HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանում պարտվում է ՆԳՆ-ն, բայց վճարում է հարկատուն

Վերջին 2 տարվա ընթացքում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ենթակա մարմինների դեմ կայացվել է 6804 վճիռ, ինչի հիման վրա պետական միջոցներից դիմողներին վճարվել է մոտ 24 մլն 250 հազար դրամ, որպես դատական ծախս: Սա ֆինանսական երևացող կողմն է, իսկ թե պետությունն ինչքան ծախս է կատարել այդ գործերը քննելու՝ դատավորի, վերջինիս աշխատակազմի աշխատավարձերը վճարելու, նյութական միջոցների օգտագործման և այլի համար, փաստացի հնարավոր չէ հաշվել։ Այն մի քանի անգամ կարող է գերազանցել նշված գումարի չափը:

Փաստաբանները պարբերաբար ահազանգում են, որ վարչական դատարանը գերծանրաբեռնված է: Այդ պատճառով դատական նիստերը ուշ-ուշ են նշանակվում, հետևաբար գործերի քննությունը տևում է տարիներ: Ավելի ծանր է Վերաքննիչ վարչական դատարանի վիճակը, որտեղ տարին մեկ անգամ է նիստ նշանակվում: Օրինակ՝ կան գործեր, որ վարութ են ընդունվել 2025թ. հունվարին, և առաջին նիստը նշանակվել է մեկ տարի հետո՝ 2026թ. հունվարին։

Նշենք, որ վարչական դատարանում քննվում են այն գործերը, որտեղ մի կողմը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն է:  Վերջիններիս կամ դրանց պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ, եթե  խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել քաղաքացու, իրավաբանական անձի իրավունքներն ու ազատությունները, ապա հայցի հիման վրա գործը քննում է վարչական դատարանը:

Վարչական դատարան մուտք եղած հայցադիմումների զգալի մասը ներկայացվում է ՆԳՆ-ի և ենթակա պետական մարմինների (այսուհետ՝ նախարարություն) դեմ:  Օրինակ՝ 2025թ. հունվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում վարչական դատարան է ստացվել 340 գործ, որի կեսից ավելին՝ 189-ը, ներկայացվել է ՆԳՆ-ի դեմ:

Պարզվում է՝ ՆԳՆ-ի դեմ ներկայացված հայցերի գերակշիռ մասը վիճարկման հայցերն են: Այսինքն՝ հայցվորները վիճարկում են նախարարության կայացրած վարչական ակտերը, այդ թվում՝ պարեկների կայացրած ակտերը:

ՆԳՆ-ից «Հետքին» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2023-2024թթ. նախարարության դեմ ներկայացվել է 14 հազ. 838 հայցադիմում, որից 3 հազ. 803-ը ներկայացվել է 2023-ին, իսկ 11 հազ. 35-ը՝ 2024-ին:

Համեմատության համար նշենք, որ 2024թ. վարչական դատարան ընդհանուր առմամբ ներկայացվել է 21 հազ. 329 հայցադիմում, որի մոտ կեսը բաժին է ընկնում ՆԳՆ-ին:

2023թ. ՆԳՆ-ի դեմ ներկայացված հայցերից բավարարվել է 2 հազ. 37-ը, իսկ 2024-ին՝ 4 հազ. 767-ը: Այսինքն՝ ՆԳՆ-ի դեմ նշված քանակի գործերով վճիռներ են կայացվել: Սա չի նշանակում, որ օրինակ, 2024թ-ին ներկայացված 11 հազ. 35 հայցից բավարարվել է 4767-ը, քանի որ հնարավոր է հայցը ներկայացվել է նշված տարում, բայց դատական ակտը հրապարակվում է հաջորդ տարվա ընթացքում:

2025թ. փետրվարի 20-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետն ու Կառավարության անդամները քննարկում էին վարորդների կողմից անվտանգ երթևեկության կանոնների պահպանման հարցը, օրինակ՝ վարելու ընթացքում հեռախոսով խոսելը կամ գրելը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման դեպքերում, երբ պարեկը տուգանում է, վարորդը դիմում է դատարան, որտեղ ապացուցման բեռն ընկնում է պետական մարմնի վրա: Այս դեպքում տեսանյութ չկա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ ապացուցել իրավախախտում կատարելու փաստը, և «տուգանքը զրոյանում է»։

«Դե յուրե, մարդն ասում է՝ տուգանել եք, լավ եք արել։ Դե եկեք, դատարանում ապացուցեք։ Իսկ այդ ապացույցի հարցը պետք է լուծել։ Որովհետև մարդը տուգանվեց, գնաց դատարան, դատարանում հաղթեց, հետո էլ ասաց՝ իմ ծախսերը փոխհատուցեք։ Վերջում ստացվում է 5000 դրամ տուգանում ենք, 40.000 դրամ՝ հետ տալիս։ Ծախսային քաղաքականության խնդիր կա»,- նիստի ժամանակ հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դրա «մեղքը» բարդեց փաստաբանների վրա՝ ասելով, թե նրանք օգտագործում են մանիպուլյատիվ հնարավորությունները:

«Իհարկե շատ լավ է, որ պետության հետ հարաբերությունները լուծվում են դատական կարգով՝ արդար։ Բայց շատ վատ է, որ փաստաբաններն օգտագործում են այդ մանիպուլյատիվ հնարավորությունները և փաստացի խախտման պարագայում, այնուամենայնիվ կարողանում են դատարանում հարցը կարգավորել՝  հօգուտ խախտողի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Վարորդի կողմից տրանսպորտային միջոց վարելիս հեռախոսակապից օգտվելու համար վերջին 2 տարվա ընթացքում կայացվել է 47 573 որոշում: Իսկ տրանսպորտային միջոցները չամրակապված վարելու և չամրակապված ուղևոր տեղափոխելու համար կայացվել է 250 հազար 107 որոշում:

Նշված խախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում` 10 հազ. դրամի չափով  և 1 տուգանային միավորի կիրառում:

2023-2024թթ. տրանսպորտային միջոցը վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու համար կայացվել է 44 հազ. 56 որոշում: Այս իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` 7000 դրամի չափով և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Նշված իրավախախտումներն արձանագրվում են միայն Պարեկային ծառայողների (Ճանապարհային ոստիկանություն) տեսածի հիման վրա և որևէ այլ ապացույց՝ տեսանյութ, լուսանկար և այլն, չի լինում: Այսինքն՝ վերջին 2 տարվա ընթացքում ՆԳՆ-ի կողմից կայացվել է մոտ 341 հազ.  որոշում, որը գրեթե չի ունեցել որևէ այլ ապացույց՝ բացի վարչական ակտ կայացնողի տեսածը: Եթե վարչական պատասխանատվության ենթարկված վարորդները մոտ 341 հազ. որոշումները վիճարկեին վարչական դատարանում, ապա գրեթե բոլոր գործերով կհաղթեին, քանի որ շատ քիչ դեպքերում է ապացույց լինում:

Մինչդեռ, հաշվի առնելով տուգանքի գումարի ոչ մեծ չափը՝ 7-10 հազ. դրամ, ինչպես նաև տարիներով ձգձգվող դատական քննությունը, չիմացությունը և ինքնուրույն դատարան դիմելու անկարողությունը, վարորդների մեծ մասը նախընտրում է չբողոքարկել և վճարել տուգանքը: Չի բացառվում նաև, որ վարորդների մի մասն էլ ընդունում է իր կատարած իրավախախտումը և նշված հանգամանքները հաշվի չառնելով՝ վճարում է և չի բողոքարկում:

Ըստ ՆԳՆ-ի, 2023-2024թ. բողոքարկվել է միայն 37 հազ. 395 որոշում: Սակայն, ավելի տխուր պատկեր է, երբ այդ բողոքներից միայն 6487-ն է բավարարվել: Սա նշանակում է, որ վերադասության կարգով բողոքները վերանայվում են կամայական և իրականացվում է ոչ ճիշտ վարչարարություն: Հակառակ դեպքում, նույն ապացուցողական բազայով, ինչպես կարող է մի դեպքում բողոքը բավարարվել՝ օրինակ, վերցնելով պարեկի որոշումը՝ չամրակապված երթևեկելու մասին, մյուսինը՝ մերժվել: Նույնը վերաբերում է նաև վարելու ընթացքում հեռախոսով խոսելուն ու  ծխախոտ օգտագործելուն:

Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ոչ թե պետք է կենտրոնանար (նրանց մեղադրելով մանիպուլյացիաների մեջ) փաստաբանների վրա, որոնք քաղաքացիների շահերն են պաշտպանում, այլ հարց բարձրացներ, թե ինչու պատշաճ վարչարարություն չի իրականացվում, որի հետևանքով վնաս է կրում պետությունը:

Սա այն դեպքում, երբ վերը նշված բոլոր դեպքերով վարչական դատարանն ունի հստակ դիրքորոշում: Բացի պարեկային ծառայողների տեսածը, այլ ապացույցի բացակայության պայմաններում, դատարանը նշված փաստը համարում է վիճելի, որի  բացասական հետևանքները պետք է կրի Պարեկային ծառայությունը:

Ստացվում է, որ պետական մարմինը, տվյալ դեպքում՝ ՆԳՆ-ն՝ իր ենթակա մարմիններով, իմանալով դատարանի նման դիրքորոշման մասին, վերադասության կարգով այդ որոշումները բողոքարկելու ժամանակ հաշվի չի առնում, և գուցե հույսը դնում է զուտ նրա վրա, որ վարորդներն իրենց նյարդերը չեն փչացնի առնվազն մեկ տարի դատական ակտին սպասելիս, և կվճարեն տուգանքը:

Ամենևին չի նշանակում, որ պետական մարմինների դեմ հայցեր չպետք է ներկայացվեն, կամ վերջիններս ընդհանրապես չպետք է պարտվեն դատարաններում: Սակայն, այստեղ հարցն այլ է՝ պետական մարմինը դեմ է գնում դատարանի որոշմանը՝ փաստացի չկատարելով դատական ակտերում բարձրացված պահանջը, և տարիներ շարունակ իմանալով, որ դատարանում պարտվելու է, պայման է ստեղծում, որ քաղաքացին դիմի դատարան:

Փաստացի՝ նախարարությունը չի կատարում վարչական դատարանի որոշումները: Հետևանքը լինում է այն, որ պարտված գործերով պետական բյուջեի միջոցներից փոխհատուցվում են քաղաքացիների դատական ծախսերը, պետությունը զգալի միջոցներ է օգտագործում այդ գործերի քննության համար: Ի վերջո, կարևոր նշանակության այլ գործեր տարիներով լուծում չեն ստանում, քանի որ վարչական դատարանը ծանրաբեռնված է պետական մարմինների ոչ արդյունավետ վարչարարության պատճառով:

Այդ մասին հարցրել ենք նաև նախարարությանը, ինչին ի պատասխան, ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հատնել է, թե նախարարությունը պարբերաբար վերլուծում է ձևավորված դատական պրակտիկան և իր համապատասխան գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկել և ձեռնարկում է մի շարք միջոցառումներ: Ըստ Ռ. Մարանդյանի՝ դատական պրակտիկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացվում է ծառայողների վերապատրաստում: Բացի այդ, վարչական ակտերի՝ օրենքի պահանջներին համապատասխանությունը ապահովելու նպատակով  ուժեղացվում են ներքին վերահսկողական մեխանիզմները:

«Այս միջոցառումները նպատակ ունեն արդար վարչարարության միջոցով նվազեցնելու վարչական ակտերի բողոքարկման դեպքերը»,- նշել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետը:

 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter