառավարության որոշումները սոսկ տեղայնացնող, սահմանափակ կարողություններ և սահմանափակ հնարավորություներ ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններից։
Մեկնաբանել