
Ստամբուլում ԱՄՆ-ն և Ռուսաստանը բանակցում են դիվանագիտական լարվածությունը մեղմելու շուրջ
Այսօր Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները։ Ինչպես հայտնում են կողմերը, հանդիպման գլխավոր նպատակն է լուծել երկու երկրների դեսպանությունների գործունեության հետ կապված երկարատև վեճը:
Բանակցությունների կենտրոնում գործնական հարցերն են, քննարկվելու են դեսպանատների աշխատանքում սահմանափակումները վերացնելու, դեսպանատների աշխատակազմի թվաքանակի, վիզաների, ֆինանսական և բանկային գործարքների հետ կապված հարցեր:
Հանդիպումից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ օրակարգում չկան անվտանգային կամ քաղաքական, այդ թվում` Ուկրաինային առնչվող հարցեր:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդունել է խնդիրների բարդությունը, սակայն լավատեսություն է հայտնել` ընդգծելով քաղաքական կամքի և փոխըմբռնման կարևորությունը:
«Ոչ ոք չի սպասում, որ լուծումները հեշտ և արագ կտրվեն: Ներկա խնդիրը չափազանց բարդ է և անտեսված։ Բայց երկու երկրների քաղաքական կամքով, միմյանց լսելու և հասկանալու պատրաստակամությամբ, կարծում եմ, մենք կկարողանանք անցնել այս աշխատանքային գործընթացի միջով»,- ասել է Պեսկովը:
ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քուլթերը, իսկ ռուս դիվանագետների պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։ Նա ԱՄՆ-ում Ռուսաստանի հաջորդ դեսպանի հնարավոր թեկնածուն է:
Գլխավոր լուսանկարը Dilara Senkaya|Reuters
Մեկնաբանել