HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատիսում սկսվել են Քրիստոսի արձանի հիմքերի բետոնացման աշխատանքները, սակայն նախագիծը նոր է ներկայացվել ՇՄԱԳ փորձաքննության

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացրել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագիծը։ Հիշեցնենք՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները մեկնարկել են դեռևս 2022թ․-ից և իրականացվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության։ 

ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ նախատեսվող հուշահամալիրի տարածքում կազմակերպված է շինարարական հրապարակ, հողային աշխատանքներն իրականացված են ամբողջ ծավալով, ընթացքում են հիմքերի բետոնացման աշխատանքները։

Հատիս լեռը հանգած հրաբուխ է, ՀՀ կառավարության 2008թ․ օգոստոսի 14-ի որոշմամբ այն ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում որպես երկրաբանական հուշարձան։ 

ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության առնչությամբ հայտարարել էր, որ Հատիս լեռան տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ 

gifmaker_me.gif (829 KB)

Ինչ է նախատեսվում

Գեոմորֆոլոգիական տեսակետից նախագծի տեղամասը հենց Հատիս լեռան գագաթն է: Այն չորրորդական հասակի հրաբուխ է և ունի 2519մ բացարձակ բարձրություն:

Համաձայն նախագծի՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան բարձունքին։ Համալիրը 3 հարթակներից բաղկացած հորինվածք է, որից սկիզբ է առնում 44 մետր բարձրությամբ պատվանդանը և ավարտվում 33 մետր բարձրությամբ քանդակով: 

Առաջին հարթակում՝ -5,7 նիշում, նախատեսված են սրճարան և այլ ծառայություններ այցելուների համար: 

Երկրորդ հարթկում՝ 0 նիշում, նախատեսված է ցուցասրահային հատված, ցուցասրահին կից սանհանգույցներ են լինելու: 

Բոլոր հարթակները կապված են աստիճաններով և թեքահարթակներով: Վերին հարթակից կազմակերպված է մուտք պատվանդանի ներսի հատված: Վերին հարթակից մեծ թեքությամբ աստիճաններով հնարավոր է բարձրանալ պատվանդանի վերին մակարդակ: 

Ինչպես է իրականացվելու Քրիստոսի քանդակը

Քանդակն իրականացվում է ալյումինե ձուլվածքով և ամրացվում է մետաղական հիմնակմախքի վրա։ Պատվանդանի ծավալում նախատեսված են մոտեցումներ մետաղական հիմնակմախքին հետագա շահագործման կարիքների համար։ 

Կառույցը նախատեսվում է իրականացնել միաձույլ երկաթբետոնից տրավերտինե սալերից երեսպատումով: 

Համալիրում նախատեսված են դեկորատիվ հարթաքանդակներ:

Նախատեսվում է կառուցել նաև ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ։ 

Ճոպանուղու երկարությունը 1300 մետր է լինելու։ Ունենալու է 2 կայան։ Առաջին կայանը տեղակայված է լինելու Ակունք գյուղում, երկրորդ կայանը՝  Քրիստոսի մոնումենտալ արձանի մոտակայքում։ Ճոպանուղին հնարավորություն է ունենալու տեղափոխել մինչև 12 մարդ։ 

Կառուցվող ճոպանուղին, բացի փոխադրամիջոց լինելուց, նաև ապահովելու է գեղեցիկ տեսարան ողջ ճանապարհի բարձրադիր դիրքերից։ 

Շինարարության տևողությունը՝ 36 ամիս։

ՇՄԱԳ նախագծողը վստահեցնում է, որ անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, պահպանության կարիք ունեցող բուսատեսակներին վնաս չի հասցվի, քանի որ նախատեսվող գործունեությունը իրականացվելու է ճանապարհին կից հատվածում, որը երկար տարիների ընթացքում արդեն իսկ ենթարկվել է անտրոպոգեն ազդեցությունների և որտեղ կենսաբազմազանությունը գրեթե բացակայում է: Տարածքում հողի բերրի շերտը բացակայում է:

Հիմնական ազդեցությունը պայմանավորված է հողային և շինարարական աշխատանքներով (հողային աշխատանքներն արդեն իսկ իրականացված են)։ Կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով ամենաինտենսիվ շինարարական աշխատանքները կիրականացվեն ձվադրման և բնադրման ժամանակաշրջանից (ապրիլ-մայիս) դուրս:

Պատվիրատու «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը բնապահպանական միջոցառումների համար նախատեսել է հատկացնել 2 մլն 780 հազար դրամ:

Տարածքում իրականացվելու է կանաչապատում՝ 4950 քմ տարածքում։ Համաձայն նախնական էսքիզի՝ նախատեսվում է տնկել 12650 հատ (6200 գծմ) կիպրոս, 2380 հատ թզուկ վարդեր, 4950 քմ՝ սիզամարգ (վերջնական տեսակային կազմը և քանակները կհստակեցվեն կանաչապատման նախագիծը համայնքի հետ համաձայնեցնելուց հետո):

Պետական կառույցները «ձեռքերը լվացել են»

2022թ․ հուլիսի 7-ին՝ Կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը նախնական դրական գնահատական է տվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին։ Այս հայտարարությունը կանաչ լույս վառեց Ծառուկյանի նախագծի համար։ Ընդամենը երկու օր անց՝ հուլիսի 9-ին, գործարար Գագիկ Ծառուկյանը տեղում և ֆեյսբուքյան  գրառմամբ  ազդարարեց Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկի մասին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից փորձեցինք ճշտել՝ արդյոք ստուգել են, թե ինչպես են հողային աշխատանքներ կատարել՝ չունենալով Շրջակա միջավայրի փորձաքննության դրական եզրակացություն։

Տեսչական մարմնի (ՏՄ) հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ ՏՄ-ն վարույթ հարուցել էր, սակայն երբ պարզվել է, որ Հատիս լեռան ամբողջ տարածքը համայնքապատկան է, վարույթը կարճել է։ 

Չնայած Հատիս հրաբուխը դասակարգված է որպես բնության հուշարձան, սակայն դրա անձնագիրը դեռևս չի կազմվել։ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվական բազայից պարզվում է, որ ՀՀ տարածքում գրանցված 232 բնության հուշարձաններից միայն 32-ի անձնագրերն են հաստատվել։ 

Գլխավոր լուսանկարը`  արխիվից, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter