HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

88-կիլոգրամանոց Հռիփսիմեն 3-րդն է հսկաների մենամարտում. Հայաստանի առաջին մեդալը

Քասախցի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը 30-րդ օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի առաջին մեդալը՝ բրոնզի տեսքով: Միանգամից ասենք, որ մեր ծանրորդուհին գերծանր կանանց պայքարում ամենաթեթեւներից էր, այնինչ նրա հիմնական մրցակցիները 100 կգ-ից ավել էին կշռում: +75 քաշային կարգում սա, իհարկե, նորմալ երեւույթ է, 75-ից բարձր ցանկացած քաշ թույլատրվում է մարզիկներին, սակայն Խուրշուդյանը, 88 կգ լինելով, գերազանցեց բոլորին՝ բացի ռուս Կաշիրինայից եւ չինացի Ժոուից, որոնք իրար հետեւից ռեկորդներ էին սահմանում:

Պոկում ձեւում Խուրշուդյանը ցույց տվեց 128 կգ արդյունք եւ չորրորդն էր: Այս ձեւում առաջին տեղ զբաղեցրեց ռուս Տատյանա Կաշիրինան, որը աշխարհի ռեկորդ սահմանեց՝ 151 կգ: Հրում ձեւում Հռիփսիմեն բարձրացրեց 166 կգ, որը երրորդն էր թե ձեւում, թե երկամարտում, նրա հիմնական մրցակից նիգերիացի Մարիամ Ուսմանը այդ վարժությունում 0 ստացավ, իսկ նախորդ խաղերի օլիմպիական չեմպիոն հարավկորեացի Ջանգը ձախողեց վերջին փորձը, բավարարվեց 164 կգ-ով: Իր հերթին Ժոուն օլիմպիական ռեկորդ սահմանեց, հրելով 187 կգ, եւ երկամարտում թարմացրեց համաշխարհային ռեկորդը՝ 333 կգ: Տատյանա Կաշիրինան 332 կգ-ով երկրորդն էր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 294 կգ-ով երրորդը: Չորրորդ տեղը զբաղեցրած Ջանգը ցույց տվեց 289 կգ արդյունք:

Հռիփսիմեն մեր առաջին կին ծանրորդն է, որ օլիմպիական մեդալ նվաճեց, ավելին՝ նա առաջին կին մարզիկն է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեդալ է նվաճել: Եվ բացի այդ՝ նա Հայաստանի 3-րդ կին մարզիկն է, որ պատմության մեջ բարձրացել է օլիմպիական հարթակին: 1972-ին մյունխենյան խաղերում սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ 1980-ին մոսկովյան օլիմպիադայում Սիրվարդ Էմիրզյանը երկրորդն էր ջրացատկում: Մի խոսքով՝ Հռիփսիմեն պատմություն կերտեց: 

  

Մեկնաբանություններ (3)

Anush
Apres Hripsime jan!!! Shat sirun marzuhi e.
Աննա
Կեցցե՛ս, Հռիփսիմե, տղերքին ամոթով թողեցիր: Պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թիմի ներսում, որ մի կին ստիպված է իր ուսերի վրա դուրս քաշել ողջ թիմը:
Susan
Փառք և պատիվ Հռիփսիմեին , տեսանք թե ինչպես կռիվ տվեց երկաթի և մրցավարների հետ : Դա է մեծ մարզիկը , որը պայքարի էր դուրս եկել ,ոչ թե որոշ տղամարդիկ ,որոնք ծանրաձողը մի փոքր պոկելով հատակից գցում են և հետո գլուխը բռնում կարծես գժվում : Բայց հետո շատ ճարտար աջ ու ձախ ինտերնետում ելութ է ունենում , երևում է շատ շուտով շոուներում կտեսնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter