
Տիրան Խաչատրյանն ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց
Դատարանի որոշմամբ` գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է: Կիրառվել է խափանման միջոցների համակցություն` 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք: Այս մասին հայտարարել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։
Տիրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք՝ նա ձերբակալվել էր այս տարվա հունվարի 4-ին, իսկ հունվարի 5-ին՝ կալանավորվել։
Մեկնաբանել