HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում միասնական տրանսպորտային ցանց կձևավորվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ անելու նախագիծ է ներկայացրել Կառավարությանը։ Ըստ ՏԿԵՆ հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանն աջակցել տարբեր ծրագրերով։ Դրանք, ըստ ՏԿԵՆ-ի, կխթանեն տրանսպորտային պարկերի թարմացումը, կբարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը և հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը։

Կառավարությունը հնարավորություն կունենա ֆինանսական աջակցություն ցուցաբերել ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալներն ավելացնելու համար։

Օդային և երկաթուղային տրանսպորտի ոլորտում աջակցության ծրագրերը կարող են կիրառվել ենթակառուցվածքների զարգացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար։

«Պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերի իրականացումը կնպաստի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովմանը՝ արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով»,- նշված է ՏԿԵՆ հիմնավորման մեջ։

Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց։ Այսինքն՝ նախկինում 1 երթուղին սպասարկում էր 1 օպերատոր, գործադիրն ուզում է անցում կատարել 1 տարածաշրջանի կամ մարզի երթուղիները 1 օպերատրի սպասարկման սկզբունքին։ Դա, ըստ ՏԿԵՆ-ի, կնպաստի միասնական երթուղային ցանցի ձևավորմանը ՀՀ ողջ տարածքում։ 

Հիմնավորման մեջ միաժամանակ ասվում է, որ միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների, բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը, ըստ գերատեսչության, բացառում է առողջ մրցակցությունը։ 

Այսպիսով, ՏԿԵՆ-ը անհրաժեշտ է համարում իրականացնել մեծ ծավալի ներդրումներ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները սպասարկելու համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով։

Լուսանկարում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter