HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՄԱՍ-ը չորս պատանդի մարմին է հանձնել, Իսրայելը ազատ է արձակել 600-ից ավելի պաղեստինցի բանտարկյալի

Այսօր՝ փետրվարի 27-ին Գազայում ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել չորս իսրայելցի գերիների մարմինները։

Ըստ գերիների ընտանիքներին ներկայացնող «Պատանդների և անհետ կորածների ընտանիքների ֆորում» կազմակերպության, գերիներին արդեն նույնականացրել են։

Նրանցից մեկը՝ 85-ամյա Շլոմո Մանցուրը, սպանվել է 2023թ. հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Առանց մանրամասներ հայտնելու, Իսրայելը հայտարարել է, որ մյուս երեքը մահացել են գերության մեջ։

Իսկ պաղեստինցի բանտարկյալներին տեղափոխող ավտոբուսները ժամանել են Արևմտյան ափի Ռամալլա և Գազայի Խան Յունիս քաղաքներ։ 

Պաղեստինցի բանտարկյալների տեղեկատվական գրասենյակը այսօր հայտնել է, որ գիշերվա ընթացքում ազատ է արձակվել 642 բանտարկյալ, որոնցից 46-ը կանայք և անչափահասներ են։

Ազատ արձակված բանտարկյաներից 97-ին Իսրայելն արտաքսել է Եգիպտոս։ Ըստ Իսրայելի, նրանք կմնան այնտեղ, մինչև որևէ այլ երկիր ընդունի նրանց։

Շտապօգնության մեքենաները ազատված պաղեստինցիներին տեղափոխել են Խան Յունիսում գտնվող Եվրոպական հիվանդանոց, որտեղ նրանք անցել են բուժզննում։ Նախորդ փոխանակումների արդյունքում հայտնաբերվել էր, որ ազատված որոշ բանտարկյալների վերջույթները հեռացվել են Իսրայելում կալանքի տակ գտնվելու ընթացքում։

Այս փոխանակմամբ երկու կողմերը կատարեցին զինադադարի առաջին փուլի պարտավորությունները։ 

Երկրորդ փուլը, որը նախատեսված է սկսել այս շաբաթվա վերջին, ներառում է մնացած պատանդների ազատ արձակումը և Իսրայելի զինված ուժերի լիակատար դուրսբերումը Գազայից, սակայն մանրամասների շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել։

Քննարկվում է նաև առաջին փուլի երկարաձգումն ու զինադադարի պահպանումը, սակայն դեռ չկա համաձայնություն ավելի շատ գերիներ և բանտարկյալներ ազատելու հարցի շուրջ։

Գլխավոր լուսանկարը՝ Jehad Alshrafi | AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter