HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրամփը մեղադրել է Կիևին պատերազմի մեջ ու ակնարկել, որ Ուկրաինայում պետք է անցկացվեն նոր ընտրություններ 

Այսօր Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն իր հիասթափությունն էր հայտնել՝ Ուկրաինային երեկ Ռիադում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում չներառելու վերաբերյալ:

Թրամփը մեղադրել է Ուկրաինային պատերազմի մեջ՝ ակնարկելով, որ Կիևը կարող էր «համաձայնության գալ» Ռուսաստանի հետ պատերազմը կանխելու համար:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու բանակցություններ վարել. Ուկրաինան հանդիպմանը չի մասնակցել

«Ես շատ հիասթափված եմ, լսել եմ, որ նրանք վրդովված են [բանակցություններում] տեղ չունենալու համար», - ասել է Թրամփը: Նա պնդել է, որ նույնիսկ ոչ փորձառու բանակցողը կարող էր տարիներ առաջ համաձայնության գալ «առանց մեծ տարածքների կորստի»։

«Դուք երբեք չպետք է սկսեիք դա: Դուք կարող էիք համաձայնության գալ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև կրկնել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու Կրեմլի պահանջը՝ կասկածի տակ դնելով Զելենսկու լեգիտիմությունը: 

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Ռուսաստանի՝ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու պահանջին որպես խաղաղության գործարքի մաս, Թրամփը պատասխանել է. «Նրանք ուզում են տեղ ունենալ [բանակցային] սեղանի շուրջ, բայց կարելի է ասել... արդյո՞ք Ուկրաինայի ժողովուրդը չպետք է խոսք ունենա: Երկար ժամանակ է անցել վերջին ընտրություններից: Դա (ընտրություններ անցկացնելու միտքը) ռուսական բան չէ, դա գալիս է ինձնից, այլ երկրներից»:

Ուկրաինան ռազմական դրության մեջ է 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր, ինչի պատճառով էլ երկրում չեղարկվել են ընտրությունները: 

Թրամփը իր խոսքում նաև պնդել է, թե Զելենսկու վարկանիշը «դարձել է 4%»։ Զելենսկին, ով 2019-ին ընտրվել է ձայների 73%-ով, գերմանական ARD-ին տված հարցազրույցում պաշտպանել է իր մանդատը։

​​«Ես նախագահ եմ, որովհետև իմ երկրի մեծամասնությունն ինձ աջակցում է։ Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է ազատվել ինձնից: Գուցե այլևս ոչ ֆիզիկապես, ինչպես պատերազմի սկզբում էր, այլ քաղաքականապես: Եվ դա բացարձակապես հասկանալի է, քանի որ ես շատ անհարմար անձնավորություն եմ, անհարմար՝ Պուտինի համար»,- ասել է Զելենսկին։

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել Ռուսաստանի հետ վերջին բանակցություններից հետո խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

«Կարծում եմ, որ ես ունեմ այս պատերազմը դադարեցնելու ուժը»,- ասել է նա։

Թրամփը նաև աջակցել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահներ տեղակայելու գաղափարը։

«Եթե նրանք ուզում են դա անել, դա հիանալի է, ես լիովին կողմ եմ»,- ասել է Թրամփը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մերժել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումը:

Եվրոպական առաջնորդները մտահոգություն են հայտնել, որ Թրամփը չափազանց շատ զիջումներ է անում Ռուսաստանին:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն իր թվիթերյան էջում կոչ է արել ԱՄՆ-ին խուսափել «Ռուսաստանի թակարդներից»՝ ընդգծելով «արդար և տևական» խաղաղության անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի պայմաններով:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին մամուլի խոսնակ Շոն Սավեթը մեղադրել է Թրամփին «Պուտինի քարոզչությունն» ընդունելու մեջ: Սավեթը ընդգծել է, որ այդ Ռուսաստանն է, ոչ թե Ուկրաինան, պատասխանատու պատերազմի համար՝ վկայակոչելով ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինայի տարածք և ենթադրյալ պատերազմական հանցագործությունները:

Մինչ Թրամփը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հավանական հանդիպմանը, խաղաղության բանակցություններում Ուկրաինայի դերի շուրջ լարվածությունը շարունակում է աճել:

Գլխավոր լուսանկարը՝ Joe Raedle/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter