
Մանե Թանդիլյանը, Արտավազդ Ալավերդյանն ու Վարդան Ավագյանը հացադուլ են սկսում՝ որպես խնդրանք Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և 2 քաղաքացիներ՝ Արտավազդ Ալավերդյանն ու Վարդան Ավագյանը, Ազատության հրապարակում հացադուլ են սկսում՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու իր կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը։ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է․
«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։
Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։
Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։
Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։
Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։
Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ...»։
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ ի նշան Բաքվում իրականացվող կեղծ դատավարության։ Նա դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ «Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,- նշել էր նա։
Հացադուլի առաջին շաբաթվա վերջում Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Չնայած դրան՝ նրան ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին։
Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել