
«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը կընդլայնվի 78 հա-ով
Գործադիրն առաջարկում է պատմական մայրաքաղաքի զբաղեցրած տարածքից 78 հա ևս ընդգրկել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում։ Դա կապահովի հուշարձանի ամբողջացումը, պահպանությունն ու ուսումնասիրությունը:
Սահմանված տարածքն ընդգրկում է պատմական մայրաքաղաքի միջնաբերդի տարածքը՝ պալատական համալիրը, զորանոցները, զինագործական թաղամասը, բնակելի և քաղաքի կենտրոնական վերին թաղամասերի մի մասը։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ նոր ավելացվող 78 հա-ն ընդգրկում է պատմական Հայաստանի 600-ամյա իրադարձությունների ընթացքին առնչվող ճարտարապետական կառույցերը, քաղաքի հիմնադրմանը, զարգացմանն առնչվող պաշտպանական և ռազմական կառույցներ, թաղամասեր և այլն։ Ըստ Կառավարության, նոր ընդգրկվող հատվածներն ամենաարժեքավորն են՝ 1-9-րդ բլուրների վրա կառուցված, որոնք կազմում են մոտ 78 հա:
Կառավարության 2023 թ. որոշմամբ, «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում ընդգրկվել են մայրաքաղաքի տարածքում գտնվող միայն 11-12-րդ բլուրները՝ մոտ 6 հա: Նախագծով հուշարձանի տարածքը դառնում է մոտ 84 հա։
2023թ. Կառավարության որոշման նախագծի ներկայացման փուլում որոշակի անճշտություններ են եղել: Հիմնավորման մեջ ասվում է՝ նախկին Լուսառատ և Փոքր Վեդի համայնքների կադաստրային քարտեզներում եղել են պատմական և մշակութային հողերի մակերեսների չափսերին վերաբերող տվյալների անհամապատասխանություններ: Նոր չափագրության միջոցով հստակեցրել են և ճշտել այդ հողերի մակերեսները և դրանց վերաբերյալ տվյալները, ձեռք են բերել այդ հողերի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները:
Ըստ նախարարության հիմնավորման՝ նորագույն թաղումներով արդեն իսկ ոչնչացվել է քաղաքի հնագույն՝ ուրարտական թաղամասը: Վստահ են՝ հուշարձանի տարածքի ամբողջացումը արգելոցի սահմաններում կնպաստի տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելուն, ինչպես նաև արգելոցի անձնակազմի կողմից այցելուների և զբոսաշրջիկների արդյունավետ սպասարկմանը։
Մեկնաբանել