
Թանգարանային նմուշներն ու հավաքածուները կհաշվառվեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները «ՀՀ առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի» կազմում ընդգրկելու կարգ հաստատել։
Ըստ նախարարության՝ թանգարանային հավաքածուներում կան այնպիսի առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից։ Դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում:
Ըստ հիմնավորման՝ թանգարանային հավաքածուում առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաներն առանձնացված չեն։ Բացակայում են դրանց համար առանձնահատուկ պահպանման պայմանակարգերը:
ԿԳՄՍՆ-ն վստահ է, որ ցանկերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ արդեն իսկ առանձնացված առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների պաշտպանությունը, տարհանումը:
Նախատեսվում է, որ այն նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Բացառիկ կարևորության առարկաները կարող են լինել գիտական հետազոտությունների հիմք՝ նոր տեղեկություններ հաղորդելով պատմության, արվեստի, տեխնոլոգիաների, բնական գիտությունների կամ մշակույթի տարբեր ոլորտների մասին։
Հիմնավորման մեջ ասած է, որ կբարձրանա նաեւ թանգարանների միջազգային ճանաչումը։
Լուսանկարը՝ «Հետքի»
Մեկնաբանել