HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

DizakArt և «Տիեզերք». համագործակցություն՝ Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով

Փետրվարի 26-ին Երգի պետական թատրոնում «DizakArt» կազմակերպության սաները «Տիեզերք» խմբի հետ համերգ տվեցին, որը զուգորդվեց պատմություններ բացահայտող ինստալացիայով՝ «Մենք պատերազմ չենք, մենք սահմաններ չենք, մենք թվեր չենք, մենք մեր երգերն ենք» խորագրով, նվիրված Արցախի մշակույթի պահպանմանը և տարածմանը։

2023-ի սեպտեմբերին Արցախի կորստից հետո «Տիեզերք» խմբի ստեղծագործական թիմը նվիրվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը։ Հետազոտությունների շնորհիվ խմբի հիմնադիրներ Լուսինե Գալստյանը եւ Էլիզա Բաղդիյանը հավաքագրել են գրեթե մոռացված յոթ ավանդական երգ։ Նախաձեռնությունը, որ կոչել են «We Are Our Songs» («Մենք մեր երգերն ենք») հարթակ է, որտեղ հավաքվել են գաղափարակից մարդիկ, որոնք համախմբվում, տոնում և պահպանում են Արցախի մշակութային ժառանգությունը։

Աննա Շաբուրյանը Հադրութի շրջանի Տող գյուղից է, նախաձեռնության մասնակիցներից մեկը։
««DizakArt» հաճախում եմ արդեն երեք տարի։ Այն ինձ համար փոքր Արցախն է։ «DizakArt»-ում ես ինձ Արցախում եմ զգում, իմ տանն եմ զգում»,- ասում է Աննան։

2020 թվականի 44-օրյա պատերազմի և Հադրութի շրջանի օկուպացիայի արդյունքում շրջանի ողջ մշակութային և պատմական ժառանգությունը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ։ 2021 թվականին Երևանում բացվեց DizakArt մշակութային և երիտասարդական կենտրոնը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց նույնանուն հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպության հիմնադիրներն են՝ Հադրութից տեղահանված Երազիկ Հայրիյանը, Լիաննա Պետրոսյանը և Գայանե Բուդաղյանը։ Կազմակերպության նպատակը Հադրութի շրջանի փրկված նյութական և ոչ նյութական մշակութային ու պատմական արժեքների պահպանումն է։

Երազիկ Հայրիյանը նշում է․ «2020 թվականի Հադրութի անկումից հետո կարիք առաջացավ ստեղծել մի միջավայր, որտեղ և՛ երիտասարդները, և՛ երեխաները, և՛ մեծերը իրենց տեսնեն, իրենց զգան Արցախում։ Մեր նպատակն է այս երեխաների միջոցով հանրահռչակել, սերունդներին փոխանցել արցախյան բարբառը, սովորույթները, մշակույթը»։

«DizakArt»-ը գործում է Երևանում և Աբովյանում։ Այնտեղ անվճար հիմունքներով սովորում են Արցախից տեղահանված երեխաները։ Այսօր կենտրոնում սովորում է մոտ 166 աշակերտ։ Նրանց ուսուցանում են ազգային երգ, պար, նկարչություն, թատերական և կիրառական արվեստ։

««DizakArt»-ն արդեն 5 տարեկան է։ Բեմի երեխաները մեր առաջին սերնդի աշակերտներն են։ Նրանք այնքան են հմտացել, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կարողացան ամբողջությամբ յուրացնել և ներկայացնել այս ծրագիրը»,- ասում է Երազիկ Հայրիյանը։

Կենտրոնի երեխաները մասնակցել են տարբեր մրցույթների, այդ թվում՝ Հայաստանում և արտերկրում։ 2024-ին «DizakArt»-ի աշակերտներից մեկը Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում անցկացված նկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ Շատերը բարձր միավորներով ընդունվել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներ։

Հասարակական կազմակերպությունը արցախյան բարբառով մշակութային միջոցառումներ և թատերական ներկայացումներ է կազմակերպում։

«Մենք մեր տաղանդավոր երեխաների կողքին ենք, և մեր նպատակն է նրանց ոգևորել, քանի որ նրանք դրա կարիքն ունեն։ Ընտանիքներում սոցիալական խնդիրները շատ են, և ծնողների համար մեծ բեռ է, որ երեխաները հաճախեն վճարովի կենտրոններ»,- հավելում է Երազիկ Հայրիյանը։

Նրա խոսքով, մինչև 2023 թվականը Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրում, սակայն այժմ կենտրոնը գործում է բացառապես անհատ բարերարների և կամավորների միջոցով։

Երազիկ Հայրիյանը Արցախում ևս զբաղվել է մշակութային գործունեությամբ։ Նա ղեկավարել է Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը, ինչպես նաև քանոն դասավանդել երաժշտական դպրոցում։

«Տիեզերք» խմբի հիմնադիրները՝ Լուսինե Գալստյանն ու Էլիզա Բաղդիյանը, նշում են․
«2020-ից հետո զգում էինք ինքներս մեզ ու արցախյան մշակույթը ավելի լավ ճանաչելու, այն ապրեցնելու և աշխարհի հետ մշակույթի լեզվով խոսելու կարիքը։ Սա մեծ ու կարևոր նախագիծ է մեզ համար, և շնորհակալ ենք բոլոր նրանց, ում ոգեշնչել է այս գաղափարը և ովքեր դարձել են գաղափարակից։ Ճանապարհի սկզբում կանգնած էին ուժեղ մարդիկ, որոնք, կորցնելով ամեն ինչ, խիզախել են մեզ հետ կիսվել իրենց երաժշտությամբ։

Մենք հավատում ենք, որ արվեստն ունի ուժ բերելու փոփոխություն, միասնություն և ինքնաճանաչողություն։ Մեր համագործակցության նպատակը արցախյան մշակույթի տարածումն է։ Ցանկանում ենք, որ այն ոչ միայն ունենա պատմություն, այլև ապագա։ Մեր ձայներն ավելի բարձր հնչեցնելու համար մենք որոշեցինք երգել, քանի որ մենք պատերազմ չենք, սահմաններ չենք, թվեր չենք, մենք մեր երգերն ենք»։

«Տիեզերք» խմբի և «DizakArt»-ի համագործակցությունը սկսվել է 2020 թվականին, երբ համատեղ արվեստի ճամբարներ են կազմակերպել Արցախից տեղահանված երեխաների համար։

Նախագիծն իրականացվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ։

«Տիեզերք» խմբի համահիմնադիրները՝ Լուսինե Գալստյանն ու Էլիզա Բաղդիյանը, պատմում են, որ խումբը ստեղծվել է դեռևս դպրոցական տարիներին՝ «Երաժշտական լաբորատորիա» առարկայի շրջանակում, երբ սովորում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

«Դասերի ընթացքում սկսեցինք միասին նվագել, երգել։ Մեզ միավորում էր ազգային երաժշտությունը, իսկ կրթահամալիրը հնարավորություն էր տալիս ազատ ներկայացնելու մեր աշխատանքները։ Մինչ այսօր մեզ աջակցում են, մեր կողքին են։ Սկսեցինք գրել երգեր՝ «Տիեզերք»-ի երգերը, որոնց խոսքերն ու երաժշտությունը մերն են։ Ստեղծագործում ենք, երգում այն ամենի մասին, ինչ կատարվում է մեր շուրջը և մեր մեջ»։

Սա երկու խմբերի առաջին համատեղ կատարումն էր, իսկ նրանք պլանավորում են շարունակել համագործակցությունը նաև այլ ժանրերում։

Անահիտ Դիվանյան, Էլեն Մինասյան

Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի

Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի

Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter