
Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախոշոր հաղթանակը գրանցեց
Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում։ Փետրվարի 21-ին Արմավիրի քաղաքային մարզադաշտում կայացած առաջին տնային խաղում մեր աղջիկները մրցեցին Լիխտենշտեյնի հավաքականի հետ և վստահ հաղթանակ տարան՝ հաղթելով 6-1 հաշվով։ Սա մեր ընտրանու ամենախոշոր հաշվով հաղթանակն է։
Խաղը սկսվեց Հայաստանի հավաքականի ակտիվ գործողություններով, որոնք արագ արդյունք տվեցին։ Խաղի 7-րդ րոպեին առաջին գոլը խփեց Մարալ Արթինը, ինչից հետո Հայաստանի հավաքականի գրոհները շարունակվեցին, և 13-րդ րոպեին Օքսաննա Պիզլովան կրկնապատկեց հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվեց մեր ընտրանու հարձակվող Լարա Կազանչյանի գոլով՝ 3-0:
Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը չնվազեց։ 51-րդ րոպեին 11-մետրանոցից չվրիպեց Աննա Դալլաքյանը՝ խփելով 4-րդ գոլը։ Մեկ րոպե անց Կատարինա Ռիշը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով Լիխտենշտեյնի միակ գոլը։ Սակայն Հայաստանի հավաքականը արագ վերականգնեց իր առավելությունը. 53-րդ և 71-րդ րոպեներին աչքի ընկավ Լարա Կազանչյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Խաղն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 6-1:
Հայաստանի կանանց հավաքականն ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ կրկին տանն ընդունելով Ղազախստանի ընտրանուն։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել