Մարզպետը մարզի գյուղատնտեսության վիճակը անմխիթար է գնահատում. այս տարի Լոռին հացահատիկի խնդիր կունենա
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուլիսի 3-ին մարզի լրագրողներին հաշվետվություն ներկայացրեց իր պաշտոնավարման մեկ տարին լրանալու առթիվ:
Արթուր Նալբանդյանը լրագրողներին ներկայացրեց մարզի 113 համայնքների բյուջեի եկամուտների հավաքագրման ընթացքը: Նշեց, որ 7 ամսվա դրությամբ եկամուտների հավաքագրումը կազմում է 86,5 տոկոս: Եկամուտների հավաքագրման թույլ օղակ համարեց հողի հարկերի հավաքագրումը: Այն կազմում է 62 տոկոս. «Ընդհանուր առմամբ համայնքներից պակաս է հավաքագրվել 37 մլն դրամ»,-հայտնեց մարզպետը: Թեև մարզում ստեղծված գյուղատնտեսական մթերքների արտադրության անբարենպաստ վիճակին, մարզպետին համայնքապետերը հավաստիացրել են, որ բերքահավաքից հետո հողի հարկային եկամուտների հավաքագրումը կհասնի 80-90 տոկոսի:
Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության վիճակին՝ Արթուր Նալբանդյանն ասաց, որ վերջին մեկ տարում ՀՀ կառավարության կողմից գյուղացիներին սերմացու, շուկայականից էժան գներով դիզվառելիք և պարարտանյութ ապահովելու արդյունքում մարզում 1200 հա-ով ավելացել են ցանքատարածությունները: Ավելացել է նաև անասունների գլխաքանակը, ներկայումս այն կազմում է 72 000 հազար գլուխ: Այսուհանդերձ, մարզպետը մարզի գյուղատնտեսության վիճակը գնահատեց անմխիթար. «Հին գյուղտեխնիկայով այլևս հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Անկախության տարիներին մեր գյուղական համայնքներին որևէ գյուղտեխնիկա չի հատկացվել»,-ասաց նա:
Ստեղծված իրավիճակում մարզի գյուղացիները հրաժարվում են օգտվել գյուղտեխնիկայի ձեռք բերման կառավարության լիզինգային տարբերակից` նախատեսված իրենց 50 տոկոս ներդրման պահանջի պատճառով: Արթուր Նալբանդյանը գտնում է, որ գյուղացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանք:
Իր աշխատանքային մեկ տարվա ընթացքում, մարզպետի խոսքով, կարևորել է նաև գյուղական համայնքներում հակակարկտային կայանների տեղադրումը: Ըստ նրան՝ եթե մեկ տարի առաջ հակակարկտային կայններ կային Դսեղ, Ֆիոլետովո և Օձուն գյուղերում, ներկայումս հակակարկտային կայաններ են տեղադրվել Ստեփանավանի Գյուլաքարակ, Վարդաբլուր և Կուրթան գյուղերում: Արթուր Նալբանդյանն ասաց, որ 2013թ.-ից հակակարկտյին կայաններ կտեղադրվեն Սպիտակի գյուղական համայնքներում:
Լոռու մարզն այս տարի նաև հացահատիկի խնդիր կունենա: Նախորդ տարիներին եթե Լոռիում հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է հա-ից 40-50 ցենտներ, այս տարի հա-ից միջինը կհասցվի մինչև 15 ցենտների:
Ուշագրավ էր մարզի քաղաքաշինության ոլորտին վերաբերող մարզպետի տեղեկատվությունը: Մարզը դեռ լիովին չի կարողացել վերացնել երկրաշարժի հետևանքները: «Գլելդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվող երկրաշարժից անօթևան մնացածների բնակարանով ապահովման ծրագիրը հետ է մնում ժամանակացույցից 700 շինարարի խնդիր ունենալու հետևանքով. «Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ Գյումրիից գալիս են մեր մարզում աշխատելու, բայց մեր մարզում աշխատողներ չունենք: Ընդ որում՝ այստեղ աշխատավարձի միջին չափը կազմում է 130-150 հազար դրամ»,- հայտնեց մարզպետը:
«Գլելդեն Հիլզը» միայն 2012թ.-ին իրակնացնելու է 7 միլիարրդ դրամի շինարական աշխատանքներ:
Արթուր Նալբանդյանը անդրադարձավ նաև մարզում իրականացվող ՀՀ կառավարության հրատապ ծրագրերին: Ասաց, որ 2-րդ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Առաջիկայում մարզը կստանա 3-րդ հրատապ ծրագրի մոտ 1 միլիարդ 326 մլն դրամ գումարը:
Ծրագրի 2-րդ փուլը, ըստ մարզպետի, ավարտման շեմին է. «Մնացել են 4 օբյեկտներ`այդ թվում Վանաձորի երաժշտական դպրոցը, որի շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, Արևաշող համայնքի խմելու ջրագծի շինարարությունը, Գեղասարի համայնքային կենտրոնի շինարարությունը և Դեբեդ գյուղի դպրոցի շինարարությունը:
Հանդիպանը մարզպետին իրենց հարցերն ուղղեցին լրագրողները: Օգտվելով առիթից` «Հետքը» խնդրեց մարզպետին հայտնել իր կարծիքը 2010թ.-ի «Անվտանգ միջավայր» ԵԱՀԿ դրամաշնորհային ծրագրով մոնիթորինգի ենթարկված Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի հետագա ճակատագրի և «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությանը պատկանող Ախթալայի Նազիկ գետի հարևանությամբ գտնվող 2011թ.-ի ռեկուլտիվացված, սակայն վթարային վիճակում հայտնված պոչամբարի մասին: Արթուր Նալբանդյանն ասաց, որ տեղյակ է Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի խնդիրներին և դրանց հանգուցալուծումը իր համար օրակարգային է:
«Ես մկնդեղի գերեզմանոցի շուրջ առաջիկայում քննարկումներ կունենամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարների հետ, այնուհետև կորոշենք մեր անելիքը»,-ասաց նա:
Լոռու մարզպետին նույնպես մտահոգում էր «Մեթլըլ Փրինսի» կողմից Ախթալայում ստեղծված բնապահպանական վիճակը: Մարզպետը պոչամբարի վտանգների մասին չուներ անհրաժեշտ ինֆորմացիա, նա խոստացավ մարզպետարանի բնապահպանական պատասխանատուների միջոցով պոչամբարի վիճակի մասին անհրաժեշտ տեղեկությունը ստանալուց հետո զբաղվել խնդրով:
«Մեթըլ Փրինս» ընկերության ֆինանսական վիճակի մասին «Հետքի» հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ «Մեթըլ Փրինս» ընկերությունը ունի ֆինանսական լուրջ խնդիրներ. «Ես համոզված եմ, որ ընկերության ղեկավարների ներքին անհաշտությունն է, որ լեռնահարստացման կոմբինատը հասցրել է այդ վիճակին»:
«Ինչու Լոռու մարզպետարանը բավարար չափով չի վերահսկում մարզի համայնքների հավաքագրած եկամուտների ծախսերը»,- հարցրինք Արթուր Նալբանդյանին:
«Ճիշտ եք նկատել, այսօր պատահական չէ, որ կառավարության կողմից տեղի է ունենում որոշակի կառուցվածքային փոփոխություն նաև մարզպետարաններում: Այսուհետ մենք բյուջետային գործընթացներում հսկողություն կատարելու ենք ոչ միայն վարչական մասով, այլ առանձին ունենալու ենք աուդիտորական բաժին, որը զբաղվելու է կոնկրետ գործողություններով: Մենք այդ ժամանակ կզբաղվենք նաև ծախսային մասով»,- պատասխանեց մարզպետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել