
Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքի ազատութան իրավունքը. դատավորների, քննիչների, դատախազների մասին չպետք է խոսի
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանել: Ղազարյանը չի կարող խոսել դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մասին:
Նշենք, որ վարչական հսկողությունը այլընտրանքային խափանման միջոց է։ Այն մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:
Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
Պարզվում է` Է. Ղազարյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Օրինակ՝ արատավորող տեղեկություն են դիտարկվել` «կամ տգետ են կամ գիտակցված դավաճան», «ՍԴ-ն դարձել ա ՔՊ-ի քաղաքական բուդկա» և այլ արտահայտությունները:
Ղազարյանի փաստաբաններից Ռուբեն Մելիքյանն ասաց, որ նշված արտահայտությունները նույնիսկ մեջբերումներ են եղել, սակայն որոշել են մեղադրանք առաջադրել Է. Ղազարյանին:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանի որոշումը ցույց տվեց, որ Հայաստանում հնարավոր է սահմանափակել խոսքի ազատությունը և նույնիսկ դատական իշխանությունը երաշխավոր չէ այդ իրավունքին:
Դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրուցում Ռուբեն Մելիքյանը ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են: Իսկ վարույթն իրականացնող մարմինը պետք է 6 ամսվա ընթացքում գործն ուղարկի դատարան: Փաստաբանի խոսքով՝ սա ևս ցուցիչ է, վարույթն իրականացնող մարմինը վեցերորդ ամսին գործը կփոխանցի դատարանին՝ հաշվի առնելով, որ հանրային գործիչ է Ղազարյանը, երկար ժամանակով զրկեն իրեն այդ իրավունքից, թե բարեխիղճ կգտնվեն և արագ կուղարկեն դատարան, որպեսզի Ղազարյանի ադ իրավունքը չսահմանափակվի, հանրությունն էլ տեղեկանա, թե իրականում ինչ է կատարվել:
Էդգար Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքարկվելու են ոչ միայն դատարանի որոշումը, այլև քննիչի մինչ այս կայացրած բոլոր որոշումները:
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»,- հավելեց նախկին պաշտոնյան:
Էդգար Ղազարյանի փաստաբանական խումբն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։ Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» (5 փաստաբանի միավորումով նախաձեռնող խումբ,-հեղ.) հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
«Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել