
Պայմանական ազատազրկում. սպասումի ժամանակահատված
Կարենը (անունը փոխված է) 33 տարեկան է: 2023թ. հուլիսին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տպիչ սարքի միջոցով կեղծ նամականիշեր պատրաստելու միջոցով «Հայփոստ» ընկերությանը 3200 դրամի գույքային վնաս պատճառելու համար: Դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել և նշանակել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Ասում է՝ դատական ակտից հետո իր մոտեցումներն ու ապրելակերպը փոխվել են: Նախկին անվախ տղան այժմ դարձել է ավելի զգուշավոր՝ մտքում ունենալով քրեակատարողական հիմնարկում հայտնվելու վախը:
«Քանի որ սխալ էի թույլ տվել, պիտի պատիժ կրեի, դա հստակ գիտակցում էի, իսկ թե ինչ պատիժ՝ անորոշ էր: Ամբողջությամբ օգնել եմ նախաքննական մարմնին, որ շուտ բացահայտվի, քանի որ արդեն հասկացել էի, թե ինչ եմ արել: Բայց ամենադաժանը սպասողական վիճակն էր: Ես հոգեբանորեն պատրաստվել էի, քանի որ ազատազրկվելու հնարավորությունը 50% էր: Դատական պրոցեսը իմ համար շատ երկար տևեց: Ամեն դատական նիստի ժամանակ ուզում էի ասեի՝ դե ինչ որոշել եք, միանգամից ասեք: Իմ հարազատներն ավելի լարված էին՝ իմ համեմատ: Նրանք պատրաստ չէին իմ ազատազրկմանը»,- ասում է Կարենը:
Նա պատկերացում չի ունեցել նաև, թե իրեն ինչ է սպասվելու քրեակատարողական հիմնարկում, եթե պատիժը լիներ ազատազրկման ձևով: Զուտ տարբեր պատմություններ է լսել, կատակելով՝ «դա էլ է բախտի բան, նայած՝ ովքեր կլինեն խցակիցներդ: Բայց, եթե անընդհատ մտածես, թե ինչ կլինի, կարող ա գժվես»:
Կարենն ասում է՝ հասկացել է իր սխալը, վերականգնել է պատճառված 3200 դրամ գույքային վնասը, սակայն իրեն ամենաշատը մտահոգել է, որ ազատազրկումից հետո ընկերների ու շրջապատի վերաբերմունքն իր նկատմամբ կարող է փոխվել: Այդ է պատճառը, որ իր քրեական գործի ու դատավճռի մասին շատ քիչ մարդ գիտի: Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ Կարենը կալանավորված չի եղել և իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի նկատել:
Կարենը նշում է, որ դեռ վախ ունի՝ հայտնվել քրեակատարողական հիմնարկում:
«Պատիժս պայմանական է, ես 3 տարի շատ զգույշ պետք է ապրեմ: Կարող է հանգիստ քայլեմ, մեկը գա կպնի ինձ ու դա պատճառ դառնա, որ հայտնվեմ քրեակատարողական հիմնարկում, պայմանականը փոխվի ազատազրկման: Ինձ թվում է՝ այդ վախը ինձ կուղեկցի նաև պայմանականի ժամկետը լրանալուց մի կես տարի էլ: Քրեական գործից առաջ ավելի անվախ ու անզգույշ էի, ինքնավստահ, հիմա մի քիչ ավելի զգուշավոր եմ դարձել»,- պատմում է Կարենը:
Ասում է, որ եթե մարդն առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն է կատարել, պետք է նրան ուղղվելու հնարավորություն տալ: Այդպես մարդն ավելի շուտ կուղղվի, քան այն դեպքում, երբ նրան ազատազրկեն: Կարենի դիտարկմամբ՝ նույնիսկ կան դեպքեր, որ պետք է երկրորդ հնարավորություն տալ:
«Դատապարտյալի հետ «դատապարտվում» են նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը, ամուսինը, երեխաները, ծնողները: Ազատազրկման տարիները որակապես վատացնում են նաև նրանց կյանքը: Հանցանք կատարածին պետք է պատժել, բայց եթե նպատակը նրան ուղղելն է, ապա պետք է նման հնարավորություն տալ, թող ինքը գիտակցի ազատության գինը և այդպես ուղղվի»,- ասում է Կարենը:
Դատարանը Կարենին չի պարտավորեցրել մասնակցել վերասոցիալականացման ծրագրերին, ուղղակի նրա վարքի նկատմամբ վերահսկողություն է դրվել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա: Սակայն Կարենը ինքնակամ մասնակցում է Ծառայության կողմից կազմակերպված դասընթացներին, մշակութային միջոցառումներին:
Նրան դուր են եկել հոգեբանի հետ խմբային զրույցները, տարբեր իրավիճակների քննարկումները: Ասում է՝ այդ զրույցներին մասնակցելու նպատակներից մեկն էլ այն է, որ ինքն իրեն կառավարել իմանա և չտրվի սադրանքներին:
Պրոբացիայի ծառայությունում մասնակցում է նաև համակարգչային ու անգլերենի դասընթացներին:
Պատմեց, որ այդ դասընթացներին մասնակցելով՝ մի շարք գործիքներ է ձեռք բերել, որոնք կիրառում է կենցաղում: Օրինակ, Excel ֆայլում հավաքում է Երևանի գրեթե բոլոր գազալցակայանների տվալները, թե որտեղ ինչպես են ավտոմեքենաները լիցքավորում: Արդեն ունի առանձնացված ցանկ, թե որտեղ են խաբում սպառողներին և ավելի շատ գազ «լիցքավորում», քան գազաբալոնի տարողությունն է:
Անգլերենն էլ սովորում է շփման համար: Ինքն ու մորեղբայրը շինարարությամբ են զբաղվում: Մեկ-մեկ կարիք է լինում, որ իրենց աշխատանքներում ներգրավեն օտարերկրացիների, շփման խնդիրներ է ունենում:
Կարենի դիտարկմամբ՝ ավելի արդունավետ է, երբ դատապարտված անձը վերասոցիալականացման ծրագրերին մասնակցում է առանց պարտադրանքի, այլ կերպ ասած՝ առանց դատական ակտի: Եթե դատարանն է պարտադրում՝ ուղղակի նա ժամն է լրացնում, որ իր համար բարենպաստ վիճակ ստեղծվի, այլ ոչ թե, որ դա իրեն պետք է:
«Այսօր միակ թանկ բանը ժամանակն է: Եթե ժամանակդ ճիշտ չես օգտագործում, դառնում է վատնում: Եթե մարդն իր վրա չի աշխատում, իրեն էժանացնում է, լավ վարձատրվող աշխատանք չի կարողանում գտնել: Եթե ուզում են էժան չմնալ, պետք է իրենց վրա աշխատեն, իրենց թանկացնեն»,- ասում է Կարենը:
Նա ցանկանում է, որ արհեստական բանականության դասընթացներ ևս կազմակերպվեն, քանի որ այն արդեն ներխուժել է բոլոր բնագավառներ:
Պրոբացիայի ծառայության վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը «Հետքին» փոխանցեց, որ 2024թ. ընթացքում ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են կրթական և մասնագիտական դասընթացներ՝ անգլերեն, համակարգչային հմտություններ և ծրագրավորում: Իսկ ծառայության Արարատի ուսումնական կենտրոնում իրականացվում է կահույքաշինության դասընթաց։
2024թ. դասընթացներին մասնակցել է պրոբացիայի 45 շահառու, որից 28-ը ստացել են ավարտական հավաստագրեր։
«Պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ հաշվառված շահառուներից միայն 7%-ի վրա է դատարանների կողմից դրված պարտականություն՝ վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ, հիմնականում շահառուները ներառվում են կամավոր հիմունքներով, որն էլ, կարծում ենք, ապահովում է ավելի մեծ արդյունավետություն»,- ասում է Սիրարփի Մուղդուսյանը:
Մեկնաբանել