HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները

Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է  նաև Գլխավոր դատախազությունը:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:

Համայնքի ղեկավարն առաջին որոշումը կայացրել է ապրիլի 1-ին: Ըստ որի՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, իսկ 0.1566 հա  հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար:

Հաջորդ որոշումը Կ. Եղիազարյանը կայացրել է նոյեմբերի 21-ին:  Ապարան համայնքի  Երնջատափ   գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք: Իսկ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: 

Նույն օրը համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանը մեկ այլ որոշում է կայացրել, այս անգամ համայնքի սեփականությունը ճանաչելով նույն գուղում գտնվող «3-րդ և 13-րդ դարում համայնքի կողմից ինքնակամ կառուցված» մեկ այլ՝ 447.59 քմ արտաքին մակերեսով եկեղեցին: Իսկ պահպանման և սպասարկման համար եկեղեցուն հատկացվել է 0.2815 հա հողամաս:

Նշված եկեղեցիները՝ իրենց սպասարկման տարածքով, պետական գրանցում ստանալուց հետո նվիրատվության պայմանագրերով հանձնվել են  Հայաստանի Առաքելական եկեղեցուն, և գրանցված է եկեղեցու սեփականության իրավունքը:

Ապարան համայնքի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը տեղեկություններ չուներ ավագանու կողմից հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ, իսկ ընդդունարանից խորհուրդ տվեցին խոսել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Կարեն Եղիազարյան» խմբակցության ավագանու անդամ Արկադի Կարապետյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ապարան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ժորա Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է  պատճառը, որ համայնքի ղեկավարի որոշումը վիճարկում են դատարանում: Ժ. Կարապետյանը հստակ չկարողացավ նշել պատճառը: Միայն մտաբերեց, որ որոշումը կայացվել է 2019թ․-ին, իսկ դատարան դիմելու առաջարկություն ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան, Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը:

Այդ ժամանակ վարչական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ներկայացրած հայցի ընդունումը: Դատարանը պատճառաբանել է, որ տվյալ իրավիճակում դատախազությունը  Վարչական դատարան դիմելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան: Այդ դեպքում դատախազությունն է դիմում դատարան՝ ի պաշտպանություն պետական կամ համայնքային շահի։ Մինչդեռ հայց հարուցելու առաջարկությամբ Դատախազությունը չէր դիմել Ապարանի ավագանուն:

Գլխավոր դատախազությունը վարչական դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, սակայն վերադաս դատարաններն անփոփոխ էին թողել ստորադաս դատարանի որոշումը:

Դրանից հետո Գլխավոր դատախազությունը հայց ներկայացնելու առաջարկությամբ 2024թ. հունիսի 11-ին դիմել է Ապարան համայնքի ավագանուն: Վերջինս նշված առաջարկը ստացել է, սակայն ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան, ինչից հետո էլ Գլխավոր դատախազությունը 2024թ. օգոստոսի 14-ին դարձյալ դիմել է վարչական դատարան:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» փոխանցեցին, որ հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Նշեցին, որ եկեղեցիները պատմամշակութային օբյեկտներ են, հետևաբար օտարման ենթակա չեն, մինչդեռ համայնքի ղեկավարը համապատասխան որոշմամբ և նվիրատվության պայմանագրով փոխանցել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

Մայր Աթոռը և Կադաստրի կոմիտեն գործով ներգրավված են որպես երրորդ անձ: Առաջին նախնական դատական նիստը հրավիրվել է 2025թ. հունիսի 25-ին:

Լուսանկարում՝ Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter