
«Լիդիան Արմենիան» 150 մլն դոլար բյուջետային երաշխիք կստանա
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում որոշվեց բյուջետային երաշխիք տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Բյուջետային երաշխիքը պետության կողմից գրավադրվող գումար է, որի հիմքով տնտեսվարողը հնարավորություն է ստանում վարկ վերցնել։
Նշվում է, որ երաշխիքով կապահովվի Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։ Բյուջետային երաշխիքը 150 մլն դոլար է, այն կտրամադրվի, եթե ընկերությունը ՀՀ-ում գործող բանկերից վարկ վերցնի հինգ տարի մարման ժամկետով։ Ընդ որում, վեցամսյա ժամկետում «Լիդիան Արմենիան» պետք է ներկայացնի ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, և տրամադրվող բյուջետային երաշխիքը չպիտի գերազանցի նրանց ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը։
Հայաստանի Հանրապետության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ»-ի միջեւ կնքված պայմանագրով՝ ընկերությունը ՀՀ-ին նվիրել է բաժնետոմսերի 12․5%-ը՝ 62․5 մլն դրամ արժողությամբ։ Հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերության մնացած բաժնետոմսերը և ընկերության թույլտվությունը գրավադրված են 2015թ․ նոյեմբերի 30-ին կնքված վարկային պայմանագրի դիմաց, գրավադրված է նաև անշարժ և շարժական գույք։
Գործադիրը վստահ է՝ սա կնպաստի սահմանամերձ Վայոց Ձորի մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը և կապահովի պետական բյուջեի համալրում:
«Ծրագրի շրջանակներում շինարարությունն ու շահագործումն իրականացվելու է բնապահպանական, ինչպես նաև առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով»,- ընկերությանն է հղում անում Կառավարությունը։
Էկոնոմիկայի նախարարության նախկինում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ ՀՆԱ-ն տարեկան շուրջ 1.0-1.5 տոկոսով կաճի: Հիմնավորման մեջ նաև նշված է, որ Ամուլսարի ոսկու հանքի շինարարության մեջ կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ շահագործման և արդյունահանման ընթացքում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:
Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ ծրագրի իրականացումը դրականորեն կանդրադառնա տեղական շուկայի զարգացման ու զբաղվածության մակարդակի վրա: Կարծում են՝ հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար։
Մեկնաբանել