
ԳՇ պետը դիմել է դատարան՝ խնդրելով մի քանի օրով դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը։ Ըստ ԳՇ պետի՝ հաշվի առնելով գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գիտելիքներն ու հմտությունները, անհրաժեշտ է փետրվարի 24-28-ը ՊՆ հանձնախմբի կազմում նրան գործուղել Հունաստան։
Ներկայում Նվեր Մարտիրոսյանը զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնին Մարտիրոսյանը նշանակվել է 2021թ. օգոստոսի 17-ին։
Հիշեցնենք, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին։ Զոհվածների ծնողների խոսքով՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։
Ըստ պաշտպանների՝ հրամանով զինծառայողները պետք է գնային «9-րդ կմ» կոչվող տարածք։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ Նվեր Մարտիրոսյանը եզակի մասնագետ է։
Դատախազ Վարդան Վարդանյանն առարկեց՝ նշելով, որ եզակի մասնագետ կամ անփոխարինելի մասնագետ, որպես այդպիսին, չկա, անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինվել այլ անձով։
Պաշտպանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը քաջատեղյակ է սույն գործից, և եթե հնարավոր լիներ այլ մասնագետ ներգրավել, նման միջնորդության կարիք ընդհանրապես չէր լինի։
Դատավորը լսեց նաև տուժողների կարծիքը։
- «Անփոխարինելի մասնագետ չկա։ Բոլորս էլ դեմ ենք»,- տեղից հայտնեցին զոհվածների ծնողները։
Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը մի քանի օրով փոխարինելու միջնորդությունը մերժել։
Դատարանում այսօր հարցաքննվեց 8 տուժող։ Ծնողները պատմեցին իրենց որդիների հետ վերջին զրույցից։ Նրանց մի մասը փորձել է տեղեկություն ստանալ այլ ծնողների միջոցով, երբ կապը զինծառայողների հետ արդեն ընդհատված է եղել։
Ծնողների մի մասը մեկնել է Արցախ, հանդիպել զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Հրամանատարը նրանց հայտնել է, որ զինծառայողները ողջ են, շրջափակման մեջ են։
«Երեխու հետ 6 օր չէի խոսել, հոկտեմբերի 17-ին գնացի Արցախ։ Հոկտեմբերի 23-ին հանդիպեցի Իշխանյանին, ասաց՝ միջոցներ ենք ձեռնարկում, դրա մասին ձեզ չենք կարող ասել, սպասեք: Սպասեցինք, բերեցին երեխեքի դիակները տվեցին»,- դատարանին հայտնեց տուժող ճանաչված Սեյրան Խաչատրյանը։
Մայիս Ավետումյանի հայրն էլ՝ Շահեն Ավետումյանը, դատարանին հայտնեց, որ իր իմանալով՝ որդու վաշտը շրջափակման մեջ է հայտնվել, ինքը վերադասների հետ հանդիպմանը չի մասնակցել։
«Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան 9-ին մոտ, զանգեց ուրիշի հեռախոսով, ասեց դիրքեր ենք բարձրանում, զանգել եմ՝ ձենդ լսեմ»,- արցունքն աչքերին պատմեց Շահեն Ավետումյանը։
Ավետիք Դավթյանի մայրը՝ Սուսաննա Դավթյանը, ասաց՝ տղան հոկտեմբերի 10-ին զանգել է, ասել՝ թեժ պատերազմ է, որոշել են իրենց տեղափոխեն Հադրութ։
Որդուց լուր չունենալով՝ Սուսաննան վաշտում ծառայող այլ զինծառայողների ծնողների հետ գնացել է Պաշտպանության նախարարություն։
«Սկզբից ասում էին, հույս են տալիս՝ երեխաները ողջ են, բունկերներում թաքնված են։ Վերջում պարզվեց, որ բոլորը զոհվել են, Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանել»,- ասաց նա։
Արմինե Ամիրյանն էլ պատմեց՝ որդին՝ Նորիկ Վարդանյանը, 2020թ. օգոստոսի 4-ին էր զորակոչվել։ Նա ծառայում էր 14-րդ վաշտում։ Արմինեն նշեց՝ մի քանի հոգու 14-րդ վաշտից տեղափոխել էին 7-րդ վաշտ, այդ թվում՝ որդուն։
Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ի առավոտյան է խոսել. «Ասեց գնում ենք դիրքեր՝ գործ անելու, ես կապի դուրս կգամ»։
Հետագայում Արմինեին հայտնել են, որ որդին անհետ կորել է։
«Ես մենակ տեղյակ եմ, որ հանձնված հողի մեջ են երեխեքին տարել, մտցրել»,- ասաց նա։
Ծնողներին մեկ հարց է տանջում՝ ինչու էին 73 զինծառայողի ուղարկում Հադրութ, երբ բոլորին հայտնի էր, որ այն արդեն գրավված է։
Դատական նիստի ավարտին դատախազ Վարդան Վարդանյանը դատարանին խնդրեց նիստերն ավելի հաճախ նշանակել՝ նկատի ունենալով գործի ծավալը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ընտել են ամենահարմար տարբերակը՝ հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը, և ավելի հաճախ նիստեր նշանակել չի կարող։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Նվեր Մարտիրոսյանը՝ զինվորական համազգեստով, լուսանկարն՝ արխիվային
Մեկնաբանել